Ընդվզման հիմնական պատճառը. Անկանխատեսելի ֆորսմաժորային իրավիճակ
15:32, January 6, 2018 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՄեր զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը
Պարոն Սաքունց, Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, որ պետք է անցներ թոշակի, Սերժ Սարգսյանի հրամանագրով մնալու է ևս մեկ տարի։ Սա ինչի՞ մասին է խոսում, իշխանությունը չունի՞ նրան այլընտրանք։
Եթե հիշենք, Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման ժամկետն առաջին անգամ չէ, որ երկարացվում է։ Այնպես չի, որ իշխանությունը կադրեր չունի, որովհետև, ինչպես տեսանք, ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի փոխարեն շատ լավ էլ կադր ճարեցին՝ հանձինս Կուտոյանի։ Ճիշտ կլինի, եթե Սերժ Սարգսյանը պարզաբանի, թե որն է իր հրամանագրի տրամաբանությունը, որովհետև որևէ տրամաբանություն փնտրել, նկատի ունեմ պրոֆեսիոնալ, մասնագիտական կամ ինստիտուցիոնալ գործոնների տեսակետից, շատ դժվար է։ Սերժ Սարգսյանի կադրային քաղաքականության և ընդհանրապես կառավարման հիմքում օբյեկտիվ գործոնները չեն որոշիչ։ Չեմ կարծում, որ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնի համար ինքը թեկնածու չունի, չնայած պետք է հիշեցնեմ, որ ժամանակին Գլխավոր դատախազի պաշտոնից հենց ինքը հեռացրեց Աղվան Հովսեփյանին, ու այդպես էլ չհասկացանք, թե ինչու այդպես տեղի ունեցավ։ Եթե չգիտենք պատճառները, որոնց հիման վրա Սերժ Սարգսյանը նշանակում կամ ազատում է մարդկանց, շատ դժվար է ենթադրություններ անել։Ես կարող եմ միայն մեկ ենթադրություն անել, որ գուցե այս պահին պարզապես Սերժ Սարգսյանը գտնում է, որ Աղվան Հովսեփյանը առավել քան երբևէ հարկավոր է իր իշխանության ապահովման տեսակետից՝ քրեական բնագավառում քիչ թե շատ վերահսկողություն իրականացնելու համար։ Իր համար այսպես կոչված այս անցումային փուլում հիմնականը պետական ինստիտուտների կայունությունն է ոչ թե պետության շահի, այլ նախագահի պաշտոնից վարչապետական ինստիտուտի՝ անցնցում և կառավարելի անցման տեսակետից։ Ես միակ պատճառն այդտեղ եմ տեսնում, երևի գտնում է, որ առավել կառավարելի Քննչական կոմիտեն ունենալու համար՝ տիրապետելու առումով, Աղվան Հովսեփյանն է ձեռնտու։
Տարեվերջյան ուղերձում Սերժ Սարգսյանը նշեց, որ քաղաքացիները պետք է զգան շոշափելի փոփոխությունները 2018-ին, նաև նշեց, որ բոլորս պետք է նպաստենք, որ հայրենիք վերադառնան բոլոր հայերը։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, և 2018-ին իսկապես կարո՞ղ են փոփոխություններին միտված իրական քայլեր արվել։
Ես արդեն առիթ ունեցել եմ նշելու, որ Սերժ Սարգսյանի տարեվերջյան ելույթը չեմ լսել և կարծում եմ՝ որևէ անհրաժեշտություն էլ չկար լսելու կամ ժամանակ վատնելու հերթական ելույթը լսելու համար, որն ասվել է ոչ թե բովանդակային տեսակետից, այլ ավանդույթի ուժով։ Նա հերթական անհեթեթությունները պետք է ասի, որովհետև կառավարման տեսակետից ստեղծված իրավիճակն անհեթեթ է հասարակության, պետության շահերի առումով։ Իր իշխանության համար անհեթեթ չէ, որովհետև իշխանության տրամաբանության հիմքում ոչ թե պետության ու հասարակության շահերն են, այլ իր ու իր խմբի շահերը։ Ինչ վերաբերում է նրան, որ քաղաքացիները 2018-ին կվերադառնան հայրենիք, Սերժ Սարգսյանը դեռ պետք է հասարակությանը պատասխան տա և ընդունի, որ հենց իր կառավարման տարիներին, պաշտոնական տվյալներով, մոտ 320 հազար մարդ անվերադարձ արտագաղթել է։ Իսկ արտագաղթի պատճառների վերացման ուղղությամբ ինքը վերջին 10 տարիներին ոչինչ չի արել։ Հիմա ինչու պետք է նա այդ ուղղությամբ քայլեր անի նոր պաշտոնի անցնելու կապակցությամբ, անհասկանալի է, հատկապես, որ բովանդակային առումով իշխանության որակը չի փոխվել, տնտեսության կառուցվածքը չի փոխվել, մնում է նույն օլիգարխիկ կառավարմանը ենթակա, պետական ապարատն ամբողջությամբ կուսակցականացված է։ Ինքը որպես Կևորկովի օգնական, պետք է քաջ գիտակցի, որ մեկ կուսակցության վրա հիմնված համակարգն ամենաանարդյունավետն է։ Այսինքն՝ նրա ելույթում հնչած այդ խոսքերը քարոզչական նպատակներով ասված հերթական արտահայտություններն են, որոնք որևէ աղերս չունեն իրականության հետ։ Դա հերթական խաբեություն է, ինչպես խաբեություն է նրա հայտարարությունը, թե մինչև 2040 թվականը Հայաստանի բնակչությունը 4 մլն է դառնալու։ Նույնպիսի խաբեություն, ստախոսություն են խոսքերը, որոնք վերաբերում են կոռուպցիայի դեմ պայքարին, զինված ուժերի արդիականացմանը։ Սերժ Սարգսյանը բացարձակապես որևէ պետական ծրագիր չի իրականացնում, հետևաբար նրա որևէ խոսքին ուշադրություն դարձնելն իմաստ չունի։
Նոր տարին սկսվեց բենզինի, դիզվառելիքի, գազի ու այլ առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացմամբ։ Տեսակետ կա, որ այս իրավիճակը կարող է հանգեցնել նրան, որ անգամ օլիգարխները կսկսեն ապստամբել։ Դուք համամի՞տ եք, որ ստեղծված իրավիճակը նման զարգացում կարող է ունենալ։
Ես հասկանում եմ, որ տնտեսագիտական առումով նրանց որակում են որպես օլիգարխներ, բայց Հայաստանում դասական իմաստով օլիգարխներ չկան։ Նրանք ընդամենը Սերժ Սարգսյանի մեկ կուսակցական համակարգում տնօրեններ են նշանակված։ Խաչատուր Սուքիասյանի և Գագիկ Ծառուկյանի հետ կապված դեպքերը ցույց տվեցին, որ Հայաստանում օլիգարխիան, որի ներկայացուցիչները, որպես միավորներ, որոնք կարող են ապստամբել, ինքնուրույնություն դրսևորել, գոյություն չունեն։ Այստեղ պատճառները բոլորովին այլ կարող են լինել։ Սերժ Սարգսյանը շատ լավ գիտակցում է, որ ռեսուրսները սուղ են կառավարելի վիճակը պահպանելու համար, իսկ նա այդ վիճակը պահպանում էր իր կողմից տարբեր բիզնեսներում նշանակված դիրեկտորական խավի միջոցով։ Հիմա նա այդ մարդկանց մի մասին հեռացնելու է, ակնհայտ դժգոհություններ են լինելու, բայց այդ դժգոհությունները կվերածվե՞ն դժգոհության կամ ըմբոստության, ես խիստ թերահավատ եմ, որովհետև օլիգարխ կոչվածները պարզապես փուչիկ են։ Իրենց պարզապես թույլատրված է գոյություն ունենալ այն մանդատի շրջանակներում, որ տրված է Սերժ Սարգսյանի կողմից։ Ժամանակին դա տրված էր Ռոբերտ Քոչարյանի կողմից, հիմա էլ Սերժ Սարգսյանն է այդ մանդատի շրջանակները որոշողը, բայց այդ մանդատի իրականացման հնարավորություններն են սուղ։
Դժգոհողներ, ակնհայտորեն, լինելու են։ Կոռուպցիոն այդ տաշտակից օգտվողների քանակը կրճատվելու է, և դա ոչ միայն դիրեկտորական օլիգարխներին է վերաբերելու, այլև բյուջետային աշխատողներին։ Խոսքը վերաբերելու է նաև կոռուպցիոն համակարգում մարդկանց թվին, որը կրճատվելու է, իսկ դա հանգեցնելու է արտագաղթի։ Նրանք ըմբոստանալու որևէ իրական հիմքեր չունեն։Մյուս կողմից, այս պատկերում հիմնական գործոնը մնում է անկանխատեսելի ֆորսմաժորային վիճակը, որովհետև արդեն սուբյեկտիվ գործոններն են դառնալու որոշիչ։ Կարող է այդ սուբյեկտիվ գործոնը գործի դրվի ընդվզման, ըմբոստության տեսքով, բոլորովին այլ մարդկանց կողմից, որը չի լինի չքավոր խավը, դիրեկտորական խավը, այլ կարող են լինել բոլորովին այլ մարդիկ։ Այսինքն այսօր դեռ շատ վաղ է խոսել Հայաստանում ընդվզման մասին, բայց որ ընդվզման համար անհրաժեշտ նախադրյալները կան, և դա ամենևին էլ դիրեկտորական խավը չէ, դա միանշանակ է։
Այսինքն՝ կարծում եք՝ այդ ընդվզման ծիլերն այս տարի կլինե՞ն։
Ոչ թե հնարավոր է, այլ լինելու է, որովհետև Հայաստանում պաշտոնապես հրապարակայնացված թեզերի ու քարոզչական կոչերի և իրականության միջև խզումը երբևէ այսքան մեծ չի եղել։ Նման խզում իրական խնդիրների և իբր թե դրանց լուծմանն ուղղված կոչերի միջև երբևէ չի եղել։ Այդ խզվածությունն է լինելու ընդվզումների հիմնական պատճառը, և դա կարող է լինել ամենատարբեր իրավիճակներում։ Տարին նոր է սկսել, ու եթե նայում եք խրոնիկան, ապա գողությունները, յուրացումները, հարձակումները ֆինանսական տարբեր կենտրոնների վրա ավելացել են։ Քրեական մթնոլորտը կտրուկ աճել է թանկացումների հետ կապված։ Իմ համոզմամբ, նաև դրանով է պայմանավորված Աղվան Հովսեփյանին ևս մեկ տարով իր պաշտոնին պահելը։ Բնականաբար, Սերժ Սարգսյանը կպահի նաև ոստիկանապետին, քանի որ նրանք առավել քան տիրապետում են իրավիճակին։ Բայց եթե լինի ֆորսմաժորային իրավիճակ, դա էլ Սերժ Սարգսյանին չի փրկելու, իր ենթադրյալ կառավարելիության համար ներդրված ջանքերը նույնպես չեն փրկելու իրեն, որովհետև ճգնաժամային իրավիճակը գնալով այնքան է խորանում, որ կառավարելիության հնարավորություններն ու ռեսուրսներն էլ չի ունենալու։