«Այն բոլոր ձևակերպումները, թե ընտանիքը պետք է փակ լինի, անձեռնմխելի, ուղղված են ընտանիքը որպես փակ համակարգ պահպանելուն». Ըստ Սաքունցի՝ կրկին երեւում է Կրեմլը
17:29, November 6, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
– Պարոն Սաքունց, թեև «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է կառավարությունը, սակայն ՀՀԿ-ն մեկ գիշերում որոշում կայացրեց այն լրջագույն փոփոխությունների ենթարկել, համարելով, որ այնտեղ խնդրահարույց կետեր կան։ Արդարադատության նախարարն էլ նշեց, որ նախագծում փոփոխություններ կկատարվեն` կասկածները փարատելու համար։ Ձեր կարծիքով` ի՞նչն էր պատճառը, որ ՀՀԿ-ն իր իսկ կառավարության ներկայացրած նախագծի վերաբերյալ փոխեց իր դիրքորոշումը։ Ի՞նչ հնարքի դիմեց իշխանությունը և ինչո՞ւ չէր կարող ընդունել այն այնպես, ինչպես կա։
– Նախ նշեմ, որ Հայաստանում որևէ որոշում կայացնելու համար, որը վերաբերում է Եվրամիությանը, հատկապես քաղաքական զգայուն թեմաների վերաբերյալ, մեծ ազդեցություն ունի Կրեմլի գործոնը։ Քաղաքական զգայուն թեմա ասելով նկատի ունեմ նաև ցանկացած քաղաքակրթական բնույթի փոփոխությանն առնչվող թեմաները։ Այսինքն՝ մենք հասել ենք մի կետի, որ եթե որևէ օրենսդրական փոփոխություն ենք ուզում կատարել ներքին, արտաքին քաղաքականության ոլորտներում, և այդ փոփոխությունն ուղղված է մեր կյանքին համահունչ իրավիճակի փոփոխությանը, ապա դա համարվում է զգայուն թեմա, որովհետև Կրեմլի քաղաքական դիրքորոշումը այդ քաղաքակրթական արժեքների ներմուծման, իրականացման, իրացման առումներով բավական կոշտ է ՌԴ-ում, և նման դիրքորոշումն նա նաև արտահայտում է այլ երկրներում, հատկապես, իր ազդեցության ներքո գտնվող երկրներում, և այդ երկրների վարչակազմերը, որոնք կախվածություն ունեն Կրեմլից, իրենց որոշումներում ինքնուրույն չեն, խոցելի և թույլ են։
– Կարծում եք՝ Կրեմլի կողմից կա՞ անմիջական ճնշում։
– Հիշեք առաջինը` ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, որը տեսանք, թե ինչպես մեկ գիշերվա ընթացքում փոխվեց, որովհետև ԵՄ-ի հետ Արևելյան գործընկերության ասոցացման համաձայնագիրը եթե 2013-ին ստորագրվեր, տնտեսական այլ դաշտում էինք գտնվելու։ Դա այն դաշտն էր, որտեղ Ռուսաստանի ազդեցությունը, ըստ էության, զրոյացվում է։ Սա տնտեսական առումով, էլ չեմ խոսում իրավական ոլորտը՝ դատական իշխանություն, ժողովրդավարական ինստիտուտներ, կոռուպցիա, էներգետիկա և այլն։ Հիմա կան արժեքներ, որոնք վերաբերում են բռնությունների կանխմանը, և այդ առումով ընտանեկան բռնության մասին օրենքը ոչ թե զուտ ընտանիքի ներսում հարաբերությունների խնդիրն է, այլ ընտանիքում տեղի ունեցող բռնությունների կանխմանն ուղղված մեխանիզմի մասին է խոսքը։ Դրա դեմ օգտագործվող ցանկացած հակափաստարկ կամ հիմնավորում ոչ միայն անտրամաբանական է, այլև կեղծ։ Այդ հակափաստարկները ներկայացնում են գոյություն ունեցող իրավիճակը։ Իմ համոզմամբ` այդ օրենքի նախագծի վերաբերյալ մեկ գիշերում դիրքորոշման փոփոխությունը և այն լրամշակման ուղարկելու մոտեցումը պայմանավորված է ոչ թե ներքաղաքական գործոններով, թեև արտաքուստ դրանք որպես այդպիսիք են հանդես գալիս, այլ եվրասիական քաղաքակրթության ներքին կրողների կողմից ճնշումների հետևանք է։ Ոչ թե նման մտածելակերպ ունեցող մարդկանց դիրքորոշման ազդեցությամբ է իշխանությունը փոխել իր վարքագիծը, այլ գիտակցում է, որ դրանք Կրեմլի գործակալներ են, հետևաբար, ինքը կարող է լուրջ խնդիրներ ունենալ Կրեմլի հետ։ Եթե ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը և նոր կնքվելիք համաձայնագիրը տնտեսական, էներգետիկ, ինստիտուցիոնալ բարեփոխումների հետ են կապված, ապա սա արդեն գալիս է ընտանիքի ինստիտուտի լուրջ բարեփոխմանը։ Սա քաղաքակրթական մոտեցում է, որը ենթադրում է անձի պատասխանատվություն իր գործողությունների համար, որը մեծացնում է անձի անհատականությունը՝ լինի կին, տղամարդ թե երեխա։
