Նժդեհի խոսքն ու «անհայտ» քսակավորները
18:29, May 30, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը խորհուրդ է տալիս ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին հրապարակել բոլոր այն մեծահարուստների անունները, ովքեր, ըստ նրա, պետք է դատարկեն քսակները հանուն Հայաստանի: Նշենք, որ օրերս Շարմազանովը հայտարարել էր. «Հայ մեծահարուստները պետք է դատարկեն իրենց քսակները հանուն Հայաստանի: Եթե մենք գնանք այդ ճանապարհով, կունենանք հզոր Հայաստան»:
Araratnews.am-ի հետ զրույցում միեւնույն ժամանակ Սաքունցը Շարմազանովի հայտարարությունը որակեց պոպուլիստական: «Այն արվում է մի մարդու կողմից, որը պատգամավոր է հանդես գալիս, եւ խոսք չի գնում օրինականության, օրենքի առջեւ բոլորի հավասարության սկզբունքի, կոռուպցիայի դեմ պայքարի, իշխանություն-քրեական աշխարհ սերտաճվածության մասին, ընդհանրապես Շարմազանովի հայտարարությունը արժեքային համակարգին առնչվող սկզբունքների հետ որեւէ առնչություն չունի, որն ամրագրված է գոնե Սահմանադրության դրույթներում»,- ասաց Սաքունցը, հավելելով, որ միայն օրինականության, հարկային պարտավորությունների կատարման, կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից հարցին մոտենալը կարող է բերել իրավիճակի փոփոխության:
«Այս իրավիճակն այնքան անմխիթար է, որ արդեն իրենք են խոսում դրա մասին, չնայած մոռանում են, որ դա իրենց 25 տարի իշխանություն իրականացնելու եւ իշխանության մեջ գտնվելու հետեւանքն է: Առնվազն պետք է քաջություն ունենալ, որ ասեն. պարոնա՛յք, մենք ձախողել ենք»,- ասաց իրավապաշտպանը: Նրա խոսքով` հիմա դիմել այսպես կոչված քսակավորներին, որպեսզի նրանք սեփական կամքով, «բարեգործական» նկատառումներից ելնելով, քսակները բացեն ինչ-որ խնդիրների լուծման համար, որի վերաբերյալ հստակություն չկա, պարզապես աչքակապություն է: «Այդ քսակավորները, ովքեր հայտնվել են, պետք է բացատրություն տան, թե ինչպես ստացվեց, որ երկրում ոչ թե պետական բյուջեն հարստացավ, այլ առանձին քսակավորներ հայտնվեցին, եւ այս խայտառակ, խեղված մոտեցումը, որը պետության ներկայացուցչի հայտարարություն չէ, այլ համայնքային մտածողության մարդու, անհամատեղելի է պետություն հասկացության հետ»,- ասաց Արթուր Սաքունցը:
Նա հարցադրում է անում, թե ովքեր են պատասխան տալու ստեղծված անպատժելիության մթնոլորտի, այդ քսակավորների ի հայտ գալու համար: «Այդքան քաջություն էլ չունեն: Եվ հետո` ովքե՞ր են այդ քսակավորները, թող մի հատ հանի էդ ցուցակը, երեւի թե ունի այդ քսակավորների ցուցակը, ովքեր մինչեւ հիմա թալանել են երկիրը»,- նկատեց իրավապաշտպանը:
Արթուր Սաքունցի կարծիքով` Շարմազանովի կոչը պետք է դիտարկել որպես Սերժ Սարգսյանի բերանից հնչող կոչ: Իսկ, ըստ իրավապաշտպանի, ամենամեծ օլիգարխը Սերժ Սարգսյանն է եւ իր մերձավորները:
Նշենք, որ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ ինքը մեջբերել է Գարեգին Նժդեհի խոսքը: