ԵՄ-Հայաստան համաձայնագիրն առանց ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր չէ կատարել. Արթուր Սաքունց
17:43, November 27, 2017Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ԱԺ-ում անցկացվող՝ «ԵԱՏՄ-ից դուրս գալու» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ առաջարկեց ԵԱՏՄ անդամ երկրներում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ զեկույցներն ուսումնասիրել:
Իրավապաշտպանն լսումների մասնակցողներին առաջարկեց ամբողջությամբ կարդալ «Human Rights Watch» կազմակերպության 2013-ից 2016 թվականի զեկույցները, կարդալ «Freedom Hause» կազմակերպության գնահատականները: «2013 թվականի ՌԴ-ն դեռեւս համարվում էր մասնակի ազատ, իսկ հիմա ընդհանրապես ոչ ազատ երկիր է համարվում: Սա «հոյակապ» առաջընթաց է, կոռուպցիայի տեսակետից «հոյակապ» առաջընթաց՝ ծաղկում է, զարգանում է»,- ասաց Արթուր Սաքունցն ու անցում կատարեց ԵԱՏՄ անդամ երկրներում իշխանափոխության հնարավորությանը: Իրավապաշտպանը նկատեց, որ սահմանադրականությունը անդամ երկրներում դառնում է քաղաքական նպատակահարմարության հարց՝ անձնական իշխանությունը պահպանելու համար: Արթուր Սաքունցը համեմատության համար բերեց նաեւ Ադրբեջանի օրինակը, ըստ որի՝ Ադրբեջանի դեպքում իշխանությունը փոփոխվում է ինտիմ ճանապարհով:
«Անդամ պետություններին բնորոշ են համակարգային անպատժելիությունը, բացարձակապես անհաշվետվողականությունը եւ անպատասխանատվությունը սեփական երկրի քաղաքացիների առջեւ: Եթե պատասխանատվություն ունենար, կունենար գոնե ամոթի զգացում, որ իրար հաջորդականությամբ մինիստր, պրիրեմերմինիտսր չփոխեին, կամ մեկը չմնար անընդհատ նախագահ»,- ասաց Արթուր Սաքունցը՝ նշելով, որ ԵԱՏՄ-ի ստեղծման նախաձեռնությունը ՌԴ-ինն է, անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինինը:
Անդրադառնալով «Ելք» դաշինքի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու նախաձեռնությանը, Արթուր Սաքունցն ասաց, որ դաշինքի բարձրացրած հիմնական հարցն ուղղված է ԱԺ-ի կայուն մեծամասնությանը: «Բառացիորեն ԵՄ-ի հետ կնքված խորը եւ համապարփակ համագործակցության պայմանագիրը, եթե ուշադիր կարդաք, դա ենթադրում է բազմաթիվ հանձնառություններ, այդ թվում՝ տնտեսական հանձնառություններ, որոնց իրականացումն առանց ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր չէ»,- հայտարարեց Արթուր Սաքունցն ու նշեց, որ հակառակում որեւէ մեկը չի կարող համոզել: