«Վենետիկի հանձնաժողովին ուղարկվել է Դատական օրենսգրքի մի տարբերակ, ՀՀ խորհրդարանում ընդունվել մեկ ուրիշը». Արթուր Սաքունց
14:57, December 25, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՓաստաբան Հայկ Ալումյանի կարծիքով՝ խորհրդարանի կողմից ընդունված՝ այսպես կոչված բարեփոխված Դատական օրենսգրքում անգամ ձգտում չկա լուծել այն խնդիրը, որ յուրաքանչյուր դատավոր իրեն անկախ զգա:
«Մեդիա կենտրոնում» «Դատական օրենսգրքի ընդունումը խորհրդարանում. խնդրահարույց դրույթներ և մտահոգություններ» թեմայով հրավիրված քննարկմանը պարոն Ալումյանը մանրամասնեց. «Եթե անգամ դատական համակարգն ինքն իրենով լինի անկախ, դա դեռ երաշխիք չէ, որ յուրաքանչյուր դատավոր կլինի անկախ և կզգա իրեն որպես անկախ սուբյեկտ: Հիմա դատավորների նկատմամբ հաճախ է ճնշում իրականացվում դատական իշխանության վերնախավի կողմից: Մենք պիտի ձգտենք ոչ այնքան դատական իշխանության անկախության, այլ որ յուրաքանչյուր դատավոր ինքն իրեն զգա անկախ, ինչին այս օրենսգիրքը տպավորություն է, որ անգամ չի էլ ձգտում»:
Պարոն Ալումյանը նկատեց, թե մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ցանկացած դրական փոփոխություն արվել է ոչ թե ՀՀ իշխանությունների, այլ Վենետիկի հանձնաժողովի, ԵԽ-ի, ԱՄՆ դեսպանատան, ՄԻԵԴ-ի վճիռների ճնշման տակ:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հայտարարեց, որ խորհրդարանում ընդունված օրենսգրքի տարբերակը Վենետիկի հանձնաժողովին ուղարկվածը չէ. «ՀՀ ԱԺ-ում քվեարկության է դրվել մեկ նախագիծ, իսկ Վենետիկի հանձնաժողովին ուղարկվել մեկ ուրիշը: 100 հազար դրամ տուգանքի դրույթը չի եղել Վենետիկի հանձնաժողովին ուղարկված տարբերակում: Սա մանր խուլիգանություն է: Մի կողմից զարմացած չեմ, մյուս կողմից էլ սա ցույց է տալիս, որ իշխանություններն այնքան վստահ չեն իրենց նախագծի վրա, որ սկսում են նաև այդ մակարդակում այսպիսի աճպարարությամբ զբաղվել»: Նա վրդովվեց, թե դատարանների կողմից անգամ ծպտուն չկա:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն էլ նշեց, թե դատական նոր օրենսգրքով ձևի փոփոխություն է տեղի ունենում, այլ ոչ բովանդակության. «Մյուս տարվանից այսպես կոչված դատաիրավական բարեփոխումների շրջանում ունենում ենք ձևի փոփոխություն, իսկ բովանդակությունը նույնն է մնում: Հիմա ոչ թե նախագահից է լինելու կախված դատաիրավական համակարգը, այլ կախված է լինելու կուսակցությունից՝ գլխավոր քարտուղարից, այսինքն՝ նախագահից: Ստացվում է, որ ունենում ենք նույն իրավիճակը: Փաստորեն, Դատական օրենսգիրքը դառնում է արդեն ինչ-որ իմաստով երկրորդական»:
Նախագծով սահմանված՝ դատավորների նկատմամբ 100 հազար դրամների տուգանքների վերաբերյալ մտահոգությունների մասին «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի Տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Խաչատուրյանն ասաց. «Այս սանկցիան կկիրառվի ոչ հավասարաչափ, այլ կողմերից միայն մեկի՝ այս դեպքում փաստաբանի նկատմամբ: Ակնհայտ է, որ փաստաբանը զրկված է լինելու անկողմնակալ դատարանի կողմից իր՝ քրեական մեղադրանքի քննության իրավունքից: Սա ոչ թե դատավորի խնդիրն է, այլ բոլորիս, քանի որ գնում ենք դատավորի մոտ ստանալու մեր իրավունքների պաշտպանությունը»:
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի ղեկավար Հայկուհի Հարությունյանն էլ ցավով նշեց, որ մինչև այս տեղի ունեցած հետազոտությունները, որոնք բարձրաձայնում էին ոլորտի խնդիրները, իրականում ամբողջությամբ անտեսվեցին. «Մինչ Վենետիկի հանձնաժողովը պատրաստում էր կարծիք այս սահմանադրական օրենքի կարծիքի վերաբերյալ, ընդունվեց և մշակվեց մի նոր նախագիծ՝ գործող դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին: Այսինքն՝ զուգահեռ ՀՀ ԱԺ կայքում դրված է նույն օրենքի վերաբերյալ երկու նախագիծ՝ մեկը սահմանադրական օրենք դատական օրենսգրքի նախագիծ, մյուսը գործող դատական օրենսգրքի վերաբերյալ փոփոխությունների իրականացման նախագիծը: Դրանք էլ կարգավորումների տեսանկյունից հակասություններ են պարունակում»: