Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեն իր մտահոգություններն է ներկայացրել ՀՀ Կառավարությանը
16:31, April 20, 2017 | Նորություններ, Սեփական լրատվությունՀաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեն Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կատարման վերաբերյալ իր եզրափակիչ դիտարկումներն է ներկայացրել Հայաստանի Հանրապետության զեկույցի վերաբերյալ:
ՀՀ Կառավարությունը իր զեկույցը ներկայացրել էր Կոմիտեի 17-րդ նստաշրջանում՝ 2017 թ. մարտի 29-30-ը:
Իր դիտարկումներում Կոմիտեն մտահոգություն է հայտնել, մասնավորապես, Սահմանադրության վերանայված տարբերակում և «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021 թվականների համալիր ծրագրում» «հաշմանդամության կանխարգելման և բուժման» հասկացությունների կիրառման հետ կապված: Դրան Կոմիտեն անդրադառնում է նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ Կոնվենցիային չհամապատասխանելու համատեքստում:
Կոմիտեն մտահոգություն է հայտնում ՀՀ կողմից Կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը չվավերացնելու և միայն բժշկական մոդելի հիման վրա, առանց սոցիալական և հասարակական գործոնները հաշվի առնելու, հաշմանդամությունը ճանաչելու մոտեցման վերաբերյալ:
Այս համատեքստում Կոմիտեն, ի թիվս այլ առաջարկների, Հայաստանի Հանրապետությանն առաջարկում է վերանայել օրենսդրությունը և պլանները, որոնք առնչվում են հաշմանդամության կանխարգելմանն ու բուժմանը, և առաջարկում է դրանք համապատասխանեցնել հաշմանդամության՝ մարդու իրավունքների վրա հիմնված մոդելին՝ վերանայելով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որպեսզի այն համապատասխանի Կոնվենցիային և Կոմիտեի ընդհանուր մեկնաբանություններին: Կոմիտեն ուղղակի հորդորում է վավերացնել Կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը, որով Հայաստանի Հանրապետությունը կճանաչի անհատական բողոքներ ներկայացնելու իրավունքը:
Իր դիտարկումներում Կոմիտեն, հաշվի առնելով հայաստանյան ՀԿ-ների, այդ թվում՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացված զեկույցները՝ անդրադառնում է նաև հավասարությանն ու խտրականության բացառման խնդրին, և առաջարկում արագացնել հակախտրականության մասին օրենքի նախագծի ընդունումը՝ ապահովելով, որ այն ներառի հանրային և մասնավոր հատվածներում հաշմանդամության հիմքով խտրականության սահմանումը: Կոմիտեն առաջարկում է նաև հիմնել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտման դեպքերում պատժամիջոցներ կիրառելու մեխանիզմներ:
Անդրադառնալով օրենքի առջև հավասարության սկզբունքին՝ Կոմիտեն պետությանը առաջարկում է ուժը կորցրած ճանաչել Սահմանադրության և «Քաղաքացիական դատավարության» ՀՀ օրենսգրքի խտրական դրույթները, վերականգնել հաշմանդամություն ունեցող անձանց համար լիարժեք իրավունակությունն ապահովող դրույթները և ներկայացնել որոշումների կայացման աջակցության համակարգ:
Կոմիտեն մտահոգիչ է համարում նաև սոցիալ-հոգեբանական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց՝ խանգարման հիմքով կալանավորումը և առաջարկում արգելել այն, ներառյալ ոչ հոժարակամ հոսպիտալացումը և հարկադիր ինստիտուցիոնալացումը, ինչպես նաև ոչ կոնսենսուսային հոգեբուժական բուժումը. ապահովել, որ ազատազրկման բոլոր վայրերը, ներառյալ բնակելի, հոգեբուժական և քրեակատարողական հաստատությունները, ունենան հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց կարիքներին համապատասխան կենսաապահովման պայմաններ:
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ բռնությունների և դաժան վերաբերմունքի դեպքերի բարձր ցուցանիշը՝ Կոմիտեն առաջարկում է ձեռնարկել օրենսդրական և գործնական միջոցներ՝ պաշտպանելու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները:
Անկախ ապրելու և համայնքում ներառված լինելու իրավունքի ապահովման ուղղությամբ կոմիտեն առաջարկում է արագացնել հատուկ հաստատությունների ապաինստիտուցիոնալացման գործընթացը և առանց հետաձգման իրականացնել դրա գործողությունների պլանը, ներառյալ՝ բոլոր հաստատությունների փակման ժամանակացույցը՝ գործընթացին ներգրավելով նաև հաշմանդամություն ունեցող անձանց:
Կոմիտեն առաջարկում է նաև ապահովել արդյունավետ, անկախ, մարդու իրավունքների վրա հիմնված մոնիթորինգի մեխանիզմ բոլոր բնակելի և մասնագիտացված հաստատություններում՝ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ։
Կոմիտեն մտահոգված է ազգային մոնիթորինգի մեխանիզմին տրամադրվող անբավարար ռեսուրսների փաստով և հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունների՝ մոնիթորինգի գործընթացում ոչ բավարար մասնակցությամբ, և առաջարկում է ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք մասնակցությունը մոնիթորինգի գործընթացում։
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կատարման վերաբերյալ ՀՀ հաջորդ զեկույցի ներկայացման վերջնաժամկետն է 2020 թվականի հոկտեմբերի 21-ը:
Տես նաև՝ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի/ՀՈՒԱԻԿ այլընտրանքային զեկույց