Ո՞վ է պատասխանատու զինված ուժերում մահվան դեպքերի համար
14:52, May 21, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժեր2017 թվականի հունվարի 1-ից մինչև մայիսի 20-ը հայկական զինուժում 28 մահվան դեպք է գրանցվել, որից 11-ը՝ հակառակորդի գնդակից, իսկ 17-ը՝ վթարների, սպանության և ինքնասպանության հետևանքով:
Թե ինչն է զինված ուժերում առկա իրավիճակի պատճառը, և ովքեր են պատասխանատու խաղաղ պայմաններում զոհեր ունենալու համար, globnews.am-ը փորձեց պարզել՝ զրուցելով իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ:
«Այս ամենի համար անմիջական պատասխանավտություն են կրում գլխավոր շտաբի պետը և պաշտպանության նախարարը: Գլխավոր շտաբի պետը զինվորական պատրաստության, մարտական հերթապահության կազմակերպման և կանոնադրական հարաբերությունների ձևավորման հիմնական պատասխանատուն է, իսկ պաշտպանության նախարարը պետք է վերահսկման մեխանիզմի դեր տանի՝ իրականացնելով ծառայողական պատշաճ քննություններ»,- նշեց Սաքունցը:
Իրավապաշտպանի խոսքով, վերջին տարիներին հրադադարի խախտումների հետևանքով մահացությունների դեպքերը կազմում են ընդհանուր դեպքերի 50-55 տոկոսը: «Չի պակասել ոչ մարտական գործողությունների հետևանքով զոհերի թիվը: Դա նշանակում է, որ ոչ մի վերահսկողություն չի իրականացվում ՊՆ կողմից: Բացի այդ, սպաները չունեն կրթվածության բարձր մակարդակ, կոռուպցիան դեռ իշխում է: Այսինքն՝ այս անմխիթար վիճակը մեկ գործոնով չի պայմանավորված: Որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվում իր սխալի համար: Օրինակ՝ զենիթահրթիռային համալիր ռմբակոծվեց, մի քանի տարի առաջ զորավարժությունների ընթացքում ուղղաթիռ խոցվեց, բայց որևէ մեկը պատասխանատվության չենթարկվեց: Թշնամուն հասանելի հատվածում զորավարժություններ անցկացնելը սպայի, հրամանատարական կազմի սխալն ու թերացումն է»,- նշեց Սաքունցը:
Մեր զրուցակցի համոզմամբ, այս ամենի լուծումն անպատժելիության վերացումն է. «Մենք պետք է մեր գործելաոճը փոխենք: Նույն Մովսես Հակոբյանը, ով գլխավոր շտաբի պետի պաշտոնում է, ընդհանրապես գործ չունի ՊՆ-ում: Բայց նա ունի հովանավոր, մեջք: Չկարծեք, որ միայն այս ոլորտում է վիճակը ծայրահեղ: Սա գլոբալ խնդիր է, որի լուծումը ժողովրդավար պետություն դառնալն է»: