ԲՀԿ-ն որոշել է, ՀՎԿ-ում դեռ կքննարկեն. Վանաձորի հետագա ճակատագիրը՝ «դասալիք» ավագանիների ձեռքերում
20:49, November 11, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՍահմանադրական դատարանը նոյեմբերի 10-ին հրապարակած վճռով հակասահմանադրական է ճանաչել Վանաձորի ավագանու մինչ այժմ անցկացված նիստերը։ Բարձր դատարանի որոշմամբ՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ կետը հակասահմանադրական է։ Վանաձորի համայնքի ավագանու առաջին նիստի՝ 2017թ. մարտի 31-ի N 2-Ն, 7-Ն, 8-Ն, 9-Ն որոշումները հակասահմանադրական են։ Սահմանադրական դատարանի որոշումներն ուժի մեջ են մտնելու մարտի 31-ին։
Հիշեցնենք, որ ՏԻՄ օրենքի հենց հակասահմանադրական ճանաչված դրույթին հղում անելով էր Վանաձորի՝ մասնագիտությամբ իրավաբան քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը նիստեր հրավիրում ու որոշումներ ընդունում։
Վանաձորում ՀՎԿ-ն, ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն միասին ունեն 18 մանդատ։ Այս ամիսների ընթացքում Վանաձորի ավագանու ՀՀԿ և ՀՅԴ ավագանիները, միասին ունենալով 15 մանդատ, ուստի և քվորում չունենալով, նիստեր էին անցկացնում ու որոշումներ ընդունում։ Հաստատվել է բյուջե, ընդունվել են մի շարք որոշումներ, որոնք փաստորեն ուժը կորցրած են ճանաչվելու։
Այս իրավիճակում իշխող Հանրապետականը Վանաձորում մեկ ելք ունի՝ բերման ենթարկել ավագանու այն 4 անդամներին, ովքեր քվեարկել էին հօգուտ քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի, սակայն այդ մասին չեն խոստովանում, քանի որ ավելի վաղ իրենց ներկայացրած կուսակցությունները հուշագիր էին ստորագրել քաղաքապետի ընտրություններում ԼՀԿ թեկնածու Քրիստ Մարուքյանի թեկնածությունը պաշտպանելու վերաբերյալ։ Եթե ՀՀԿ-ին հաջողվի դա անել, դրանից հետո գումարվող նիստերն արդեն հակասահմանադրական չեն լինի, բայց միևնույն է՝ ուժը կորցրած կհամարվեն այն բոլոր որոշումները, որոնք ավագանին ընդունել է և կընդունի մինչև մարտի 31-ը։
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ Սահմանադրական դատարանի որոշումը հստակ էր և որևէ մեկնաբանության տեղիք չի տալիս. «Այսինքն՝ Սահմանադրական դատարանը հաստատեց «Ծառուկյան» և «Ելք» դաշինքների հայցադիմումում առկա փաստերն առ այն, որ Վանաձորի ավագանին խախտում է բազմաթիվ օրենքներ՝ հրավիրելով ավագանու հակաօրինական նիստեր, որոնք դե յուրե իրավազոր չեն։ Այս ամիսների ընթացքում 15 հոգով Վանաձորի ավագանու նիստ հրավիրելը եղել է բացարձակապես օրենքից դուրս, ուստիև օրենքից դուրս են այն բոլոր որոշումները, որոնք ընդունվել են ապօրինի ավագանու կողմից»,- ասաց Զոհրաբյանը։
Մեր զրուցակիցը նշում է, որ ստեղծված իրավիճակից երկու ելք կա. «Կա՛մ Վանաձորի բոլոր քաղաքական ուժերը ավագանու միջից նոր քաղաքապետ են ընտրում, եթե, իհարկե, ՀՀԿ-ն իր կոալիցիոն գործընկերոջ հետ չի պատրաստվում արհամարհել դատարանի որոշումը, կա՛մ երկրորդ տարբերակը՝ ավագանին լուծարվում է, և նշանակվում են Վանաձորի ավագանու նոր ընտրություններ։ Ես կարծում եմ, որ սա է լուծումը։ Հուսով եմ, որ կոալիցիոն կուսակցությունները, որոնք առիթը բաց չեն թողնում խոսել օրենքից ու Սահմանադրությունից, չեն փորձի արհամարհել ՍԴ որոշումը ու չեն շարունակի ապօրինի նիստերի անցկացումը»։
Մեր դիտարկմանը, թե ՀՀԿ-ի ելքը նաև «դասալիք» ավագանիներին «բերման ենթարկելն է», տիկին Զոհրաբյանն արձագանքեց. «Այս ամիսների ընթացքում, վստահ եղեք, իրենք պարբերաբար փորձել են տարբեր միջոցներով ներազդել նաև, այո՛, ԲՀԿ ավագանու անդամների վրա, բայց արդյունքը զրո է եղել։ Իսկ մենք գիտենք, թե ներազդելու ինչ լայն միջոցների է տիրապետում իշխող քաղաքական ուժը։ Ես չեմ կարծում, թե ամիսների անպտուղ ջանքերից հետո իրենցից որևէ մեկը համարձակություն կունենա նորից մոտենալ, ներազդել կամ ինչ-որ կերպ բանակցել ԲՀԿ ավագանիների հետ։ Բացառվում է, որ որևէ մեկը մեր ավագանիներից մասնակցի ապօրինի ավագանու ապօրինի նիստերին»,- եզրափակեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավորը։
Վանաձորի ավագանու նիստերը բոյկոտող «Հայկական վերածնունդ» կուսակցությունը ավագանու գործունեության հետագա ընթացքի վերաբերյալ որոշում չունի։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՀՎԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը փոխանցեց, որ իրենք այդ հարցն առայժմ չեն քննարկել, և ճիշտ չի համարում անձնական դիրքորոշում հայտնել։
Ի դեպ, ԲՀԿ-ն ավագանիում ունի ընդամեեը երեք անդամ, ՀՎԿ-ն՝ հինգ, և «Լուսավոր Հայաստանը»՝ 10։ Նախնական հուշագիրը խախտած ավագանիները, հիշեցնենք, չորսն էին։ Ավագանու նիստի ընթացքում քաղաքապետի ընտրության ժամանակ ԲՀԿ ավագանու անդամ Հրանտ Մարգարյանը նույնիսկ հայտարարեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ցանկություն ունի բաց քվեարկելու, սակայն դա թույլ չտրվեց։
Վանաձորի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Սահմանադրական դատարանի որոշումը իրավիճակ փոխելու հնարավորություն է տալիս. «Առայժմ վճռի էությունը միանշանակ պարզ չէ։ Վճռի եզրափակիչ մասին ծանոթանալուց հետո այն կարծիքին եմ, որ, այո, նշվում է, որ հակասահմանադրական են Վանաձորի ավագանու մինչ այժմ ընդունված որոշումները, բայց արդյոք դա ուղղակի ազդեցությո՞ւն է ունենալու ընդունված որոշումները չեղյալ հայտարարելու տեսանկյունից։ Ընդհանրապես՝ ի՞նչ իրավական հետևանքներ են լինելու՝ հայտնի չէ։ Արդյոք արդեն մարտի 31-ին կհաստատվի՞, որ մինչ այդ ընդունված որոշումները ուժը կորցրած են»։
Իրավապաշտպանը նշում է, որ կոնկրետ «Լուսավոր Հայաստանի» համար սա կարող է քաղաքական լավ գործոն դառնալ՝ իր ավագանու նիստերը չմասնակցելը լեգիտիմացնելու հետ կապված: «Այսինքն՝ իրենց չմասնակցելը արդարացված է։ Այն բոլոր մանիպուլյացիաները, որի ընթացքում փորձում էին ներկայացնել, թե իբր քաղաքի ու իրենց ընտրողի առջև պատասխանատվություն չունեն՝ հիմք չունեն։ Չի կարելի խախտումներով, մանդատագողությամբ մտածել քաղաքի մասին»,- ասաց Արթուր Սաքունցը։
Մեր զրուցակիցը հավելում է. «Արձանագրենք մի կարևոր փաստ՝ քաղաքապետը, մարզպետը ըստ էության գործել են Սահմանադրության տրամաբանությանը հակառակ։ Մենք ունենք մի այսպիսի իրավիճակ՝ իշխանության տեղական ինքնակառավարման մարմինները, նաև արդարադատության նախարարությունը (նորմատիվ ակտերը պետք է հաստատվեն ու գրանցվեն ՍԴ-ի կողմից) ունեն հակասահմանադրական մտածելակերպ ու գործելակերպ։ Իսկ սա առավել քան ցայտուն օրինակ է, թե ինչպիսին է իշխանության՝ Սահմանադրության նկատմամբ ունեցած վերաբերմունքը։ Այն Սահմանադրության, որի բարեփոխմամբ իրենք այդպես մտահոգ էին»։