«Լոռի» հետուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանի լրագրողական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն /թարմացված/ 23.10.2017
15:02, October 23, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն2017 թվականի սեպտեմբերի 28-ին Վանաձոր քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից կամրջի վրա բռնության գործադրմամբ խոչընդոտվել է «Լոռի» հետուստաընկերության գլխավոր խմբագիր, լրագրող Նարինե Ավետիսյանի մասնագիտական օրինական գործունեությունը:
Դեպքի առթիվ նույն օրը հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին և ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչ Տ. Թադևոսյանի կողմից որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին:
Վերը նշված քրեական գործի շրջանակներում Նարինե Ավետիսյանը ճանաչվել է տուժող, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը և կազմակերպության իրավաբան Սյուզաննա Սողոմոնյանը ճանաչվել են տուժողի ներկայացուցիչներ:
Քրեական գործի նախաքննության շրջանակներում վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել դատաբժշկական և դատահամակարգչատեխնիկական փորձաքննություններ նշանակելու վերաբերյալ:
2017 թվականի հոկտեմբերի 3-ին տուժողի ներկայացուցիչների կողմից վարույթն իրականացնող մարմնին ներկայացվել են միջնորդություններ մի շարք քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ:
Լրացուցիչ տեղեկատվություն.
Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Շինպլյուս» կազմակերպության տնօրեն Տիգրան Նազարյանին, իսկ կազմակերպության մյուս աշխատակից Վրեժ Խաչատրյանը գործով ներգրավվել է որպես կասկածյալ:
Վարույթն իրականացնող մարմնի կողմից 2017 թվականի հոկտեմբերի 3-ին ներկայացված մի շարք քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ միջնորդությունների լուծումը հետաձգվել է մինչև քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդության վերաբերյալ որոշում ընդունելու համար էական հանգամանքների պարզումը:
2017 թվականի հոկտեմբերի 9-ին և 13-ին տուժողի ներկայացուցիչների կողմից կրկին միջնորդություններ է ներկայացվել՝ այլ քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ (առերես հարցաքննություններ, լրացուցիչ հարցաքննություն կազմակերպելու, դատաապրանքագիտական փորձաքննություն նշանակելու, մեղադրյալի մի շարք գործողություններին իրավական գնահատական տալու և մի շարք այլ քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ):
Հոկտեմբերի 9-ին ներկայացված միջնորդության վերաբերյալ 13.10.2017թ. վարույթն իրականացնող մարմինը կայացրել է որոշում՝ ներկայացված միջնորդությունը մասնակի մերժելու վերաբերյալ, մյուս մասով միջնորդության լուծումը կրկին հետաձգվել է՝ մինչև վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդության վերաբերյալ որոշում ընդունելու համար էական հանգամանքների պարզումը:
Վարույթն իրականացնող մարմնի կողմից հետաձգվել է նաև 2017 թվականի հոկտեմբերի 13-ի միջնորդության քննարկումը՝ մինչև վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդության վերաբերյալ որոշում ընդունելու համար էական հանգամանքների պարզումը:
Քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ միջնորդությունը մասնակի մերժելու մասին վարույթն իրականացնող մարմնի որոշումը կբողոքարկվի վերադասության կարգով: