Համակարգային ընդդիմությունը համակարգի մեջ է, ուրեմն՝ չի կարող պայքարել կոռուպցիայի դեմ. Սաքունցը չի պատրաստվում մասնակցել մրցույթին
10:01, June 20, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԱզգային ժողովը հունիսի 9-ին միաձայն՝ 92 կողմ՝ առանց դեմ և ձեռնպահ ձայների ընդունեց «Կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողովի մասին» օրինագիծը:
Հայտնի է, որ հանձնաժողովում ընդգրկվելու են նաև հասարակական կազմակերպությունները: Այսօր արդեն Արդարադատության նախարարությունը հ/կ-ների համար մրցույթ է հայտարարել՝ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում ընդգրկվելու համար:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, որը բազմաթիվ անգամներ փաստեր է ներկայացրել կոռուպցիոն գործարքների վերաբերյալ, չի պատրաստվում մասնակցել մրցույթին:
«Մենք չենք վստահում իշխանությունների քաղաքական կամքին, որ պատրաստակամ է կոռուպցիայի դեմ պայքարելու: Որևէ գործողություն, որը կարվեր իշխանության կողմից, որը հույս կներշնչեր, որ կոռուպցիան կվերանա՝ չի եղել: Ավելին՝ հակառակ փաստեր ունենք, ի դեմս Միհրան Պողոսյանի՝ որպես պատգամավորության թեկնածու առաջադրելու և խմբակցության մեջ ներգրավվելու: Սա է իրողությունը և այս պայմաններում գնում ենք ի՞նչ անենք»,- ասաց Սաքունցը:
NewsBook-ը վերջինիս հիշեցրեց, որ նախագիծը խորհրդարանում ընդունվել է խորհրդարանական ընդդիմության համաձայնությամբ: Նախագծին կողմ է քվեարկել «Ելք» խմբակցությունը: Սաքունցը կարծիք հայտնեց, որ եթե նրանք կարծում են, թե հանձնաժողովը լուրջ փոփոխություններ է տալու, թող ներգրավվեն դրանում, աշխատեն և բոլորին հակառակը համոզեն:
Իրավապաշտպանը միևնույն ժամանակ կարծիք հայտնեց, որ համակարգային ընդդիմություն, որքան էլ փորձի քայլեր կատարել կոռուպցիայի դեմ պայքարում, եթե գտնվում է համակարգի մեջ, չի կարող այդ համակարգի շրջանակներից դուրս գործողություններ կատարել.«Ես չեմ տեսել որևէ քաղաքական ուժ, որ Սերժ Սարգսյանի և քրեական աշխարհի հետ նրա կապի մասին քաղաքական գնահատական տված լինի նախընտրական փուլում: Կոռուպցիայի գլխավոր հովանավորը մնում է անձեռնմխելի բոլոր քաղաքական ուժերի քննադատությունների տեսակետից: Սա ևս պետք է արձանագրել: Նման պայմաններում խոսել, որ ինչ-որ մարմին կոռուպցիայի դեմ պայքարում արդյունք է գրանցելու, այն դեպքում երբ կան անձեռնմխելի կոռումպացվածներ և երբ կոռուպցիան հովանավորողներն անձեռնմխելի են, անիմաստ է»,- ընդգծեց Արթուր Սաքունցը:
Նրա խոսքով՝ կոռուպցիայի դեմ պայքարելու համար պարտադիր չէ խորհուրդ ստեղծել, քանի որ ՀՀ օրենսդրությունը թույլ է տալիս պայքարել, ինչպես նաև համապատասխան քրեական գործեր հարուցել: