Զինծառայության ոլորտի նոր փոփոխությունները պայմանավորված են ժողովրդագրական խնդրով. Ա. Սաքունց
16:48, October 11, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը բոլորովին համաձայն չէ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ, թե պաշտպանության ոլորտի վերափոխումը և նոր մոտեցումները պայմանավորված չեն ժողովրդագրական պրոբլեմներով:
«Զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ նա հայտարարեց, թե միանշանակ դրանք պայմանավորված են ժողովրդագրական խնդրով, քանի որ վիճակագրական տվյալները փաստում են, որ պետք է ապահովել անհրաժեշտ թվաքանակով ծառայողներ:
«Աքսիոմատիկ ճշմարտություն է՝ մարդկանց թիվը քչանում է, զորակոչը նույնպես քչանում է, և հանձնարարել են, որ պետք է խնդիրը լուծել»,-ասաց նա:
Սաքունցն անդրադարձավ այն մոտեցմանը, որը կապահովի սոցիալական արդարություն, թե բոլորը պետք է ծառայեն:
«Հիմա որ ուզում ենք բոլորին զորակոչենք, իբր լուծելու արդարությունը. դա համարում եմ պատժողական մոտեցում: Իհարկե, այն կոռուպցիոն ռիսկերը, որոնք շեշտվեց՝ կրթությունը շահարկելու, խուսափելու, ճիշտ նշվեցին, բայց հիմա էլ փողը կտա՝ Քեմբրիջ կգնա։ Գիտենք ովքեր են փողատերերը, Քադաֆիի տղան էլ Քեմբրիջում էր սովորում, ուսման առաջադիմությամբ աչքի չի ընկել, բայց գնացել էր սովորելու»,-ասաց նա:
Արթուր Սաքունցը շարունակեց, թե նախագծի մեջ կա կետ, ըստ որի՝ կառավարությունը կարող է իր իսկ որոշմամբ ազատել կամ տարկետում տրամադրել: Նա հիշեցրեց «Զինապարտության օրենքը», որի պատճառով բազմաթիվ գործեր են ՄՒԵԴ-ում քննվել և ընդդեմ Հայաստանի վճիռներ կայացվել:
Սաքունցի խոսքով, երբ նայել էին, թե ովքեր են հիմնականում տարկետում ստանում, պարզել էին, որ դրանց հիմնական մասը Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորներն են:
«Հիմա էլ դուրս է գալիս, որ կառավարության կողմից հատուկ պետք է դիտարկվեն հոգևոր սպասավորները»,-ասաց նա և նշեց, թե կառավարության կողմից նշվում է՝ ԶՈւ-ն ապաքաղաքական է, քարոզչություն չի լինելու, հետո նշվում է, թե Հայ Առաքելական Եկեղեցու համար օրենքով սահմանվում են առանձին դրույթներ:
«Ես Սահմանադրությանն եմ հղում անում, որտեղ հստակ գրված է որ ԶՈւ-ն պետք է զբաղվի պաշտպանությամբ, տարածքային ապահովությամբ, բայց եթե մյուսներին արգելում եք կրոնական քարոզչություն անել, ինչո՞ւ մյուսներին կարելի է»,-ասաց նա:
Արթուր Սաքունցը նաև նշեց, թե սոցիալական արդարությունը միայն զորակոչի ժամանակ չպետք է լինի, այլ նաև զորացրվելուց հետո։
«Անկախ նրանից՝ քաղաքացին կամավո՞ր է գնում, թե՞ պայմանագրային, կարծում եմ՝ ծառայության ավարտից հետո էլ պետք է ստուգվի առողջական վիճակը, թե ինչպես է պետությունը հոգացել նրա առողջության պահպանման համար»,-ասաց նա: