Դատարանը կքննի զորակոչիկին պիտանի ճանաչելու որոշման դեմ ներկայացրած հայցը
11:41, June 19, 2017 | Մամլո հաղորդագրություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերՏեղեկացնում ենք, որ 2017 թ. հունիսի 19-ին՝ ժամը 14:30-ին, ՀՀ Վարչական դատարանում կշարունակվի զորակոչիկ Վ. Հ.-ի վերաբերյալ ՀՀ ՊՆ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշման դեմ հայցի քննությունը:
Սրանով Վ. Հ.-ը և վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Ս. Սողոմոնյանը վիճարկում են Վ. Հ.-ին զինծառայությանը պիտանի ճանաչելու՝ ՀՀ ՊՆ ԿԲՀ որոշումը:
Կենտրանական բժշկական հանձնաժողովի 2016 թ. հուլիսի 28-ի որոշմամբ զորակոչիկ Վ. Հ.-ն, ունենալով զինծառայության հետ անհամատեղելի առողջական խնդիրներ, զինծառայությանը սահմանափակումով պիտանի է ճանաչվել:
Վերոնշյալ որոշումը կայացնելիս Կենտրոնական բժշկական հանձնաժողովը անտեսել է զորակոչիկի մի շարք առողջական խնդիրներ և եզրակացության մեջ նշել դրանց մի մասը միայն, ինչը, «Զինապարտների և զինծառայողների առողջական վիճակի փորձաքննության կարգը հաստատելու մասին» ՀՀ պաշտպանության նախարարի 2013 թ. 410-Ն հրամանի 26-րդ հոդվածի Դ կետի համաձայն, հիմք է հանդիսանում զինծառայությանը զորակոչիկին սահմանափակումով պիտանի ճանաչելու:
Մինչդեռ նրա ունեցած բոլոր առողջական խնդիրները հաշվի առնելու դեպքում կիրառելի կլինեին նույն հրամանի այլ կետեր, ինչը հիմք կհանդիսանար՝ Վ. Հ.-ին ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչելու կամ տարկետում տրամադրելու համար:
Նախորդ դատական նիստի ընթացքում հայցվորի ներկայացուցիչը ներկայացրեց հայցի հիմքերն ու առարկան: