«Սարի թաղի» գործով տուժող ոստիկանը օդ է կրակել վերադասի հրամանով, որին չի ճանաչում (Տեսանյութ)
15:01, June 19, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն | Սասնա Ծռեր2017 թ. հունիսի 13-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Սարի թաղի» դեպքերի արդյունքում տուժող ճանաչված ոստիկանների հարցաքննությունը:
Հիշեցնենք՝ ցուցարարներ Հրաչյա Բոյաջյանը, Արման Ադամյանն ու Ժորա Ավետիսյանը մեղադրվում են ՀՀ Ոստիկանության աշխատակիցների նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով բռնություն կիրառելու մեջ:
Հրաչյա Բոյաջյանի շահերը ներկայացնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը:
Դատարանը լսեց տուժողներ Ա. Թիրաբյանին, որը դեպքի ժամանակ եղել է ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի տեսուչ, և Հ. Հովսեփյանին, որը եղել է ՊՊԾ գնդի ավագ ոստիկան:
Համաձայն ցուցմունքի՝ դեպքի օրը վերջիններս իրենց ծառայությունն են իրականացրել մերձակա փողոցում և ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ տեղափոխվել են Երևանի Խորենացի և Գլինկա փողոցների հարակից տարածք:
Երկուսն էլ իրենց ցուցմունքներում հայտնեցին, որ Սարի թաղի բնակիչները կենցաղային խնդիրներ էին բարձրացնում և պահանջում էին վերականգնել թաղամասում ջրի, գազի, էլեկտրաէներգիայի մատակարարումը, տրանսպորտային կապը:
Ա. Թիրաբյանը նշեց, որ երբ ցուցարարների կողմից նետված քարերից մեկը դիպել է իր ոտքին, նա կրակելու հրաման է ստացել վերադասից և 8 անգամ «օդ է կրակել»: Հարցին, թե կոնկրետ ումից է կրակելու հրաման ստացել, հարցաքննվողը նշեց, որ չի ճանաչում նրան:
Գործով մյուս տուժող Հ. Հովսեփյանը իր ցուցմունքում նշեց, որ ցույցի վայրում 2-3 րոպե է գտնվել և այդ ընթացքում, ցուցարարներից շուրջ 20 մետր հեռավորության վրա գտնվելով, ալկոհոլի հոտ է զգացել ցուցարարների կողմից: Հարցին, թե ինչու է համոզված, որ ալկոհոլի հոտը հենց ցուցարարների կողմից է եղել, Հ. Հովսեփյանը պատասխանեց, թե ոստիկանները աշխատանքի ժամին ալկոհոլ չեն գործածում:
Հարցաքննված ոստիկանները պնդեցին նաև, թե ոստիկանների կողմից լրագրողների նկատմամբ բռնություն չի կիրառվել, լրագրողների աշխատանքը չի խոչընդոտվել, տեսախցիկները չեն խլվել նրանցից: Սակայն դեպքից օրեր անց հրապարակված տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես են ոստիկանները հարձակվում լրագրողների վրա և խլում նկարահանող սարքերը:
Նույն տեսանյութում հստակ երևում է նաև, որ ցույցի վայրում հայտնվում է քաղաքացիական հագուստով մի տղամարդ, որի ձեռքին ինքնաձիգ կա, սակայն հարցաքննված ոստիկանները դրա վերաբերյալ էլ որևէ տեղեկություն չունեին և պնդում էին, թե ինքնաձիգով տղամարդուն իրենք չեն տեսել:
Տեսանյութում երևում է, որ տղամարդը ոստիկանների համար տեսանելի վայրում է գտնվում, մոտենում և նստում է մեքենայի մեջ: Նման իրավիճակում անհնար էր նրան չնկատել, առավել ևս, որ ոստիկանների պարտականությունն է ապահովել բնակիչների անվտանգությունը:
Տուժող ճանաչված ոստիկաններին դատարանը կշարունակի լսել 2017 թ. հունիսի 29-ին՝ ժամը 14:00-ին նշանակված դատական նիստի ընթացքում:
Տեսանյութն ամբողջությամբ.