«Ուզում են աղքատ մարդկանց խայծ տալով՝ գայթակղել, որպեսզի պետության պաշտպանության խնդիրները լուծեն». Արթուր Սաքունց
17:27, April 21, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԲանակի վերաբերյալ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի առաջ քաշած մոդելների հիմնավորվածությունը պետք է ներկայացվի հանրությանը, ինչը չի արվում: «Մեդիալաբի» հետ զրույցում այս մասին ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով Ազգ-բանակի շրջանակներում Վիգեն Սարգսյանի արած առաջարկներին: Ըստ Սաքունցի՝ իրականում նման առաջարկներ առաջ քաշելու պատճառն այն է, որ զինված ուժերը գրավիչ չեն ծառայության համար, և երկրում ունենք ժողովրդագրական լուրջ խնդիրներ:
Հիշեցնենք, որ Վիգեն Սարգսյանը բանակում ծառայության վերաբերյալ երկու մոդել է դրել շրջանառության մեջ: Առաջին մոդելով նախատեսվում է ծառայության ժամկետի երկարաձգում՝ 2-ից դարձնելով 3 տարի: Այն նորակոչիկները, ովքեր ցանկություն կհայտնեն ծառայությունն իրականացնել մարտական հերթապահություն իրականացնող զորամասում, իրավունք կստանան անցնելու ծառայության նոր տեսակի` ժամկետային պայմանագրային: Ծառայությունը կտևի 3 տարի, սակայն դրանցից գումարային 7 ամիս զինծառայողը կանցկացնի ազատ արձակման մեջ:
Ծառայության ավարտին նրանց անձնական հաշվին կփոխանցվի շուրջ 5 մլն դրամ:
Երկրորդ մոդելով նախատեսվում է բուհական տարկետումը կապել ապագա սպայական ծառայության հետ: Պետական հավատարմագրում ունեցող (պետական կամ մասնավոր) բուհ ընդունված յուրաքանչյուր երիտասարդ իրավունք ունի դիմելու այդ ծրագրում ընդգրկվելու համար: Այդպիսով, բարձրագույն կրթություն ստացած քաղաքացին կարողանալու է ավելի բարձր մակարդակում իր ծառայությունը բերել հայրենիքին՝ մրցունակ աշխատավարձով, որն ամսական կկազմի առնվազն 260 հազար դրամ:
«Բացարձակապես չի հիմնավորվում, թե որն է այս երկու հայեցակարգերի ներկայացման պատճառը: Ընդամենն առաջարկ է արվում: Իսկ նման ձևով առաջարկի ներկայացնումը, առանց բացատրելու դրա անհրաժեշտությունը, հիմնավորվածությունը, նաև, թե ինչն է պատճառը, որ մինչև հիմա առանց այդ համակարգի հնարավոր էր զինված ուժերի կենսագործունեությունն ապահովել, իսկ հիմա միանգամից առաջացավ նման լուծումների անհրաժեշտությունը, խաբեություն է»,- «Մեդիալաբին» ասում է Սաքունցը:
Ըստ նրա՝ եթե չի ներկայացվում հիմնավորում, հետևաբար նաև հասկանալի չէ, թե արդյոք այս ծրագիրը լուծումներ տալու է այն խնդիրներին, որոնց մասին բարձրաձայնում են:
«Այսինքն՝ դա խաբեության ամբողջ մեխանիկան է»,- հավելեց իրավապաշտպանը:
Սաքունցի խոսքով՝ իրականում բոլորս լավ գիտենք, որ նման առաջարկներ առաջ քաշելու պատճառն այն է, որ առաջինը, զինված ուժերը գրավիչ չեն ծառայության համար: Երկրորդ, երկրում ունենք ժողովրդագրական լուրջ խնդիրներ, քանի որ հենց Սերժ Սարգսյանի նախագահության օրոք մեծ թվով ՀՀ քաղաքացիներ ընդմիշտ հեռացել են երկրից:
«Այսինքն՝ իրենք մի ձեռքով շատ անարդյունավետ քաղաքականություն են իրականացնում, որի հետևանքով երկիրն ինքնին գրավիչ չէ ապրելու համար, և մարդիկ իրենց գոյությունն ապահովելու պատճառով ստիպված են երկրից հեռանալ, մյուս կողմից առաջարկ են անում զինված ուժերում ծառայության համար: Այսինքն՝ ինքն արատավոր է ամբողջ էությամբ, որովհետև դու փոխանակ փոփոխություններ կատարես քաղաքականության, տնտեսության, սոցիալական, կրթության բնագավառներում, հենց նույն զինված ուժերում, դու փորձում ես այդ փոփոխությունները չկատարելով՝ ինչ-որ ծրագիր իրականացնել, որի միջոցով ուզում ես լուծել խնդիրները»,- ասաց իրավապաշտպանը:
Արթուր Սաքունցի խոսքով՝ հաշվի առնելով, որ երկրում աղքատության մակարդակը գնալով ավելանում է, դուրս է գալիս, որ այդ առաջարկն ընդունողների հիմնական զանգվածը լինելու են սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչները, որոնք առանց այն էլ իրենց կենսական միջոցները հայթայթելու հնարավորություն չունեն: Եվ ստացվում է, որ մարդիկ կրկնակի ու եռակի շահագործման են ենթարկվում:
«Այսինքն՝ քիչ է, որ պատշաճ կրթություն չեն կարողանում ստանալ, իրենց կենսական միջոցները չեն կարողանում ապահովել, հիմա էլ ուզում են այդ աղքատ մարդկանց նման խայծ տալով՝ գայթակղել, որպեսզի պետության պաշտպանության խնդիրները լուծեն: Այսինքն՝ այս արատավոր ու հանցավոր քաղաքականության ամբողջ ծանրությունն ընկնում է աղքատ խավի վրա: Եվ վերստին այդ սոցիալական անապահով խավի ներկայացուցիչներն են պաշտպանելու երկիրը մի քանի կոպեկի դիմաց»,- ասաց նա:
Ըստ Սաքունցի՝ սա ավելի է խորացնում սոցիալական անհավասարությունն ու անարարդարությունը, դա բարձրացվում է արդեն պետական այնպիսի մակարդակի, որն էլ ավելի է խորացնելու ճգնաժամը՝ թե տնտեսական, թե սոցիալական, թե քաղաքական ոլորտներում:
«Սա ինքնին պետություն հասկացողության ոչնչացման ծրագիր է: Սա ամբողջովին պարազիտային մտածողության և քաղաքականության ցայտուն դրսևորում է»,- ասում է իրավապաշտպանը: