ՎՏԲ-Հայաստան բանկը ժամկետանց վարկի նկատմամբ կիրառում է 73% տոկոսադրույք. ՀՔԱ Վանաձորի գրասենյակը վարկային պայմանագրի օրինականությունը վիճարկում է դատարանում
16:02, June 22, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն | Սեփականության իրավունք2016 թ.-ի մայիսին ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է դիմել անհատ ձեռնարկատեր Ա. Ա.-ը, որի դեմ ՎՏԲ-Հայաստան բանկը գումարի բռնագանձման պահանջով հայց է ներկայացրել դատարան:
Բանկը Ա. Ա.-ից ու վերջինիս համար երաշխավորություն ներկայացրած Հ. Ն.-ից ու Ա. Վ.-ից պահանջել է վերադարձնել դեռևս 2013 թ.-ին կնքված վարկային պայմանագրով նախատեսված գումարը: Ընդ որում՝ պահանջել է գումարը վերադարձնել արդեն 73% տոկոսադրույքով, քանի որ համաձայն պայմանագրի՝ նախատեսված 22% տոկոսադրույքի փոխարեն պայմանագրի ժամկետի ավարտից հետո սկսում է գործել նոր՝ ավելի բարձր տոկոսադրույք:
Բանկի այս մոտեցման հիմքում ընկած է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 887-րդ հոդվածը, ըստ դրա՝ վարկային պայմանագրից բխող հարաբերությունների նկատմամբ կիրառվում են օրենսգրքի՝ փոխառության վերաբերյալ՝ 46-րդ գլխում նախատեսված կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ վարկային պայմանագրով: Միևնույն ժամանակ՝ նույն օրենսգրքի 411-րդ հոդվածի համաձայն՝ վարկի գումարը չվերադարձնելու դեպքում պայմանագրով նախատեսված տոկոսները պետք է դադարեն, և դրանց նկատմամբ պետք է կիրառվեն ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքները, իսկ Կենտրոնական բանկը 2010 թ. նոյեմբերի 9-ի որոշմամբ սահմանել է 12% տոկոսադրույք:
Չնայած դրան՝ ՎՏԲ-Հայաստան բանկն այնուամենայնիվ նախընտրել է առաջնորդվել Օրենսգրքի՝ իր համար ավելի շահեկան մեկնաբանությամբ և սահմանել կամայականորեն բարձր տոկոսադրույք: Դրա արդյունքում վարկառուն հայտնվել է անելանելի դրության մեջ:
Ընդ որում՝ բանկի հետ կնքած պայմանագիրը օրենքի դրույթներին հակասում է միանգամից մի քանի կետով: Այսպես՝ բանկը պարտադիր է համարում նաև վարկառուի նկատմամբ սնանկության գործընթաց սկսելուն պես՝ անհապաղ մարել վարկը: Սա էլ հակասում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածին, որով արգելվում է սնանկության վերաբերյալ դիմումը դատարանի կողմից վարույթ ընդունվելուց հետո, առանց դատարանի որոշման, պայմանագրային կամ այլ պարտավորություններով պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալը:
Եվ վերջապես խախտվում է վարկառուի՝ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված սեփականության իրավունքը. բանկն իրեն իրավունք է վերապահում նախատեսված ժամկետներում գումարը չվերադարձնելու դեպքում գումարը գանձել վարկառուի՝ ցանկացած այլ բանկում ունեցած հաշիվներից, և վարկառուն անգամ հնարավորություն չունի ընտրելու, թե իր որ հաշվից կարող են գանձել գումարը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Ս. Սողոմոնյանը, ստանձնելով Ա. Ա.-ի և վերջինիս երաշխավորների իրավունքների պաշտպանությունը, այս հիմքերով հակընդդեմ հայց է ներկայացրել դատարան և պահանջել անվավեր ճանաչել վարկային պայմանագրերը:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2016թ. նոյեմբերի 11-ի որոշմամբ, հաշվի չառնելով ողջ վերոգրյալը, չանդրադառնալով հակընդդեմ հայցի բոլոր հիմքերին, մերժել է այն ու բավարարել ՎՏԲ-Հայաստան բանկի՝ գումարի բռնագանձման պահանջով հայցը: Վերաքննիչ քաղաքացիական դատարանը, քննելով որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը, 2017 թ. մայիսի 18-ի որոշմամբ նույնությամբ կրկնել է առաջին ատյանի դատարանի դիրքորոշումները և մերժել բողոքը:
Ա. Ա.-ի ներկայացուցիչ Ս. Սողոմոնյանը 2017 թ. հունիսի 19-ին վճռաբեկ բողոք է ներկայացրել և պահանջել բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը:
Միաժամանակ՝ հարցեր է ուղղել Վճռաբեկ դատարանին՝ խնդրելով պարզաբանել՝ արդյոք վարկային պայմանագրով կարող է պարտավորությունների չկատարման պատասխանատվության վերաբերյալ ցանկացած նորմ սահմանվել և արդյոք վարկային պայմանագրով կարող են ՀՀ Սահմանադրությանը հակասող դրույթներ սահմանվել: