Ուժային մեթոդների կիրառումն առաջ է բերելու ուժային հակազդման
22:50, July 28, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Սասնա ԾռերՄեր զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը
Պարոն Սաքունց, Սասնա ծռերի գործով ընթացող դատավարություններն ինչպե՞ս եք գնահատում։ Փաստաբանները մտահոգություն ունեն, որ ի վերջո փակ նիստեր կգումարվեն և հանրային պաշտպան կտրամադրեն Սասնա ծռերին։
Ես ունեմ դատական գործընթացներին մասնակցության փորձ, եղել եմ բոլոր ատյանի դատարաններում, ժամանակին էլ այդ հարցը բարձրացրել ենք, որ կա ակնհայտ խտրական վերաբերմունք քրեական գործերով դատարանի շենք մուտք գործելու ժամանակ տուժողների, նրանց ներկայացուցիչների, պաշտպանների և դատախազության ներկայացուցիչների միջև։
Երկրորդ հանգամանքն այն է, որ քաղաքական ենթատեքստ ունեցող և քաղաքական գործընթացների հետ առնչված մարդկանց նկատմամբ քրեական հետապնդման գործերում ընտրողական վերաբերմունքն էլ ավելի ծայրահեղ աստճանի է հասնում այն իմաստով, որ պաշտպանների և մեղադրվող քաղաքական գործիչների, ներկայացուցիչների կամ նրանց հարազատների նկատմամբ խստացվում է դատարան մուտք գործելու ժամանակ զննություն-խուզարկություն հասկացությունը, որը էլ ավելի է խորացնում ընտրողական մոտեցումը դատախազության ներակացուցիչների և դատավարության մյուս մասնակիցների միջև։ Սա նաև առկա էր Շանթ Հարությունյանի գործով քննության ժամանակ, այն ժամանակ դեռ մի փոքր ավելի մեղմ էր՝ համեմատած այս գործի հետ: Իսկ մարտի մեկի գործով դատավարություններին կարգադրիչները և հասարակական կարգ պահպանող ոստիկաններն էին որոշում՝ ով մտնի դատարան, որի իրավասությունն իրենք ընդհանրապես չունեին։
Երրորդ՝ Սասնա ծռերի հինգ անդամների նկատմամբ բռնությունը դատարանի դահլիճում. սա նոր է, և ընդհանրապես Հայաստանի ամբողջ պատմության մեջ, անգամ խորհրդային դատարանում դա չկար, որ դատարանում բռնություն գործադրվի, կամ ծեծեն կասկածյալին։ Այս բոլոր փաստերը հիմնավորում են, որ իշխանության կողմից՝ հանձիս դատական իշխանության, գոյություն ունի ընդգծված պատժողական վարքագիծ, որի նպատակն է հոգեբանական, ընդհուպ մինչև ֆիզիկական ճնշում գործադրել այդ դատավարության մասնակիցների նկատմամբ։ Ավելին, այդ գործողությունների նկատմամբ թե դատարանի՝ հանձինս դատարանի նախագահի, և թե դատավորի կողմից բացարձակ անգործությունը և անտեսումը, անտարբերությունը լրացնում են այդ պատկերը։ Եվ սրանով է հիմնավորվում, որ այդ գործերի նկատմամբ իշխանությունը՝ հանձինս դատական իշխանության, դրսևորում է ոչ թե իրավական մոտեցում, այլ քաղաքական։ Իշխանությունը իր գործողություններով հիմնավորում է տեղի ունեցող դատական գործընթացի նկատմամբ իր քաղաքականացված վերաբերմունքը։ Եվ անկախ նրանից, թե ինչպիսին է վերաբերմունքը Սասնա ծռերի գործողությունների նկատմամբ, իշխանությունն իր գործելակերպով հիմնավորում է, որ իր համար դա քաղաքական պրոցես է։
Իսկ փաստաբանների նկատմամբ կիրառվող սանկցիաները կիրառվում են ոչ միայն դատավորի որոշմամբ, այլ նաև դիմումների հիման վրա կարգապահական վարույթների հարուցմամբ, որի հեղինակներն են ոստիկանությունը, դատախազությունը, որոնք ընդհանրապես պետք է դատական իշխանության հետ որևէ առնչություն չունենան։ Եվ նույն ոստիկանության ուղեկցող խումբը, որն անմիջականորեն պատասխանատու է Սասնա ծռեր խմբի անդամների նկատմամբ դատարանի դահլիճում բռնության իրականացման համար, նրանց կողմից ծառայողական պարտականությունների իրականացման շարունակությունը հանդիսանում է ճնշման ուղղակի միջոց, անպատժելիության և անհուսության մթնոլորտի և այնպիսի մտածելակերպի ձևավորում, որն անխուսափելիորեն առաջ է բերում ընդվզում։ Իշխանությունն իրեն անպատիժ է պահում, պահում է իրեն ոչ իրավական դաշտում և կարծես թե հատուկ է հրահրում այդ ընդհարումները, ընդվզումները։
Ստեղծված իրավիճակն ինչի՞ կհանգեցնի։ Հիմա դատարանի դահլիճից Ժիրայր Սեֆիլյանը և Վարուժան Ավետիսյանը հանդես են գալիս զենք վերցնելու և ապստամբելու կոչերով։ Կարծում եք՝ հանրության մոտ կարո՞ղ են արձագանք ունենան նման կոչերը։
Զենք վերցնելու և «Սերժ Սարգսյանին ոչնչացնելու» (ինչպես հայտարարություններից մեկում հնչեց) վերաբերյալ որևէ կարծիք չեմ կարող հայտնել, որովհետև դրա համար չունեմ որևէ հիմք, բայց այն, որ իշխանությունը շարունակում է իր անպատժելի վարքագիծը, նաև ոչ իրավական վարքագիծը, միտված է ոչ թե իրավական ճանապարհով ընթանալու, այլ ուժային, և այդ պայմաններում իրադարձությունների ընթացքը կարող է անկանխատեսելի լինել, թե ում մտքով ինչ կանցնի անել։ Երբ իրավական մեթոդները չեն աշխատում, – իսկ իշխանությունն իր վարքագծով բազմիցս հիմնավորել է նաև դատական պրոցեսի ընթացքում, որ իր համար իրավական մեթոդները բացարձակապես որևէ նշանակություն չունեն և շարունակվում է միայն ուժային մեթոդների կիրառումը որպես միակ արդյունավետ գործիք, – ապա ուժային մեթոդների կիրառումն անխուսափելիորեն առաջ է բերելու ուժային մեթոդներով հակազդմանը։ Եվ դրա պատասխանատվությունը՝ հնարավոր բախումների հետևանքով հնարավոր զոհերի, կրելու է հենց այսօրվա իշխանությունը։ Եվ իշխանությունն իր վարքագծով ցույց է տալիս, որ ահաբեկիչ է հանդես գալիս, բռնության մեթոդներով է միայն հարաբերվում քաղաքացիների հետ, ինքն է այդ ուժին տիրապետողը, թեև իրավական ինստիտուտներ, նորմեր, իրավական գործիքներ կան, ինքն այդ բոլոր գործիքներից կիրառվում է միայն ուժայինը։
Կարծում եք, անկանխատեսելի զարգացումներ կլինե՞ն։
Ամենածայրահեղ դրսևորումը կարող է լինել դռնփակ դատերի կազմակերպումը կամ առանց հանրության մասնակցության դատական պրոցեսի կազմակերպումը, կամ այս պահին գործող փաստաբանների հեռացումը և իրենց կողմից հանրային պաշտպանների նշանակմամբ դատական գործընթացի շարունակումը, որը էլ ավելի է խորացնելու ճգնաժամը և փակուղային վիճակը, ուժային մեթոդով դատական գորընթացի անցկացումը։ Բայց դրանից հետո անկախատեսելիության աստիճանն է մեծանում, որովհետև կանխատեսելի վարքագծի, կանխատեսելի իրավիճակի միակ ճանապարհը իրավական մեթոդն է: Առանց այն էլ քաղաքական մեթոդներն իշխանությունը ձախողել է հանձինս ընտրությունների՝ և գլոբալ, և տեղային մակարդակում, և եթե իրավական դաշտն էլ է քաղաքականացնում, միակ գործիքը մնում է բռնությունը։ Եվ թող որևէ մեկը՝ լինի Վիտալի Բալասանյանը կամ մյուսները, մարդիկ, որոնք թույլ են տալիս իրենց հայտարարություններ առանց կոնտեքստը հասկանալու, ես հասկանում եմ, որ իրենք իշխանություն են, իշխանության մոտ գտնվելը ջերմացնում է այդ իշխանության նկատմամբ վերաբերմունքը, բայց օբյեկտիվ իրականության զգացման կորուստը շատ ոչ համարժեք և ոչ օբյեկտիվ եզրահանգումների կարող է հանգեցնել, որի համար իրենք պատասխանատու են։ Եվ իրենք պետք է հասկանան՝ իրենց խոսքերն ինչ նշանակություն ունեն։