Պաշտոնյաներն անամոթաբար «հիմնավորում» են՝ ինչու չեն ծառայել, ու միաժամանակ, «ոչ» ասում իրենց իսկ օգտագործած մեխանիզմներին. Ա. Սաքունց
12:29, November 6, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերՄարդիկ, որոնք ժամանակին առողջական կամ ուսման շարունակականության անվան տակ օգտվել են բանակից խուսափելու մեխանիզմներից, հիմա, երբ իրենց իսկ քաղաքականության հետևանքով ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ բանակում թվաքանակ պետք է ապահովվի, բոլոր իրենց կողմից օգտագործած մեխանիզմներին ասում են՝ «ոչ» ու շարունակում անամոթաբար «հիմնավորել», թե ինչու իրենք չեն ծառայել:
Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով վերջին շրջանում տարածված այն ոճին, որ այս կամ այն պաշտոնատար անձը, ում անունը կապվում է բանակում չծառայելու հետ, դեռ մի բան էլ նախահարձակ է լինում և լրագրողներին դիմում, ասելով` «գնացե՛ք, հետաքննություն անցկացրեք»:
Արթուր Սաքունցը նշեց, որ ՀՔԱՎ-ը տարիներ շարունակ գրավոր հարցումներ է ուղարկել Պաշպանության նախարարություն՝ պաշտոնատար անձանց զավակների ծառայության վայրի, պայմանների վերաբերյալ, սակայն մշտապես ՊՆ-ից հայտնել են, որ նման հաշվառում չեն իրականացնում:
Բայց, հատկապես ապրիլյան պատերազմից հետո, մահացածների հարազատների հետ հանդիպումներից ու նրանց մահվան հանգամանքների վերաբերյալ ունեցած տեղեկատվությունը ճշգրտելով, հայտնաբերել են կարևոր մի փաստ, որ, ըստ էության, 61 մահացածներից որևէ մեկի ընտանիքում պաշտոնատար անձ չկար։
«Այսինքն՝ մենք վերստին հանրային օրակարգ վերադարձրեցինք հարցը` ի վերջո, պաշտոնատար անձանց երեխաներն առհասարակ ծառայե՞լ են, թե ոչ, իսկ եթե ծառայել են, ինչպե՞ս է պատահում, որ առաջնագծում՝ ամենավտանգավոր տեղերում մարտական հերթապահություն իրականացնողների մեջ ներգրավված չեն նրանք»,- ասաց Արթուր Սաքունցը:
Ըստ նրա՝ պաշտոնյայի ծառայության վերաբերյալ պարզաբանում տալու հարցը հանդիսանում է հենց իշխանության մարմինների պարտականությունը, որովհետև հանրային պահանջն այս հարցի վերաբերյալ այնքան մեծ է, որ իշխանությունն այն բավարարելու պարտավորություն ունի:
Ավելին՝ այդ հանրային հարցադրումները վերաբերում են կոռուպցիային, հովանավորչությանը, ըստ սոցիալական վիճակի՝ խտրական մոտեցմանը: Հետևաբար, իրավապաշտպանը հարցնում է՝ ուրիշ ո՞վ, եթե ոչ իշխանությունը պետք է պետք շահագրգռված լինի հանրությանը փաստեր ներկայացնելու մեջ՝ հերքելու, բացատրելու և կամ հիմնավորելու իրենց այն թեզը, որ, իբր, պաշտոնատար անձանց երեխաները նույնպես ծառայում են:
«Իսկ այն ձևակերպումները, թե «կատարեք ուսումնասիրություն, ներկայացրեք փաստեր», դա նշանակում է կոծկել այդ հնարավոր հանցագործությունները, հնարավոր կոռուպցիոն մեխանիզմներով զինվորական ծառայությունից ազատելու, խուսափելու դեպքերը»,-հավելեց իրավապաշտպանը:
Նա նկատեց, որ ամենամեծ աբսուրդն այն է, որ նույն այդ մարդիկ, որոնք առողջական պատճառներով ազատվել են բանակից, հետագայում տաքուկ պաշտոններ են զբաղեցնում, անգամ՝ ուժային կառույցներում:
Իրավապաշտպանն այս առնչությամբ մեջբերեց Նախագահ Սերժ Սարգսյանի հրապարակային ելույթներից մեկից հատված, որ «թղթի վրա ամեն ինչ ճիշտ է»:
Այսինքն` ըստ Արթուր Սաքունցի մեկնաբանության՝ զինվորական ծառայություն չանցածների վրա, (պաշտոնատար անձանց երեխաների մասին է խոսքը կամ նրանց կողմից հովանավորվող ընտանիքների ու անձանց), փաստաթղթի վրա չի տարածվում այսպես կոչված՝ պաշտոններ զբաղեցնելու արգելքը, բայց իրական կյանքում ուրիշ է:
Իրական կյանքում արդեն պարզվում է, որ «Պարտադիր զինվորական ծառայության մասին» օրենքի նախագիծը հաստատվում է մի խորհրդարանի կողմից, որի պատգամավորների զգալի մասը չծառայածներ են:
«Էլ չեմ խոսում այն մասին, որ հենց պաշտպանության նախարարը, պաշտպանական գերատեսչական առանցքային պաշտոնյաներ, որոնք հանդես են գալիս հայրենասիրական ճառերով, իրենք պետության առաջ իրենց իսկ պարտքը չեն կատարել: Ոչ միայն չեն կատարում, այլև անամոթաբար այդ պարտքի չկատարելը հիմնավորում են տարատեսակ հիվանդություններով, կրթության շարունակականությամբ, որից իրենց օգտվել են: Իսկ հիմա, երբ իրենց իսկ քաղաքականության հետևանքով եկել է այնպիսի իրավիճակ, երբ պետք է բանակում թվաքանակ ապահովվի, հիմա բոլորն այս նույն մեխանիզմները, որոնցից իրենք օգտվել են ժամանակին, դրանց բոլորին հիմա իրենք ասում են՝ ոչ»,-ամփոփեց իրավապաշտպանը:
Ըստ որում, նրա խոսքով, սա անում են միաժամանակ թողնելով սողանցքներ` ֆինանսական կարողություններ ունեցող կամ կրթության «շարունակականությամբ» տոչորված անձանց համար:
Այս համատեքստում՝ իրավապաշտպանը չի մոռանում նշել, որ եթե բանակից խուսափելը մատուցվում է, նրանով, թե գնում են սովորելու աշխարհի լավագույն կրթական հաստատություններում, ապա դրանց համար, որպես կանոն, պետք են նաև ֆինանսական հսկա կարողություններ: