«Թե Հայաստանի, թե Ադրբեջանի իշխանությունը ակամայից Կրեմլի թակարդում են»
18:53, July 18, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը Lragir.am-ի հետ զրույցում անդրադարձել է Սերժ Սարգսյանի հարցազրույցի հիմնական ուղերձներին:
Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքին և դրա վերաբերյալ Սերժ Սարգսյանի մեկնաբանությանն անդրադառնալով՝ նա ասում է. «Գործ ունենք մի իրավիճակի հետ, որ Կրեմլը՝ հանձինս Պուտինի, վարում է չլուծված կոնֆլիկտի տարածարջանում կոնֆլիկտի մեջ ներգրավված կողմերին զուգահեռ զինելու, կոնֆլիկտը թեժացնելու քաղաքականություն: Ակամայից թե Ադրբեջանի, թե Հայաստանի իշխանությունները Կրեմլի թակարդում են գտնվում»:
Սերժ Սարգսյանն ասել է, որ ռուսական զենքի վաճառքն Ադրբեջանին ամենացավալի հարցն է: «Կարծես ցավալի չէ այն հանգամանքը, որ Կրեմլի պարտադրանքի ներքո Սերժ Սարգսյանը ստիպված էր հրաժարվել ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից, որով ըստ էության ՀՀ-ն և մենք բոլորս զրկվեցինք զարգացման հնարավորություններից: Այս պարգայում, որպես երկրի ղեկավար, նա հանդես է գալիս ափսոսանքի կամ ցավակցական խոսքերով, բացարձակ որևէ քաղաքական դիրքորոշում չհայտնելով: Այս խիստ զգուշավոր գնահատականն ավելի շատ ուղղված է ներքին օգտագործման նպատակով», ասաց մեր զրուցակիցը:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն հարցադրմանը, թե Հայաստանին ՆԱՏՕ-ում բոլորը գրկաբաց սպասո՞ւմ են, ո՞ւր գնա Հայաստանը, Սաքունցն ասում է. «Եթե դու տանեիր շատ ավելի կանխատեսելի, վստահելի քաղաքականություն, քաղաքակրթական քաղաքականություն և այնպիսի դիրքորոշում, որը կհամապատասխաներ միջազգային հանրության սկզբունքներին, քո հետ ոչ միայն կխոսեին, այլ որպես վստահելի գործընկեր, քո առաջ դռներ կբացեին: Բայց ՀՀ իշխանություններն իրենց վստահությունը միջազգային գործընկերների մոտ կորցնում են, հետո մեղադրում են կամ նեղանում, թե մեզ գրկաբաց չեն ընդունում»:
Սաքունցն անդրադարձել է նաև Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե Հայաստանում անձնակենտրոն իշխանություն չէ այլևս: «Դա խաբեություն է, որովհետև սուպեր անձնավորված իշխանություն է Հայաստանում, կայուն քաղաքական մեծամասնության այդ մեխանիզմի պայմաններում ՀՀ վարչապետը ունենալու է անպատասխանատու իշխանություն, որովհետև ունենալու է միայն լիազորություններ, բայց իր քաղաքական ուժը, որը մեծամասնություն է, չի վերահսկելու իրեն, ինչպես հիմա: Այդ քաղաքական ուժի որակն այնպիսին է, որ ամեն մեկի նկատմամբ այդ դոսյեների համակարգը թույլ է տալիս, որ հենց ինքը՝ կայուն քաղաքական մեծամասնությունը վերահսկելի լինի այդ մեկ անձի կողմից: Բայց քաղաքականության հետևանքների պատասխանատվությունը կրելու է այդ կոլեկտիվը: Այսինքն՝ հանձինս վարչապետի ունենալու ենք անձնակենտրոն իշխանություն, բայց այդ քաղաքականության հետևանքները կրելու է մեծամասնությունը: Դա կոչվում է գերանձնավորված իշխանություն», ասաց նա:
Մանրամասները տեսանյութում