«Ռուսաստանի կողմից Հայաստանին զենքի նոր խմբաքանակի մատակարարման մասին հայտարարությունը կապված է ստորագրվելիք ԵՄ համաձայնագրի հետ»
15:33, November 4, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՌուսաստանի կողմից Հայաստանին զենքի նոր խմբաքանակի մատակարարման մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունը կապված է նոյեմբերի 23-ին ստորագրվելիք Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի հետ: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Այդպիսով Ռուսաստանը փորձում է ցույց տալ, որ ազդեցություն ունի Հայաստանի վրա:
«Ռուսաստանը, բացի զենքից, այլ գործոն չունի` ոչ տնտեսական, ոչ քաղաքական, այդ երկրի ամբողջ ազդեցության գործոնը զենքով է պայմանավորված: Ի դեպ, նախորդ պայմանագրով մատակարարվելիք զենքի ամբողջ խմբաքանակը մինչև հիմա չենք ստացել: Առանց նախորդն ամբողջությամբ ստանալու, հիմա նոր խմբաքանակի մասին է խոսք գնում Հայաստանի՝ Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրման նախօրյակին: Այդ հայտարարությունը կապ ունի ԵՄ-ի հետ ստորագրվելիք համաձայնագրի հետ»,- «Մեդիալաբին» ասում է Սաքունցը:
Հիշեցնենք, որ առաջիկայում սպասվում է Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա: Իսկ մինչ այցը, «Ռիա նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում Սերժ Սարգսյանն ասել է, որ օրերս Ռուսաստանը զենքի նոր խմբաքանակ կմատակարարի Հայաստանին՝ գործող պայմանագրի շրջանակներում: Իսկ նոր՝ 100 մլն դոլարի վարկային համաձայնագիրը կսկսի գործել համապատասխան հաստատումներ անցնելուց հետո:
Արթուր Սաքունցի խոսքով՝ այսպիսով Ռուսաստանն անընդհատ Հայաստանին հիշեցնում է. «Հիշի՛ր, որ դու իմ ազդեցության ներքո ես գտնվում, և ցանկացած քայլ, որը ես կարող եմ համարել Ռուսաստանի շահերին դեմ, կունենա բավական վատ հետևանքներ»:
Ըստ Սաքունցի՝ դա Ռուսաստանի կողմից հրապարակային մեսիջ է՝ ուղղված ոչ միայն Սերժ Սարգսյանին, այլ նաև Հայաստանի հանրությանը:
«Թե դա ի՛նչ ազդեցություն կունենա` դժվար է ասել, բայց սրանով հերթական անգամ Կրեմլը աշխարհի առաջ նվաստացնում է Հայաստանի իշխանություններին ու հանրությանը»,- ասում է Սաքունցը:
Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանն էլ կարծում է, որ այս քայլով Մոսկվան փորձում է ցույց տալ, որ ԵԱՏՄ-ին միանալու Երևանի որոշումն անիմաստ չէ, և Հայաստանը շարունակում է վայելել Մոսկվայի ռազմաքաղաքական աջակցությունը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է համոզել, որ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին ճիշտ էր ու օգտակար: «Հիշում եք` Սերժ Սարգսյանի Ռուսաստան կատարած այցերից մեկի ժամանակ այդ երկրի նախագահը նույնիսկ տնտեսության աճի մասով այնպիսի թիվ հրապարակեց, որ բոլորը զարմացան, այդ թվում՝ Սերժ Սարգսյանը: Վերջերս էլ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն էր Հայաստանի վիճակագրությունից տարբերվող աճի մեծ թիվ ցույց տվել: Եվ Ռուսաստանը մի կողմից փորձում է ցույց տալ, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը ձեռնտու է, մյուս կողմից էլ, քանի որ ապրիլյան պատերազմի ժամանակ թույլ տվեց բավական լուրջ վրիպում, որն ազդեց հայ-ռուսական հարաբերությունների վրա, այն է՝ խոստացված սպառազինությունը չմատակարարելը, այժմ կարծես թե փորձում է ցույց տալ, որ Երևանի որոշումն անիմաստ չէ, և Հայաստանը շարունակում է վայելել Մոսկվայի ռազմաքաղաքական աջակցությունը»,- «Մեդիալաբին» ասում է Ստյոպա Սաֆարյանը:
Եվ այս փուլում, ըստ նրա, ցույց են տալիս, որ ահա, Հայաստանին զենքի նոր խմբաքանակ է մատակարարվում: Դրանով, թերևս, Մոսկվան փորձում է Հայաստանի՝ եվրասիական ինտեգրման հաջողվածության ապացույցներ ստեղծել, քավել նախկին մեղքերը և հայ հասարակության շրջանում տպավորություն ստեղծել, թե ԵԱՏՄ-ին անդամակցելու որոշումն արդարացված է:
Նրա խոսքով՝ եթե մի կողմից Մոսկվան է հավաստիացնում իր հավատարմությունը Հայաստանի ռազմատնտեսական անվտանգության ամրապնդման գործում, նույնկերպ Երևանը բրյուսելյան գագաթնաժողովին ընդառաջ փորձում է, այսպես կոչված, ժամացույցների ճշգրտում կատարել Մոսկվայի հետ և հավաստիացնել, որ չնայած ԵՄ-ի հետ ստորագրվելիք համաձայնագրին, Հայաստանը չի հատում կարմիր գիծը:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ Մոսկվա կատարելիք այցին, Ստյոպա Սաֆարյանն ասում է, որ այդ այցը կապված չէ միայն ԵՄ-ի հետ ստորագրվելիք համաձայնագրի հետ: «Այս այցը կապ ունի նաև ղարաբաղյան հակամարտության, այսպես կոչված, վերաակտիվացած բանակցությունների հետ: Ես գրեթե վստահ եմ, որ անդրադարձ կլինի նաև 2018 թվականին Սերժ Սարգսյանի՝ նախագահի պաշտոնը թողնելուց հետո Հայաստանի ապագա ղեկավարության հարցին, չեմ բացառում նաև, որ ԵԱՏՄ-ի կազմում ի հայտ եկած ճգնաժամին անդրադարձ լինի՝ կապված ղազախա-ուզբեկական խնդիրների հետ»,- ասաց նա:
Վերլուծաբանի խոսքով՝ Պուտինը հենց Հայաստանի օրինակով է փորձում փրկել իրավիճակը՝ փորձելով ցույց գտալ, որ տեսեք` Հայաստանը ԵԱՏՄ-ի կազմում տնտեսապես շահում է: Այնպես որ, քննարկման համաեվրասիական օրակարգ նույնպես կա:
«Միգուցե Պուտինին պետք է կարգավորել տանը ծագած այս ներքին վեճը, և այդ առումով Հայաստանի աջակցությունը կարող է իրեն պետք գալ, Հայաստանին սիրաշահելը կարող է պետք գալ Ղրղզստանի խնդիրները լուծելու համար: Այնպես որ, օրակարգում շատ հարցեր կան, ես չեմ ուզում տեղի ունեցածը կապել միայն Հայաստան-ԵՄ համաձայնագրի հետ»,- հավելեց նա:
Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ իր խարխլված վստահությունը բարձրացնելու համար, հատկապես վերջին շրջանի իրադարձությունների ֆոնին, երբ գործարկվեց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը, երբ Պուտինը Թեհրանում եռակողմ գագաթնաժողով անցկացրեց Ալիևի մասնակցությամբ, Պուտինը փորձում է ցույց տալ, որ Հայաստանն անտեսված չէ, որ շարունակում է մնալ ՌԴ-ի գործընկեր: Բայց քանի որ Ռուսաստանն Ադրբեջանին էլ պետք է իր կողմ գրավի, Ղարաբաղի խնդրով էլ փորձում է և Երևանին, և Բաքվին ուղերձներ փոխանցել:
«Արդեն Ադրբեջանին հավաստիացնում են, որ թող չանհանգստանա, կա ռուսական կարգավորման տարբերակ, Երևանին էլ փորձում են համոզել, որ չընդվզի այդ բանակցությունների դեմ, որովհետև Ադրբեջանը այսպես թե այնպես ստիպված կլինի ճանաչել Արցախի կարգավիճակը, քանի որ տնտեսական ծրագրերի համար խաղաղությունը պարտադիր է: Այսինքն` բավական բարդ խաղ է գնում»,- ասում է Սաֆարյանը: