Շանտա՞ժ. ինչ նպատակով կտեղադրվեն տեսախցիկներ
09:46, January 19, 2018 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | ՈստիկանությունԵրեկ ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում արագորեն քննարկվեց, ապա լիագումար նիստերի օրակարգում ընդգրկվեց «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նշենք, որ ոստիկանությունն առաջարկում է հանցագործությունները բացահայտելիս, հասարակական կարգի պահպանումը և ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելիս ոստիկանության ծառայողներին տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ օգտագործել: Օրենքի նախագծի վերաբերյալ քննադատություններ հնչեցրեցին, նշելով, որ օրենքի նախագիծը մարդու իրավունքների խախտում է, եւ, բացի այդ, այսկերպ իշխանությունները՝ օրենքի կետով ցանկանում են վերահսկելի դարձնել քաղաքացիներին:
Araratnews.am-ի հետ զրույցում իրավապաշտպան Արթուր Սաքունցը, անդրադառնալով օրենքի նախագծին, ասաց, թե հանրային վայրերում տեսախցիկների տեղադրումը տարբեր երկրներում կիրառվում է: «Մասնավորապես, հանցագործությունների կանխարգելման նպատակով է կիրառվում, այդ թվում՝ ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների կամ հասարակական կարգի խախտման նպատակով կարող է կիրառվել, ոտնձգությունների կանխարգելման նպատակով: Այստեղ մտահոգությունն այն է, որ այդ տեսանկարահանում իրականացնող մարմինը՝ ոստիկանությունը, ինքը ձեռք բերված այդ տեսանյութերը չօգտագործի այդ տեսանյութի մեջ առանձին անձանց կամ խմբերի նկատմամբ ապօրինի հետապնդման կամ անձի նկատմամբ շանտաժի նպատակով: Այսինքն` այստեղ խնդիրը ոչ թե հանրային վայրում տեսանկարահանում անելու մեջ է, այլ այդ տեսանյութի օգտագործման իրավաչափության օրինականության հետ է կապված»,- ասաց Արթուր Սաքունցը:
Ըստ նրա` օպերատիվ-հետախուզական գործողություններ կարող են իրականացվել միայն դատարանի թույլտվությամբ, հիմա հարց է առաջանում` այդ տեսանյութերը կարո՞ղ են օգտագործվել մարդու նկատմամբ հետապնդում իրականացնելու համար: Իրավապաշտպանի խոսքով՝ չի կարող: «Այստեղ շատ խնդրահարույց է, իմ կարծիքով` չի կարող օգտագործվել, ինքը կարող է առիթ հանդիսանալ քրեական հետապնդում սկսելու, բայց ապացուցողական նշանակության տեսանկյունից այստեղ խնդիր ունի «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի հետ, որովհետեւ այդ օրենքով՝ տեսանկարահանման, ձայնագրության հիմքերը կարող են լինել միայն դատարանի թույլտվությամբ»,- ասաց Արթուր Սաքունցը:
Նրա խոսքով՝ մտահոգությունը պայմանավորված է տեսանյութերի ոչ օրինաչափ օգտագործման հետ կապված: «Օրենքը պետք է շատ հստակ մեխանիզմներ սահմանի այդ տեսանյութերի օգտագործման, վերահսկելու գործընթացների մասին: Եթե չլինեն այս մեխանիզմները, ապա այն մտահոգիչ է»,- նկատեց Ա. Սաքունցը: