2017 թ. առաջին հնգամսյակում հաշմանդամություն չի սահմանվել դիմած անձանցից յուրաքանչյուր հինգերորդի համար. օրինաչափությու՞ն, թե՞ կամայականություն
10:23, June 27, 2017 | Նորություններ, Սեփական լրատվությունԱմիսներ առաջ զանգվածային լրատվության միջոցներով հաշմանդամություն ունեցող անձինք ահազանգեցին, որ բժշկասոցիալական հերթական փորձաքննության արդյունքում հաշմանդամություն ունեցող անձ չեն ճանաչվել կամ ստացել են հաշմանդամության ավելի ցածր կարգ՝ չնայած նրան, որ այն առողջական խնդիրները, որոնց հիման վրա հաշմանդամության կարգ է սահմանվել, չեն վերացել, առողջության դրական տեղաշարժ ևս չի գրանցվել:
Այդ խնդրով մի շարք քաղաքացիներ նաև ՀՔԱ Վանաձորի գրասենյակ էին դիմել: Կազմակերպությունը համապատասխան հարցումներ էր ուղարկել, աջակցել ԲՍՓՀ որոշումների՝ վերադասության և դատական կարգով բողոքարկման հարցում:
Հաշվի առնելով ահազանգերի մեծ թիվը՝ 2017 թ. մայիսի 24-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նաև տեղեկատվության հարցում էր ուղարկել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ 2017 թ. 1-ին հնգամսյակում հաշմանդամության կարգ ստանալու հարցով դիմած անձանց, հերթական փորձաքննության արդյունքում հաշմանդամությունը ճանաչած, վերափորձաքննություն անցած և դրա արդյունքում հաշմանդամությունը ճանաչած անձանց թվի վերաբերյալ:
Կազմակերպությունը տեղեկատվություն էր հայցել նաև բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում անձի հաշմանդամությունը չճանաչելու հիմքերի վերաբերյալ:
Վերլուծելով Նախարարության՝ 2017 թ. հունիսի 5-ի պատասխանով ներկայացված թվական տվյալները՝ հետաքրքիր օրինաչափություն ենք բացահայտում. նշված ժամանակահատվածում բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում դիմած քաղաքացիներից յուրաքանչյուր 5-րդի հաշմանդամությունը չի ճանաչվել:
Ընդ որում՝ օրինաչափությունը պահպանվում է նաև՝ ըստ հերթական վերափորձաքննության դիմած և առաջին անգամ դիմած քաղաքացիների թվի:
Այսպես՝ 2017 թ. հունվարի 1-ից մինչև մայիսի 24-ը, համաձայն Նախարարության տրամադրած պատասխանի, հաշմանդամության սահմանման համար դիմած և վերափորձաքննված անձանց ընդհանուր թիվը 24.593 է, որից 4826-ը հաշմանդամության կարգ չեն ստացել: Համապատասխանաբար՝ հերթական փորձաքննության դիմած 19.187 անձանցից հաշմանդամություն չի սահմանվել 3454 անձի, իսկ առաջին անգամ դիմած 5406 անձանցից՝ 1114-ի:
Ընդ որում՝ հաշմանդամությունը չճանաչած անձանց գերակշիռ մասը՝ 3305 անձ, նախկինում ընգրկված է եղել հաշմանդամության երրորդ խմբում:
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ Ա. Կեսոյանն իր պատասխանում նաև մեկնաբանել է հաշմանդամությունը ճանաչելու հիմքերը՝ նշելով, որ «անձի մոտ հիվանդության առկայությունը պարտադիր, բայց բավարար պայման չէ հաշմանդամության սահմանման համար»:
Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության ներկայացուցիչ Անուշ Սիմոնյանն էլ վերջերս lragir.am-ի հետ զրույցում նշել էր, թե հաշմանդամության կարգ սահմանելու դիմումների մերժումները պայմանավորված են ոլորտի բարեփոխումներով: Նրա մեկնաբանմամբ՝ դա արվում է հաշմանդամություն ունեցող անձի անհատական կարիքը գնահատելու և նրան հետագայում անհատական ծառայություն մատուցելու նպատակով:
Ինչ սկզբունքով են որոշում՝ անձը ենթակա է հաշմանդամության որևէ խմբում ընդգրկվելու, թե նրան պետք է «անհատական ծառայություն տրամադրվի», Նախարարությունը չի մեկնաբանում: