ԵՊՀ-ում ձգձգել, ապա հրաժարվել են զեղչել ապրիլյան քառօրյայի մասնակցի ուսման վարձը. ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ խնդիրը լուծվեց
10:09, November 21, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կրթության իրավունքԵրևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի ուսանող Կ. Ղ.-ի մայրը այս տարվա հոկտեմբերին ահազանգել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակ, որ ապրիլյան քառօրյայի մասնակից որդուն ուսման վարձի մասնակի փոխհատուցում չեն տրամադրում:
Կ. Ղ.-ը մեկ տարի ուսանելուց հետո 2015-ին զորակոչվել է զինված ուժեր, որտեղ էլ մասնակցել է 2016 թ. ապրիլի պատերազմական գործողություններին: Զորացրվելուց հետո 2017 թ. օգոստոսին մարտական գործողություններին մասնակցելու մասին փաստաթղթերը ներկայացրել է Համալսարան, սակայն նախ հայտնել են, որ ծրագրային խնդիրների պատճառով պետք է ավելի ուշ դիմում ներկայացնել և ստանալ ուսման վարձի փոխհատուցում, ապա դիմումը երկրորդ անգամ ներկայացնելուց հետո հայտնել են, որ ուսման վարձի մասնակի փոխհատուցման համար դիմում ներկայացնելու վերջնաժամկետն անցել է, և նա այլևս չի կարող օգտվել այդ արտոնությունից:
Կ. Ղ.-ի խախտված իրավունքները վերականգնելու և ուսման վարձի զեղչ տրամադրելու հարցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2017 թ. հոկտեմբերի 12-ին դիմեց ՀՀ Կրթության և գիտության նախարարություն, որից հետո խնդիրը լուծվեց:
Այնուամենայնիվ ԿԳ նախարարի տեղակալ Վ. Մկրտչյանը պատասխան գրությամբ պնդել էր, թե Կ. Ղ.-ի առաջին դիմումում ուսման վարձի զեղչման մասին խոսք չի եղել, այն միայն վերաբերել է ուսանողական իրավունքները վերականգնելուն, այդ մասով էլ դիմումը քննարկվել է դեկանատում: ԿԳ նախարարի տեղակալը անուղղակի կերպով հերքել է նաև երկրորդ դիմումի պատասխանի վերաբերյալ ուսանողի պնդումները և հայտնել, որ ռեկտորատի 2017 թ. հոկտեմբերի 16-ի նիստում որոշվել է ուսման վարձի փոխհատուցում տրամադրել Կ. Ղ.-ին:
Ուշագրավ է, որ Նախարարի տեղակալի վկայակոչած ռեկտորատի նիստը տեղի է ունեցել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ԿԳ նախարարին գրություն ուղարկելուց հետո միայն, սակայն Վ. Մկրտչյանը իր պատասխանում դրա մասին որևէ ակնարկ չի անում և իրադարձությունները ներկայացնում այնպես, կարծես խնդիրը լուծվել է դրանից առաջ: