Ռազմիկ Պետրոսյանին զինծառայությանը պիտանի ճանաչելու որոշումը կրկին վիճարկվում է վարչական դատարանում
16:11, May 31, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերԶինծառայող Ռազմիկ Պետրոսյանին զինծառայության համար պիտանի ճանաչելու մասին՝ ՀՀ Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի 2016 թ. մարտի 3-ի նիստի որոշումը ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանի որոշմամբ կրկին առաջին ատյանի դատարանում է:
Ռազմիկ Պետրոսյանն ավելի քան մեկ տարի ծառայության մեջ է, և գրեթե ամբողջ ընթացքում ոտքերի այտուցվածության ու կոշտուկների պատճառով գտնվել է հոսպիտալում:
Վերոնշյալ որոշմամբ Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը վերջինիս պիտանի էր ճանաչել, սակայն նշել էր, որ ծառայությունը հնարավոր չէ կազմակերպել ստանդարտ կոշիկով և նրան, բացառության կարգով, կթույլատրվի կրել ոչ ստանդարտ կոշիկ:
Հաշվի առնելով այն, որ ոչ ստանդարտ կոշիկներ կրելը որևէ իրավական ակտից չի բխում՝ Ռ. Պետրոսյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը ԿՌԲՀ նիստի որոշումը վիճարկելու նպատակով 2016թ. հոկտեմբերի 7-ին դիմել է ՀՀ Վարչական դատարան: Դատարանը հայցը վարույթ չի ընդունել՝ համարելով, որ վիճարկվող ակտը վարչական ակտ չի համարվում: Սակայն վերաքննիչ դատարանն այս եզրահանգումը սխալ է համարել՝ շեշտելով որ անհնար է նման եզրահանգումներ կատարել՝ առանց վիճարկվող ակտը հետազոտելու, առավել ևս՝ գնահատել դրա իրավաչափությունը դրա բացակայության պայմաններում:
2017 թ. մայիսի 30-ին ՀՀ Վարչական դատարանում կայացած դատական նիստին դատարանը մերժեց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցչի միջնորդությունը՝ գործի վարույթը կարճելու մասին, և անցավ դատաքննություն: