Ոչ մի բռնապետական իշխանություն ունեցող պետություն ապագա չի ունեցել, չի էլ ունենա
22:22, July 30, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՊետությունն առանց մարդկանց, առանց այդ պետության քաղաքացիների գոյություն չունի, չի կարող գոյություն ունենալ, քանի որ ոչինչը ոչ մի բան է։ Եվ պետական ինստիտուտները պետք է գործեն, ծառայեն այդ պետության քաղաքացիների մարդկանց բնականոն, արժանապատիվ կյանքն ու գործունեությունը ապահովելու, պաշտպանելու նպատակով, ոչ թե մի խումբ մարդկանց շահերի ապահովման համար։ Իսկ մի խումբ մարդկանց շահերի համար այդ պետության ինստիտուտները գործում են միմիայն այն դեպքում, երբ պետությունը՝ նրա բնական, տնտեսական, ինստիտուցիոնալ ռեսուրսները, հնարավորությունները զավթած են լինում այդ խմբի կողմից։
Երբ պետության կարևորագույն ինստիտուտի շենքում՝ դատարանում են արդեն մարդկանց ծեծի ենթարկում այդ նույն պետության մեկ այլ ինստիտուտի՝ ոստիկանության աշխատակիցների կողմից, և այդ մասին պետության մասին մտահոգվածները բացարձակ ծպտուն չեն հանում, լռության են մատնում, կոպեկ անգամ չարժե նման մարդկանց կողմից պետության մասին մտահոգություն արտահայտող որևէ բառ ու խոսք։
Պետության զավթումը մի խմբի կողմից հենց պետության ոչնչացումն է, իսկ ոչնչացնող գործողություններն անտեսողներն են նաև պետության ոչնչացման անմիջական պատասխանատուները, պետությունը ոչնչացնող անպատժելիության և կոռուպցիայից միմիայն օգտվելու ակնկալիքով պետությունը ոչնչացնողների աջակցիներն են։
Դեռ ոչ մի բռնապետական իշխանություն ունեցող պետություն ապագա չի ունեցել, չի էլ ունենալու։
Դեռ որևէ բռնապետական պետության հովանու ներքո, նրա թելադրանքով գործող տեղական բռնապետիկները չեն փրկել պետությունը, այլ միայն քաղաքացիները, ժողովուրդը, նրա շահերն ու իրավունքները, արժանապատվությունը պաշտպանող ուժերն են եղել պետության պահպանողները և փրկողները։
Սերժ Սարգսյանի վիշիական կոլաբորացիոնիստական իշխանությունը և նրա համախոհները անմիջական պատասխանատվություն են կրում և կրելու ՀՀ֊ի և նրա քաղաքացիների բոլոր սպասվող դժբախտությունների և արհավիրքների համար։
Արթուր Սաքունց