– Նախագծին դեմ արտահայտվողները նշում են, որ սա խարխլում է ընտանիքի հիմքերը, նաև նշում են, որ ընտանիքը պետք է փակ լինի իր խնդիրներով։
– Այն բոլոր ձևակերպումները, թե ընտանիքը պետք է փակ լինի, պետք է անձեռնմխելի լինի, ավելի շատ ուղղված են ընտանիքը որպես փակ համակարգ պահպանելուն, որովհետև փակ համակարգն է հանդիսանում եվրասիական քաղաքակրթության հիմնական հատկանիշը։ Եթե մարդու մտածելակերպը փոխվում է, որ ընտանիքը այլևս փակ չէ, նա արդեն այլ կատեգորիաներով է սկսում մտածել։ Ավելի բաց է սկսում մտածել, ավելի շատ պատասխանատու է։ Ժողովրդավարությունն առաջին հերթին օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքի մտածելակերպ է, որը որպես արժեքներ պետք է իրացվեն նաև ընտանիքի ներսում։ Կարծում եմ, որ այս օրենքի նախագծից հրաժարվելը պայմանավորված է մի կողմից Կրեմլի գործակալների գործողություններով, հակազդեցությամբ, և իշխանությունը գիտակցում է, որ այդ հակազդեցությունը գալիս է Կրեմլից, մյուս կողմից խոսում է այն մասին, որ իշխանությունը ներքուստ համոզված չէ այդ օրենքի ճշմարտացիության մեջ, որովհետև եթե ճշմարտացիության մեջ համոզված լիներ, համարեր դա իրապես կարևոր, դա հանդիսանար իր իշխանության արժեքային համակարգի հիմքը, ապա նա ամեն ինչ կաներ, որ այդ օրենքն ընդունվի։
– Իշխանությունը երկու քարի արանքո՞ւմ է հայտնվել՝ մի կողմից Կրեմլի ճնշումները, մյուս կողմից` ԵՄ-ից ակնկալվող դրամաշնորհները։
– Այն արժեքային համակարգը, որը դրված է «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի հիմքում, ենթադրում է բավականաչափ ինքնուրույնություն, և, նման արժեքային համակարգ ունենալով, իշխանությունը խոցելի չէր լինի Կրեմլի կողմից։ Այսինքն՝ ինքն ի սկզբանե իր արժեքային համակարգով գտնվում է Կրեմլի արժեքային համակարգի դաշտում։ Երբ կատարում է որոշակի քայլ, փորձելով իբրև թե բարեփոխումներ իրականացնել, քաղաքակրթության ուղղությամբ քայլ կատարել, ապա դա անում է ոչ թե որպես համոզմունք, այլ ձևական է անում, դրա համար էլ շատ հեշտությամբ է հրաժարվում իր այդ քայլերից արտաքին այլ ազդեցության ներքո, քանի որ ինքը համոզվածության հիման վրա չի իրականացնում այդ փոփոխությունը։ Կրեմլն ունի ստիպելու գործիքներ Հայաստանի իշխանությանը, որոնք են` էներգետիկ կախվածությունը, գործակալները կամ տնտեսական և կոռուպցիան, սրանք ստիպողական գործիքներ են։
– Եթե նախագիծը թուլացնեն հատկապես կանանց և երեխաների իրավունքների մասով, որքանո՞վ արդյունավետ օրենք կարող է լինել։
– Նախագծից ոչինչ չի մնա, կմնա ձևական մի փաստաթուղթ, չաշխատող և մեռած օրենք։ Ժամանակին այդպիսի օրենք էր «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքը, որն իբր էլի ազգային անվտանգությունից ելնելով ընդունեցին մեռած օրենք, բայց ժամանակի ընթացքում ստիպված էին փոփոխել, քանի որ կյանքն ապացուցեց, որ դա ամենևին էլ անվտանգության հետ որևէ առնչություն չունի։
– Սա ՀՀԿ-ի հերթական ձախողումը կլինի՞։
– Հանրապետականն ի սկզբանե ձախողված է իր կոռումպացված բնույթով, նա Կրեմլի Եվրասիական քաղաքակրթական տիրույթով գտնվող քաղաքական ուժ է։ ՀՀԿ-ն պարտված է քաղաքակրթությանը ի սկզբանե, և սա էլ դրա հերթական ապացույցն էր։