Ինչու է ԵՄ դեսպանի հայտարարությունը «հոգեխանգարմունք» առաջացրել
10:10, June 16, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ընտրական իրավունքՀայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան Պյոտր Սվիտալսկու՝ հայաստանյան ընտրական համակարգի մասին ելույթը փաստում է, որ Եվրամիությունը հետևողականորեն իր դիրքորոշումն է ներկայացնում այս հարցում: Հայաստանի իշխանությունը կարող է կամ հասկանալ դա, կամ չհասկանալ, կամ էլ փորձել դիմադրել: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Հիշեցնենք, որ Սվիտալսկին ասել է, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմում պետք է ներգրավվեն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Նաև, ըստ նրա, պետք է մտածել, թե ինչպես ԿԸՀ-ն դարձնել ավելի արժանահավատ և հանրային վստահություն վայելող կառույց:
Արթուր Սաքունցն ասում է, որ ԵՄ պատվիրակության ղեկավարն ըստ էության բարձրացնում է ընտրությունների ինստիտուտների նկատմամբ քաղաքացիների վստահության հարցը: Եվ ելնելով դիտարկումներից, ընտրությունների փորձից՝ ինչ-որ առաջարկ է ներկայացնում, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ընդգրկվեն ԿԸՀ կազմում կամ քաղհասարակությունը նաև իր ներկայացուցիչներն առաջարկի՝ որպես տարբերակ, որ դրանով հնարավոր է մեծացնել ընտրական ինստիտուտի և ընտրությունների նկատմամբ ընտրողների վստահությունը:
Պատասխանելով Սվիտալսկուն՝ ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նրա հայտարարությունը համարել էր Հայաստանի ներքին քաղաքականությանը միջամտելու փորձ, ինչն, ըստ նրա, անթույլատրելի է:
Սաքունցի խոսքով՝ քաղաքացիական հասարակության մասնակցության և նրա դերի բարձրացման խնդիրը պետության դեմ քայլ չէ և պետության ներքին գործերի միջամտության փորձ չէ: “Ամբողջ խնդիրն այն է, թե նման գնահատական տվողն ինչ պատկերացում ունի քաղաքացիական հասարակության դերի ու նշանակության մասին”, հավելեց նա:
Այն, որ ընտրական ինստիտուտի նկատմամբ ընտրողների վստահությունը ցածր է, դա, ըստ Սաքունցի, փաստ է: Այն, որ պետք է քայլեր կատարվեն, որպեսզի այդ վստահությունը բարձրանա, դա նույնպես անհրաժեշտություն է:
«Արդյոք այդ խնդիրը միայն ԿԸՀ կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավումով կարելի է լուծել: Ես կարծում եմ՝ ոչ, որովհետև շատ ավելի ուրիշ գործոններ կան, մասնավորապես քաղաքացիների կարծիքների ազատ արտահայտման հնարավորությունը, աշխատանքից ազատվելու սպառնալիքը, որի վերաբերյալ ըստ էության ապրիլյան ընտրությունների ժամանակ ակնհայտ փաստեր արձանագրվեցին, կոռուպցիայի դեմ պայքարը, կուսակցությունների ֆինանսական հնարավորությունների ձեռքբերման օրինականության խնդրի ստուգումը, հավասար պայմանների ապահովումը, ընտրախախտումների և հատկապես ընտրակաշառքների կանխման ուղղությամբ իրավապահ մարմինների արդյունավետ գործողությունները: Այսինքն՝ շատ այլ գործոններ կան, որոնք երկարատև նշանակություն ունեն, նկատի ունեմ մինչև քվեարկության օրը կամ ընտրություններից հետո ընկած ժամանակահատվածում պետք է փոխվեն: Սվիտալսկին ընդամենը մեկ էլեմենտ է առաջարկել, և դա որպես ներքին գործերին միջամտություն որակելն ինձ համար տարօրինակ է, եթե չասեմ, որ որևէ հիմք չունի», ասաց նա:
Ըստ իրավապաշտպանի՝ ՀՀ իշխանությունները պետք է հասկանան, որ ԵՄ քաղաքականության հիմքում ընկած է քաղաքացիական հասարակության մասնակցության և դերի նշանավորումը: Եվ դա նորություն չէ երկրի իշխանությունների համար, որոնք երկար ժամանակ համագործակցում են ԵՄ հետ:
“Ինձ համար տարօրինակ է, որ նույն Դավիթ Հարությունայնը կամ իշխանության այլ ներկայացուցիչներ ներքին միջամտություն չեն համարում և այդ նույն ոգևորությամբ չեն արձագանքում, երբ Սերժ Սարգսյանը մեկ գիշերվա ընթացքում Պուտինի հետ հանդիպելուց հետո հրապարակարավ փոխում է իր կարծիքը և որոշում, որ Հայաստանը չի վավերացնելու ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը և անդամագրվելու է ԵՏՄ-ին: Այն ժամանակ դա կոպիտ միջամտություն չորակեցին պարոնայք, իսկ այս առաջարկությանը, որը լիովին տեղավորվում է ժողովրդավար ու իրավական պետության բովանդակության մեջ, նման ցավագին արձագանք է ստանում, և դա համարում են ներքին գործերին միջամտության փորձ”, ասաց նա:
Ըստ Սաքունցի՝ որոշ մարդկանց մոտ ամենայն հավանականությամբ քաղաքակացիական հասարակության հիշատակումը հոգեխանգարմունք է առաջացնում:
“Իրենք պետք է ստիպված լինեն հաշվի նստել քաղաքացիական հասարակության գոյության փաստի հետ և իմանան, որ քաղաքացիական հասարակությունը պետք է դերակատարում ունենա, և շատ ավելին, քան իրենք պատկերացնում են: Եվ քաղաքացիական հասարակությունը չի պատրաստվում իրենց պատկերացումների շրջանակներում տեղավորվել”, հավելեց նա: