Ազգ–բանակ հայեցակարգը նպաստելու է արտագաղթի մեծացմանը
15:33, December 11, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Փաստ» օրաթերթի հյուրն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տնօրեն Արթուր Սաքունցը
– Պարոն Սաքունց, դուք դեմ եք ազգ–բանակ հայեցակարգին: Որտե՞ղ է ձեր մտավախությունը:
– Նախ ազգ–բանակ հայեցակարգն ամբողջովին հակասահմանադրական է: Ընդ որում, հակասահմանադրական լինելով, նաև հակաժողովրդավարական է:
Բանն այն է, որ ժողովրդավարական մոտեցումը ենթադրում է, որ հասարակության տարբեր շերտեր պետք է մասնակցություն ունենային հայեցակարգի մշակմանը: Իսկ նման բան տեղի չի ունեցել:
Ապա հայեցակարգը, որպես տեքստ, չկա: Այսինքն՝ այն տեքստային տարբերակով գոյություն չունի: Քանզի պետք է գրավոր նշվեն նպատակները, ենթադրվող խնդիրները, նաև այն գործողությունների մասին պետք է ասվի, որոնք ուղղված են լինելու տվյալ խնդիրների լուծմանը:
Եվ եթե հայեցակարգի նպատակը տեղափոխվում է ընդամենը հրապարակախոսական բանավոր ժանրի մեջ, ապա դա արդեն իսկ հակաժողովրդավարական քայլ է:
Սակայն, այս ամենով հանդերձ, ազգ–բանակ կոնցեպտը հասարակության մեջ սոցիալական անարդարությունը խորացնելու միտում ունի: Քանզի նպատակը հետևյալն է՝ հայեցակարգի՝ առաջարկվող «Ես եմ», «Պատիվ ունեմ» բաղադրիչների միջոցով ապահովել մարտական հերթապահությունը սոցիալապես անապահով խավի հաշվին: Երբ նրանց առաջարկվում է երեք տարվա պայմանագրային ծառայություն՝ երկու տարվա պարտադիր ծառայության փոխարեն: Եվ սրա դիմաց տրվում է հինգ միլիոն դրամի խոստում:
Իսկ բակալավրիատում սովորել ցանկացող երեխաներին էլ տրվում է տարկետման իրավունք՝ պայմանով, որպեսզի, լեյտենանտի կոչում ստանալով, երեք տարի ծառայեն մարտական հերթապահության դիրքերում:
– Բայց, այսպես թե այնպես, երիտասարդները ծառայում էին և ծառայում էին առաջնագծում նաև:
– Բանն այն է, որ սոցիալական անարդարության հարցերը մենք բազմիցս բարձրացրել ենք: Հատկապես, երբ դրանք առավել ակնհայտորեն երևացին ապրիլյան պատերազմի ժամանակ: Եվ իշխանությունները, փոխանակ այդ խնդիրները լուծեն, առաջարկվող կոնցեպտով և դրա հիման վրա Զինապարտության մասին և Զինվորական ծառայություն անցնելու մասին օրենքների մեջ ներառվող նոր հոդվածներով փաստորեն սոցիալական անարդարությունն ամրապնդում են արդեն օրենսդրական մակարդակով:
– Կշեռքի մյուս նժարին էլ բանակի հարցն է. մենք գիտենք, որ այն համալրելու խնդիր կա: Հասկանալի է, որ արտագաղթ է եղել երկրում, երիտասարդների թիվն է պակասել: Բայց այսօր ունենք այն, ինչ ունենք: Եղած իրավիճակը չի՞ արդարացնում ազգ–բանակ հայեցակարգի ներդումը:
– Այնպես չէ, որ մեր երկրում ժողովրդագրական նման վիճակ է ստեղծվել մարսեցիների պատճառով, կամ տարածված վիրուսից են մարդիկ երկրից փախչում: Դա հետևանք է տարիներ շարունակ իշխանության կողմից վարվող քաղաքականության:
Եվ ցավալին այն է, որ մենք այսօր ևս չենք տեսնում փոփոխություն այդ քաղաքականության մեջ: Խնդիր չի դրվում ապահովել քաղաքական և տնտեսական իրական ազատությունները: Այն է՝ ստեղծել տնտեսական գործունեության մրցակցային միջավայր, անցկացնել ազատ և արդար ընտրություններ, պաշտպանել խոսքի ազատությունը, երկրում ձևավորել արդար և անկախ դատարաններ, կոռուպցիան նվազեցնել:
Մինչդեռ նման փոփոխությունները կհանգեցնեն ժողովրդագրական վիճակի բարելավմանը: Քանզի այս դեպքում պետությունն արդեն գրավիչ կլինի քաղաքացիների համար, և վերջիններս կմնան իրենց երկրում ու չեն հեռանա այնտեղից:
Եվ եթե այս ամենը չի արվում, ուրեմն հիմք չունենք մտածելու, թե իշխանության կողմից վարվող այս քաղաքականությունը՝ ներդրվող ազգ–բանակ հայեցակարգը, նպատակ ունի ամրապնդել երկրի անվտանգությունը:
Երբ ոչինչ չի արվում վիճակը շտկելու ուղղությամբ, ապա առաջարկվող նոր մոտեցման մեջ կրկին մարդկային, տնտեսական, ֆինանսական եղած սուղ ռեսուրսների շահագործման սկզբունքն է գերակայում:
Իսկ այս իրավիճակը էլ ավելի կհյուծի օրգանիզմը, եթե այդպիսին պատկերացնենք մեր երկիրը: Քանի որ խնդիրների լուծման ելակետը ոչ թե նոր ռեսուրսների ստեղծումն է, այլ եղած ռեսուրսների էլ ավելի ինտենսիվ շահագործումը:
Եվ այս փաստը միանշանակ հանգեցնելու է արտագաղթի մեծացմանը, հասարակության մեջ սոցիալական անարդարության խորացմանը: Նաև, ամենակարևորը՝ կոռուպցիայի ավելացմանը: Քանզի կոռուպցիան հրապարակային չի լինում, այն ծավալվում է գաղտնիության պայմաններում: Իսկ բանակը, հասկանալի է, փակ կառույց է: Եվ այս պայմաններում պարարտ հող կարող է այստեղ առաջանալ կոռուպցիայի ծաղկման համար: Նշանակում է՝ եղած սուղ ռեսուրսներն էլ կմտցվեն կոռուպցիայի երախը:
Ուստի միանշանակ է, որ այս հայեցակարգի ներդրումը պարզապես պարազիտային մոտեցում է պետության և ժողովրդի նկատմամբ: