ՌԴ օրենսդիր մարմնի ղեկավարը ոտնձգություն է կատարում մեր Սահմանադրության նկատմամբ. Արթուր Սաքունց
18:37, July 18, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը կարծում է, որ Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Հայաստանում ռուսաց լեզվին պետական կարգավիճակ տալու հարցը ժամանակ առ ժամանակ օրակարգ բերելը մեկ նպատակ ունի՝ ամրագրել և պարտադրել Ռուսաստանի իշխանությունը:
Իրավապաշտպանին այս փաստը չի զարմացնում, նրան ավելի շատ զարմացնում է հայկական կողմի «ամաչկոտ և զուսպ» արձագանքը:
«Դա անթույլատրելի է, հակասում է մեր Սահմանադրությանը և ոտնձգություն է ինքնիշխանության դեմ. ահա սա պիտի լինի արժանապատիվ արձագանքը, որովհետև հայերեն լեզուն, որպես պետական լեզու, սահմանադրական նորմ է, այսինքն՝ հարևան երկրի օրենսդիր մարմնի ղեկավարը ոտնձգություն է կատարում մեր Սահմանադրության նկատմամբ»,- ընդգծեց Սաքունցը:
Հիշեցնենք՝ հուլիսի 17-ին պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն, իր ռուսաստանցի գործընկերոջ՝ ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպման ընթացքում խոսելով հայ-ռուսական համագործակցության մասին, նշել է, որ վերջերս ՌԴ-ում ընդունված՝ օտար երկրների կողմից տրված վարորդական վկայականներով աշխատելն արգելող օրենքը մեծ դժվարություններ է առաջացրել Ռուսաստանում աշխատող հայերի համար: Խորհրդարանի ղեկավարն առաջարկել է վերանայել այդ մոտեցումը:
Ի պատասխան Բաբլոյանի բարձրացրած խնդրի՝ ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը նշել է, որ այլ պետությունների վարորդական վկայականներով Ռուսաստանի Դաշնությունում աշխատելու սահմանափակում մտցնող օրենքի ընդունումը պայմանավորված է եղել բացառապես երթևեկության անվտանգությամբ, քանի որ, ըստ ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահի, աշխատող վարորդները ռուսերեն չիմանալու հետևանքով չեն տիրապետում ՌԴ երթևեկության կանոններին, ինչպես նաև չեն կարողանում օգտվել նավիգացիոն համակարգերում աշխատող ռուսական ծրագրերից:
Հաշվի առնելով, որ օրենքն արդեն ընդունված է՝ իր հերթին Վյաչեսլավ Վոլոդինն առաջարկել է ՀՀ-ում ռուսերենը օրենքով ամրագրել որպես պաշտոնական լեզու, ինչպես այն երկրներում է, որոնց համար նույն օրենքով նախատեսվել են բացառություններ:
Հակադարձելով այս առաջարկին՝ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության օրակարգում ռուսերենն օրենքով որպես պաշտոնական լեզու ամրագրելու հարց չկա: ՀՀ խորհրդարանի ղեկավարը միաժամանակ նկատել է, որ ՀՀ բոլոր դպրոցներում ռուսերենը դասավանդվում է, ինչը, իր կարծիքով, ամբողջությամբ բավարարում է խնդրի լուծմանը:
Մանրամասները՝ տեսանյութում: