Աղբն արդեն գարշահոտություն է տարածել. Իրավապաշտպանը՝ Վլադիմիր Գասպարյանին
23:35, May 13, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Այն, որ ընտրակաշառք են բաժանում, այն, որ վարչական ռեսուրսներն են օգտագործում իշխանությունները՝ իրենց վերարտադրվելու համար, նորություն չէ, պարզապես հիմա դրա վերաբերյալ փաստեր հայտնաբերվեցին, արձանագրվեցին։ Բավական լուրջ հիմնավորումներ կան ընտրակաշառքների գոյության փաստի վերաբերյալ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով օրերս Տարոն Մարգարյանի շտաբերում «Ելք» դաշինքի կողմից հայնաբերված ընտրակաշառքներին, ցուցակագրումներին ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը։
Մյուս կողմից՝ ըստ Սաքունցի զարմանալի չէ, որ իրավապահ մարմինները՝ բոլորը, ըստ էության, կաթվածահար վիճակում հայտնվեցին՝ չիմանալով, թե ինչ անել, ինչպես վարվել.« Որովհետև իրենք միշտ գտնվել են նման հանցագործությունները անտեսելու, նման հանցագործությունների վերաբերյալ չարձագանքելու կամ օրենքով սահմանված կարգով իրենց լիազորությունները չկատարելուն ուղղված դանդաղկոտություն ցուցաբերելու տիրույթում: Եվ հիմա, երբ ակնառու փաստեր են արձանագրվում, հերթական անգամ համակարգը չգիտի, թե ինչպես վարվի, որովհետև ինքնապաշտպանվելու կամ անտեսելու հնարավորությունը շատ անհեթեթ է երևում ազգային հանրության աչքին,-ասաց մեր զրուցակիցը։
Սաքունցը հիշեցնում է՝ ՊՊԾ գնդում երբ «Սասնա ծռեր»-ի կողմից մի շարք նյութեր հրապարակվեցին, դրանց վերաբերյալ ոստիկանությունը հանրությանը չներկայացրեց որևէ բացատրություն, թե ինչով է պայմանավորված այդ ժամացույցի և ժամանակացույցի այդ խայտառակ պատմությունը.«Եվ ընդհանարապես ոչ թե ինչով է պայմանավորված, այլ ինչ արվեց նման վարքագիծ կամ մոտեցում ցուցաբերած կամ նման կենսակերպ ունեցող ոստիկանների հետ: Իրավապահ մարմինները շարունակաբար գտնվում են անգործության վիճակում, երբ խոսքը վերաբերում է քաղաքական զգայուն թեմաներին, և հատկապես այդ թեմաները վերաբերում են իշխանության շահերին կամ այդ քաղաքական զգայուն թեմաներում ոստիկանությունը գտնվում է անգործության մեջ, երբ որ պետք է կատարի գործողություններ, որոնց արդյունքում կարող է բացահայտվել իշխանության ապօրինությունը։ Այսինքն՝ այստեղ ոչ միայն ոստիկանության մասին է խոսքը, այլ նաև հենց Գլխավոր դատախազության, Հատուկ քննչական ծառայության և սա գալիս է հերթական անգամ արձանագրելու, որ անպատժելիությունն իրապես ունի համակարգային բնույթ»։
Ըստ մեր զրուցակցի՝ պետք է արձանագրել հիմնական ախտորոշումը, որ ընտրությունների ժամանակ քրեորեն հետապնդելի գործողությունները կամ ընտրական գործընթացների խախտումները չեն համարվում ծանր հանցագործություն, որոնց ուղղությամբ իրավապահ մարմինները ջանք գործադրեին այդ խախտումները վերացնելու, խախտումներ կատարողներին բացահայտելու, պատասխանատվության ենթարկելու.« Այսինքն՝ մենք գործ ունենք մի փաստի հետ, որ մի դեպքում ոստիկանությունն իր ամբողջ զինանոցը գործի է դնում, բնականաբար քաղաքական հրահանգի հիման վրա, ընդդեմ ընդդիմության, մյուս կողմից՝ բացարձակ անգործության է մատնվում, երբ որ ընտրական խախտումներ են կատարվում իշխանության կողմից: Տարբերակված, ընտրողական մոտեցումը, ոստիկանության, որպես իրավապահ մարմնի, մյուս իրավապահ մարմինների՝ դատախազության, Հատուկ քննչական կոմիտեի և այլն, պարզապես կազմաքանդում է, ոչնչացնում է նրաց նկատմամբ առանց այն էլ ցածր հանրային վստահությունը և այդ ամենն արվում է միայն մեկ նպատակով, որպեսզի ապահովեն իշխանության վերարտադրությունը՝ թե՛ ազգային մակարդակում, թե՛ տեղական մակարդակներում»։
Իսկ այդպես արդյոք մաքրվում է օրերս ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից հիշատակված աղբը, հարցին ի պատասխան իրավապաշտապնն արձագանքեց.«Այն, որ ընդհանրապես աղբ կա իշխանությունում, դա նորություն չէ, դա փաստ է, որը բազմիցս արձանագրվել է ամենատարբեր դեպքերով, տարբեր երևույթների ժամանակ՝ թե՛ ընտրական, թե՛ ոչ ընտրական: Խնդիրն այն է, որ պատշաճ կամ համարժեք ջանք չի գործադրվում աղբը մաքրելու համար: Աղբը տարիների ընթացքում կուտակվել է և արդեն գարշահոտություն է տարածել, և այս գարշահոտության ու աղբի մեջ գործելն այլևս անհնար է, և աղբի հավաքման հիմնական պատասխանատուն հենց իշխանությունն է, որովետև թաղված է աբի մեջ»։
Սաքունցը հավելում է՝ ուզենք թե չուզենք, դա մեր իշխանությունն է, բայց քանի դեռ աղտոտված է, իշխանությունը չի կարող լինել ժողովրդինը, և հիմա այդ աղբը փորձել տարածել ամբողջ հանրային դաշտում՝ հասարակական, քաղաքական դաշտում, և դրա միջոցով փորձել արդարացնել սեփական աղբի գոյությունը, պատասխանատվությունից խուսափել է.«Այդ տրամաբանությունն է գործում, առաջին հերթին պետք է սեփական աղբը մաքրել, աղբը մաքրելու օրինակ ցույց տալ աղբը մաքրելու կարողության, որը կդառնա ուղենիշ հանրության համար: Բայց հանրությունը և քաղաքական և ընդհանրապես կառույցները տեսնում են, որ աղբը ոչ թե մաքրելու, այլ աղբն անընդհատ կուտակելու, ավելին՝ աղբը որպես ստանդարտ ներկայացնելու միտում կա: Ուզում եմ հիշեցնել Պարոն Գասպարյանին, որ Երանոսյանին ոստիականական բարձր պաշտոն տրվեց հենց այդ աղբային գործողություններից հետո: Այնպես որ աղբի հովանավորին ուղղեք հարցը, աղբը մաքրելուն դեմ քայլ կատարող կամ աղբը մաքրելուն դեմ լինող ղեկավարին պետք է ուղղել հարցադրումները»։