Դատարանը Երևանի քաղաքապետարանի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչեց
10:12, April 20, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն2017 թ. ապրիլի 19-ին ՀՀ վարչական դատարանում հրապարակվեց Երևանի քաղաքապետարանի դեմ Արմինե Թանգիյանի և վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի հայցի քննության արդյունքում կայացված վճիռը:
Դատարանը Ա. Թանգիյանի դիմումի հիման վրա վարչական ակտ չկայացնելու՝ Երևանի քաղաքապետարանի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչեց: Իսկ դիմումի հիման վրա վարչական վարույթ չհարուցելու գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու մասով հայցը մերժվեց:
Հիշեցնենք՝ 2016 թ. հունիսի 2-ին Ա. Թանգիյանը դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանին՝ շենքի առաջին և նկուղային հարկերում գործող «Սպորտ Փաբի» կողմից, առանց համապատասխան թույլտվության, բացօթյա ծառայություններ մատուցելու և 24:00-ից հետո աշխատելու դեպքերի առթիվ վարչական վարույթ հարուցելու ու պատասխանատվության միջոցներ կիրառելու պահանջով, սակայն Երևանի քաղաքապետարանն անգործություն է ցուցաբերել: