«Բանակում տեխնիկական անսարքությունը ավտովթարների հիմնական պատճառն է»
16:32, May 11, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԵրկու օր առաջ` մայիսի 8-ին, երեք զինծառայող կորցրինք: Զինվորների մահվան պատճառը ոչ թե մարտական գործողությունների, այլ ճանապարհատրասնպորտային պատահարի հետեւանք էր:
Ըստ պաշտպանության նախարարության տվյալների՝ Ռուբեն Բարսեղյանը, Ռաֆայել Բիշարյանը եւ Ռուբեն Մնացականյանը ընկել են զորամասին հարակից ջրամբարը եւ ջրահեղձ եղել: Այս տարվա ընթացքում սա երկրորդ դեպքն է, որ զինվորները զոհվում են ավտովթարից: Անցյալ տարի` 2016-ին, ավտովթարի հետեւանքով 11 զինվոր է զոհվել: Ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է 2015-ին, երբ մահացության 76 դեպքից 19-ը ավտովթարի հետեւանքով է գրանցվել:
Այս տվյալները «Առավոտին» տրամադրեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Նրա կարծիքով՝ զինված ուժերում ընդհանուր մահացության կառուցվածքում ավտովթարից զոհվածները մեծ թիվ են կազմում, ինչը, փորձագետի համոզմամբ, հիմնականում զինտեխնիկայի անսարքության, մաշվածության եւ ոչ պատշաճ վերահսկողության հետեւանք է: 2013 թվականին մահացության 31 ընդհանուր դեպքերից հրադադարի խախտման հետեւանքով 5 դեպք է գրանցվել, մնացած 26-ից 6-ը ավտովթարից են զոհվել, այսինքն` ոչ մարտական մահեր են եղել:
2014-ին մահացության 46 դեպքից 26-ը հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով է եղել, մնացած 20-ը` ոչ մարտական մահ: 20-ից վեցն, ըստ պարոն Սաքունցի, ավտովթարից են մահացել:
Արթուր Սաքունցի խոսքով՝ ոչ մարտական պայմաններում մահացությունների թվի մեջ ավտոմեքենայի վարելու կանոնների խախտման կամ ավտովթարի հետեւանքով մահացությունների թիվը բավական լուրջ է:
Թե որոնք են ավտովթարների իրական պատճառները՝ Արթուր Սաքունցն ասում է, որ իրենց հայտնի չէ, որովհետեւ գործի նյութերին ծանոթ չեն: Ըստ նրա՝ իրենց գրասենյակն այս դեպքերով հարուցված քրեական գործերի պրակտիկա չունի, քանի որ, որպես կանոն, ավտովթարից զոհված զինվորների հարազատները չեն բողոքում: Հիմնական բողոքները գրասենյակը ստանում է ինքնասպանության, սպանության դեպքերով:
Այդուհանդերձ, ինչպես պարոն Սաքունցն է ասում, երկարաժամկետ դիտարկման արդյունքում պարզել են, որ տեխնիկական անսարքությունը ավտովթարների հիմնական պատճառն է:
«Զինվորական տեխնիկան, որը պետք է տեխնիկապես սարքին վիճակում լինի, տեխնիկական զննություն անցած լինի, ցավոք սրտի, այդ ծառայությունը պատշաճ որակի չէ: Ի դեպ, ասեմ, որ նույնիսկ ապրիլյան պատերազմական գործողությունների ընթացքում առնվազն երեք մահացության դեպք ենք արձանագրել, որ պայմանավորված են ոչ թե մարտական գործողությունների հետեւանքով, այլ վիրավորված զինվորներին տեղափոխող բժշկական տեխնիկան անսարք է եղել, եւ մեկուկես ժամ ուշացրել են բուժօգնություն տրամադրելը: Այս պահին մի դեպք Եվրադատարանում է: Բուժօգնության այդ ծառայության մեքենան ոչ թե ուշ է մոտեցել, այլ ճանապարհին փչացել է»: Արթուր Սաքունցը հիմնական խնդիրներից է համարում հրահանգավորումը, այսինքն` մեքենայի վարման կանոնների պահպանումը. «Զինծառայող վարորդների պատշաճ հրահանգավորումը ոչ միայն սարքինությամբ է պայմանավորված, այլեւ հենց զինվորական տեխնիկայի վարելու ոչ պատշաճ իմացությամբ»: Ըստ պարոն Սաքունցի՝ հնարավոր է զինտեխնիկայի շահագործման ժամկետի հետ կապված հարցեր լինեն կամ պահեստամասերի պատշաճ մատակարարման, ընթացիկ վերանորոգման հետ կապված խնդիրներ. «Դրանք ամենաչերեւացող, բայց անընդհատ աշխատանք պահանջող գործերն են եւ նաեւ բավական լուրջ զինվորական ծառայության ստվերային տնտեսությունը կազմող բնագավառ, որովհետեւ ահագին միջոցներ են այդտեղ հատկացվում: Որքանով են այդ միջոցներն արդյունավետ օգտագործվում, կա՞ պատշաճ վերահսկողություն արդյոք թե պահեստամասերի տրամադրման քանակի, որակի եւ թե նրանց իրացման, օգտագործման հետ կապված: Դրա մասին մենք իմանում ենք միայն այդ դժբախտ դեպքերի արդյունքում: Թե ինչ ծառայողական քննություն է իրականացվում, եւ արդյո՞ք այդ ծառայողական քննության հիման վրա այդ եզրակացությունները կամ ամփոփումները ընդունվում են ի գիտություն, կամ որքանով են արդյունավետ լինում ընդհանրապես ուժեղացնելու այդ աշխատանքների նկատմամբ հսկողությունը՝ դրանք հարցեր են, որոնք մնում են անպատասխան ու անպատիժ»:
Անդրադառնալով մայիսի 8-ին ավտովթարից զոհված երեք զինվորների միջադեպին՝ Արթուր Սաքունցն ասաց, որ մեքենայի տեխնիկական վիճակը պետք է ստուգվի, փորձագետը տա համապատասխան եզրակացությունը, պետք է նաեւ շատ լուրջ ուսումնասիրվի` արդյոք մեքենայի շահագործման կանոնները պահպանվե՞լ են, թե՞ ոչ. «Առավել հավանական է, որ տեխնիկական անսարքության կամ որոշակի խնդիրներն են հանդիսացել պատճառը, բայց սովորաբար դա էլ է հարց: Եթե քրեական գործով ներգրավված չենք, չենք կարող ասել. տեսե՞լ եք, որ որեւէ մեկը դրա համար պատասխանատվություն կրի, սովորաբար վարորդներին կամ այդ մակարդակի մարդկանց են մեղադրանք առաջադրում»: