Ինչ է կատարվում Թեղուտի հանքավայրում (տեսանյութ)
16:45, January 22, 2018 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀունվարի 19-ին իրավապաշտպան Արթուր Սաքունցն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որում մասնավորապես նշել էր հետևյալը․ «Հավաստի տվյալների համաձայն Թեղուտի պոչամբարի պատվարում ճեղքեր են առաջացել, որի հետևանքով առնվազն չորս օր է պոչամբարի թափոնները հոսում և լցվում են Դեբեդ գետը: Սա լուրջ էկոլոգիական աղետների պատճառ կարող է հանդիսանալ նաև անդրազգային մակարդակով, քանի որ Դեբետը հոսում է դեպի հարևան Վրաստանի սահմանը: Ըստ որոշ տեղեկությունների՝ այս աղետի մասին տեղեկատվության արտահոսքը հնարավոր միջոցներով փորձում են կանխել իրավապահ մարմինների ներգրավմամբ»:
Պետական մարմիններն ու «Վալլեքս»-ը դեռ լռում են, և հայտնի չէ, թե ինչ է իրականում կատարվել վերջին օրերերին Թեղուտի հանքում կամ ինչ է տեղի ունենում հիմա։ Սակայն մեր ունեցած տեղեկությունների համաձայն խնդիրներն այնքան լուրջ են, որ արդեն մի քանի օր է կանգնեցվել է հանքավայրի շահագործումը։ Մենք նաև ստացել ենք հունվարի 19-ին արված տեսանյութ և լուսանկարներ, որտեղ երևում են Թեղուտի հանքի տարածքից դուրս եկող թունահարույց ջրերը։
Այն, որ Թեղուտի հանքի շահագործումն անթույլատրելի է՝ ասվել է այդ աղետաբեր ծրագրի ներկայացման առաջին իսկ օրվանից։ Այն, որ դրա թույլատրումն էկոլոգիական հանցագործություն է՝ երևի թե գիտեն այս գործունեությանն արտոնություն տված բոլոր պետական պաշտոնյաները։ Իսկ վերջին 4-5 տարում բնական միջավայրի աղտոտումն ու ոչնչացումը ներկայացնող բազմաթիվ փաստերը հաստատեցին էկոլոգների վատթարագույն կանխատեսումները։
Հարյուրավոր հեկտարներով դարավոր, կուսական անտառի ոչնչացում։ Այլ տարածքներում որպես փոխհատուցում իրականացվող անտառատնկման աշխատանքների կատարյալ ձախողում։ Շնող գետի ջրերի աղտոտում ծանր և վտանգավոր մետաղներով։ Սխալ կառուցված պոչամբարից մշտական արտանետումներ բնական միջավայր և այլն։ Վերջերս դրանց ավելացան նաև աղտոտված ջրերի անվերահսկելի բացթողումներն անմիջապես Դեբեդ գետ։
Այն, որ Հայաստանի բոլոր պոչամբարները (այդ թվում նաև Թեղուտինը) սխալ են կառուցված, կայուն չեն և չեն համապատասխանում անվտանգության միջազգային չափորոշիչներին՝ հաստատել էին դեռ 2016 թվականի ապրիլին հրապարակված Համաշխարհային Բանկի պատվերով շվեդ երկրաբան մասնագետների կատարած հետազոտություններն ու եզրակացությունները։
Իսկ արդեն 2017 թվականի հոկտեմբերի 16-ին Դանիայի արտահանումները խթանող «Արտահանումների վարկավորման գործակալությունը» (EKF) իր կայքում հրապարակել էր պաշտոնական հաղորդագրություն այն մասին, որ PensionDenmark մասնավոր կենսաթոշակային հիմնադրամի հետ միասին դադարեցնում է դեռևս 2013 թվականին Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործման համար ՎՏԲ բանկի միջոցով «Վալլեքս» խմբին տրամադրած շուրջ 62 միլիոն ամերիկյան դոլարի չափով վարկը։ Վարկի դադարեցման մասին հաղորդագրության մեջ EKF-ը հիշատակում է հենց վերոնշյալ խնդիրները՝ ջրերի աղտոտումը, պոչամբարի հետ կապված խնդիրները, ինչպես նաև Ալավերդու պղնձաձուլարանի աշխատանքային պայմանների վատթար վիճակը։
Իր գրառման մեջ իրավապաշտպան Արթուր Սաքունցը նաև նշել է․ «Թեղուտի հանքավայրի շահագործման և շինարարության թույլտվություն տվողները, շինարարության նկատմամբ վերահսկողություն իրականացրած մարմինները, բնապահպանության նախարարությունը, վերջապես՝ կառավարությունը պետք է հրատապ տեղեկատվություն տրամադրեն հանրությանն այս ամենի մասին: Մենք իրավունք ունենք տեղեկանալու, թե ինչ ծավալի աղտոտման հետ գործ ունենք, ինչպիսին է թափոնների արտահոսքի հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասը, վերջապես ամենակարևորը՝ բնակչության առողջության վրա սա ինչ ազդեցություն կարող է ունենալ: Նաև անհրաժեշտ տեղեկություններ ներկայացրեք կանխարգելիչ միջոցառումների իրականացման վերաբերյալ, նաև բնակչությանը ցուցումներ ու խորհուրդներ պետք է տրամադրվեն հնարավոր թունավորումներից խուսափելու և պաշտպանվելու նպատակով»:
Հերթական անգամ համոզվում ենք, որ պետական մարմինները հանցավոր անգործություն են ցուցաբերում և անհաղորդ են մնում էկոլոգիական խնդիրների վերաբերյալ բազմաթիվ ահազանգերին։ Հատկապես լեռնահանքային արդյունաբերության ոլորտը կարծես թե օրենքից դուրս լինի, անձեռնմխելի և անպատժելի․ միայն լրջագույն խնդիրներ առաջանալուց հետո են պետական մարմինների կողմից ինչ-որ կոսմետիկ քայլեր իրականացվում ։
Թեղուտի հանքի խնդիրների մասին տարբեր եղանակներով բազմաթիվ անգամներ ահազանգվել է, սակայն գործուն քայլեր այդպես էլ չեն ձեռնարկվել։ Այս մասին է վկայում նաև ՀՀ կառավարությանն ուղղած մեր վերջին նամակի՝ գրեթե ոչինչ չասող և անփույթ պատասխանը, որը ստացել էինք ՀՀ բնապահպանության նախարարությունից։
Կոչ ենք անում պետական մարմիններին ուշքի գալ և կասեցնել Հայաստանի բնության, նրա ջրերի, հողերի աղտոտումը և պաշտպանել մարդկանց առողջ միջավայրում ապրելու իրավունքը։ Ո՛չ մի նոր մետաղական հանք Հայաստանում չպետք է շահագործվի, քանի որ դրա հետևանքով վերանում են մեր երկրում արդեն սակավաթիվ մնացած էկոլոգիապես մաքուր կենսատարածքները։ Կոչ ենք անում խստագույն տույժերի ենթարկել Թեղուտի հանքը շահագործող ընկերությանը և որոշում ընդունել հանքի փակման ու տարածքի վերականգնման մասին՝ հենց շահագործող ընկերության միջոցներով:
Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն
Էլ. փոստ` armecofront@gmail.com
Շնող գետը 2018թ․ հունվարի 19-ին