Պերմյակովի ու Հրաչյա Հարությունյանի դեպքերը չպետք է կապել միմյանց հետ. Սաքունց
14:37, July 21, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀրաչյա Հարությունյանի գործի նկատմամբ կա հանրային ուշադրություն, և նրան Հայաստան տեղափոխելով՝ ՀՀ իշխանությունը փորձում է իր համար ինչ-որ իմիջ ստեղծել: Lragir.am-ի հետ զրույցում այս մասին ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Ըստ նրա՝ Հարությունյանի արտահանձնումը Հայաստանին իրականացվել է երկու կողմերի ցանկությամբ՝ օգտվելով միջազգային սկզբունքներից, ինչը նորմալ է: Այլ հարց է, թե ինչ դրդապատճառներ կան դրա հիմքում:
Իրավապաշտպանը հիշեցնում է, որ դեռևս ամիսներ առաջ տեղեկություններ եղան, որ գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի սպանության համար դատապարտված ռուս զինծառայող Վալերի Պեմյակովին ՌԴ տեղափոխելու դիմաց Հրաչյա Հարությունյանը Հայաստան կտեղափոխվի՝ կրելու պատիժը: Եվ հիմա փաստորեն այս գործարքն է ավարտին հասցվում:
«Չեմ կարծում, որ մեր իշխանությունը հատուկ վերաբերմունք ունի Հրաչյա Հարությունյանը նկատմամբ, որովհետև նա այն հարյուր հազարավոր միգրանտներից մեկն է, ով իր սոցիալական խնդիրները լուծելու համար մեկնել էր արտագնա աշխատանքի: Բառացիորեն մի քանի օր առաջ ևս մեկ Հայաստանի քաղաքացու մասով էինք հարցը բարձրացրել ՀՀ իշխանությունների առաջ, որպեսզի նրան ՌԴ-ից տեղափոխեին Հայաստան, որտեղ դատապարտվել է ազատազրկման: Սակայն դա մերժվել էր: Պարբերաբար ՀՀ այլ քաղաքացիներին տեղափոխելու համար դիմումներ են ներկայացվում իշխանությանը, բայց մերժում է լինում: Այսինքն՝ այս ընտրողական մոտեցումից, որ մի դեպքում կարելի է արտահանձնում, մյուս դեպքում՝ ոչ, պարզ է դառնում, որ այս դեպքում կան սուբյեկտիվ մոտեցում ու քաղաքական որոշակի դրդապատճառներ: Իսկ տվյալ դեպքում ամենահիմնական դրդապատճառը, որը կարող ենք տեսնել, Պերմյակովի գործին զուգահեռ այս հարցը հանրային օրակարգ մտցնելն էր», ասաց նա:
Ըստ Սաքունցի, սակայն, Պերմյակովի ու Հրաչյա Հարությունյանի դեպքերը չպետք է կապել միմյանց հետ, դա անհամարժեք փոխանակում էր:
Նշենք, որ Հրաչյա Հարությունյանը Հայաստան է տեղափոխվել հուլիսի 20-ին: Նա ՌԴ-ում դատապարտվել էր 6.9 տարվա ազատազրկման, երբ իր «Կամազ» մակնիշի մեքենայով բախվել էր ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ էր զոհվել: