«Հանրային ընդվզում չի լինում քաղաքական ուժերի պատճառով»
17:52, April 17, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՆախընտրական շրջանում տարբեր հաստատությունների աշխատակիցներին ճնշելու և նրանց միջոցով ձայներ հավաքագրելու գործընթացը նաև կարող է Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում կիրառվել, քանի որ դա միակ ճանապարհն է, որով ՀՀԿ-ն կարող է հաղթանակ տանել Երևանում: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով ՍԱՍ գրուպի աշխատկիցների մասով հրապարակված հայտնի ձայնագրությանն ու այս երևույթի տարածմանն ընտրական շրջանում:
Սաքունցի խոսքով՝ այս դեպքը ոչ թե բացառություն է, այլ օրինաչափություն և գործելակերպ: Եվ դա պայմանավորված է ՀՀԿ-ի՝ իշխանության ունենալու փաստով:«Քանի դեռ ՀՀԿ-ն իշխանություն է հանդիսանում, այդ գործելակերպը շարունակվելու է, որովհետև դա միակ ձևն է, որով ՀՀԿ-ն կարող է իր իշխանությունը պահպանել: Դա իր բնույթով կոչվում է անպատժելիություն: Այն է՝ ընտրողների կամքի ազատության սահմանափակումը և ընտրողներին պարտադրելը, որպեսզի ընտրությանը քվեարկեն ՀՀԿ օգտին՝ վախի ազդեցության ներքո: Ուրիշ գործիք, նկատի ունեմ ծրագիր, քարոզչություն, այլ քաղաքական գործիքներ ՀՀԿ-ն չունի, որ առաջարկի մարդկանց: Եթե նույնիսկ ունենա էլ, դրանք սնանկ են, որևէ նշանակություն չեն կարող ունենալ ընտրողի համար, որովհետև ընտրողը գտնվում է լուրջ խնդիրների մեջ»,- ասաց իրավապաշտպանը:
Ըստ նրա՝ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ կլինի՞ իրական հնարավորություն, որպեսզի ընտրողը վստահի որևէ այլ քաղաքական ուժի և չնայած ճնշումներին, քվեարկի այդ քաղաքական ուժի օգտին՝ պարտության մատնելով ՀՀԿ-ին, սա հարց է, որն այսօր մնում է օրակարգում:
«Այլ տարբերակ, քան ընտրողի կողմից չքվեարկել ՀՀԿ օգտին, չեմ տեսնում: Բայց մյուս կողմից էլ մենք լավ հասկացանք, որ քանի դեռ թե պետական ու համայնքային հաստատությունների աշխատողների, հանձինս դպրոցների տնօրենների, թե բիզնես ոլորտում աշխատողների նկատմամբ այդ ճնշումների համակարգը չի հաղթահարվել, քանի դեռ պայմաններ չեն ստեղծվել, որ ընտրողը լինի ազատ, մենք ազատ ու արդար ընտրություններ ակնկալել չենք կարող: Այս կոռուպցիոն համագործակցությունը, որի հիման վրա իշխանությունը զուտ ձևական թվեր է ստանում տարբեր կեղծիքներով ու հակաժողովրդավարական միջոցներով, կարող է հաղթահարվել, երբ որ իրապես լինի մրցակցություն»,- ասաց Սաքունցը:
ՀՀԿ-ի մոնոպոլիան բոլոր բնագավառներում կարող է հայթահարվել միայն մրցակցության արդյունքում: Իսկ դրան, ըստ Սաքունցի, կարող են հասնել քաղաքական ուժերը, երբ որ կարողանան այդ իրական մրցակցությունը ձևավորել, ոչ թե լռության մատնել իշխանությունների կողմից քրեական աշխարհի հետ համագործակցության, վարչական ռեսուրսների կազմակերպված ու զանգվածային չարաշահման փաստերը:
«Դրանք չեն ստանում հանրային ընդվզում զուտ քաղաքական ուժերի պատճառով: Ձգտող քաղաքական միավորները կամ կուսակցություններն իրենք պետք է այդ խնդիրները ոչ միայն բարձրաձայնեն, այլ հետամուտ լինեն այդ խնդիրների լուծմանը և այդ ուղղությամբ հանրային մոբիլիզացիա իրականացնեն: Բայց մենք տեսնում ենք հանրային մոբիլիզացիայի բացակայությունը և ավելի շատ տեսնում ենք լռելայն համաձայնություն ՀՀԿ և Սերժ Սարգսյանի կողմից թելադրված խաղի կանոններին»,- ասաց նա:Եվ այս պայմաններում, իրավապաշտպանի խոսքով, որևէ մեկն իրավունք չունի ընտրողին դատապարտել: Հանրությանը պետք է տրվի հնարավորություն՝ գործողությունների, մոբիլիզացիայի, ընդվզումների միջոցով փոխելու այս իրավիճակը:
Իսկ իրավապահ մարմինների վրա, ըստ նրա, հույս դնել պետք չէ: Սաքունցը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազությունը դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների մասով 114 ձայնագրություններից միայն մեկում հանցակազմ տեսավ և մինչև հիմա դանդաղկոտություն է ցուցաբերում այդ գործով: Դատախազությունը «Էլեկտրիկ Երևան» ակցիայի գործերով մինչև օրս դեռևս հետամուտ չի եղել ոստիկանության աշխատակիցներին պատասխանատվության ենթարկելու հարցում, նույնը վերաբերում է Սարի թաղի դեպքերին:
«Այսինքն՝ դատախազությունը հետամուտ չի եղել պաշտոնատար անձանց ապօրինություններին իրավական գնահատական տալու հարցում: Սերժ Սարգսյանը մարդկանց բռնության ենթարկելու հրաման տված Լյովա Երանոսյանին պարգևատրում է, ոստիկանական բարձր կոչում է տալիս: Այսինքն՝ այս անպատժելիության պարագայում հույս ունենալ, որ ընտրությունները կարող են բովանդակային նշանակություն ունենալ, անհեթեթություն է», ասաց նա: