Գաղտնիության քողի ներքո բանակում տեղի ունեցած միջադեպերը կոծկել հնարավոր չէ. Արթուր Սաքունց (տեսանյութ)
17:25, June 2, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՊաշտպանության նախարարությանը չի հաջողվելու տեղեկատվության սահմանափակմամբ, գաղտնապահությամբ բանակում տեղի ունեցած միջադեպերը կոծկել:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Մովսես Հակոբյանի հայտարարությանը, թե Արցախի պաշտպանության բանակը որոշել է սահմանային իրավիճակի վերաբերյալ հաղորդագրությունները տարածել ոչ թե նախկինի պես՝ ամեն օր, այլ ամփոփ՝ շաբաթը մեկ անգամ: Արթուր Սաքունցը կարծում է, որ խոսքը միայն հակառակորդի գործողությունների վերաբերյալ տեղեկատվությունը չափաբաժնով տալու մասին չէ:
«Փոխանակ ավելի մեծ աշխատանքներ կատարեն մահացության, կանոնադրական հարաբերությունների խախտման դեպքերի նվազեցման ուղղությամբ, փորձում են դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը չներկայացնել։ Բայց կարծում եմ, համոզված եմ՝ Հայաստանում դա հնարավոր չի լինի. ինչքան էլ Պաշտպանության նախարարությունը, ԱՀ ՊԲ-ն կամ Գլխավոր շտաբի պետը տեղեկատվության նկատմամբ սահմանափակում, գրաքննություն մտցնեն, կամ չափաքանակներով տեղեկատվություն մատուցեն, դա չի հաջողվելու։ Բազմաթիվ խողովակներ ունենք տեղեկատվություն ստանալու ԶՈւ-ում կատարվող դեպքերի վերաբերյալ, Փառք Աստծո, ունենք Տեղեկատվության ազատության մասին օրենքը։ Եվ ավելի ճիշտ կլինի, որ իրենք հրաժարվեն այդ միտումներից»,-շեշտեց նա:
Իրավապաշտպանի խոսքով ՝ ՄԻԵԴ-ում մի շարք գործեր կան բանակում մահվան դեպքերի մասով, և գաղտնապահության քողի ներքո հնարավոր չի լինի կոծկել իրականությունը, արդեն իսկ եղել են ՄԻԵԴ վճիռներ ի օգուտ տուժողի իրավահաջորդների:
Արթուր Սաքունցը կարծում է, որ պետք է ռազմական օմբուդսմեն լինի՝ զինծառայողների իրավունքների հարցերով, կանոնադրական խնդիրներով զբաղվելու համար:
Իրավապաշտպանի դիտարկմամբ՝ նախորդ տարիներին իրավապաշտպան կազմակերպությունների ջանքերով հնարավոր է եղել մի շարք փոփոխությունների հասնել:
Մանրամասները՝տեսանյութում։