Բանակի խնդիրների չլուծվածության հետևանքը մարդկային զոհերն են
17:18, January 26, 2018 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերԱպրիլյան պատերազմի ժամանակ Զինված ուժերում բացահայտված խնդիրների լուծման ուղղությամբ Պաշտպանության նախարարության կողմից քայլեր չեն արվում։ Վստահեցնում է ասում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը․ «Ինչպե՞ս են լուծվում բանակում կոռուպցիոն դրսևորումների խնդիրը, ինչպե՞ս է ապահովվում սոցիալական արդարության սկզբունքը, ի՞նչ է արվում, որ վերջ տրվեն կանոնադրական հարաբերությունների խախտումները, ինչպե՞ս են բարելավվում իրավունքների խախտումների մեխանիզմները»,- հարց է բարձրացնում իրավապաշտպանը։
Արթուր Սաքունցը բանակում հանցագործությունների փաստերով հարուցված քերական գործերի ուսումնասիրություններից եկել է այն եզրահանգման, որ կոռուպցիան բոլոր հանցագործություններում կարմիր թելի պես է անցնում։ Կոնկրետ օրինակներ են մեծահարուստ գեներալները․ «Աբսուրդ է, երբ բանակի գեներալը նաև օլիգարխ է։ Եթե ինքը զբաղված է զինվորական պարտականությունների կատարմամբ, չի կարող բիզնես ունենալ»։
Բանակում դեռևս առկա է միջանձնային հարաբերությունների գերխնդիրը, ինչի վառ ապացույցն է «յախշի» երևույթի գոյությունը։ Այդ մականունն ստանում է զինծառայողների շրջանում աչքի ընկնող հեղինակությունը, որը մյուսներից առավել է՝ անպատժելի և արտոնյալ․ «Այսպիսի խնդիրները պետք է լուծում ստանան ոչ թե ըստ ցանկության, այլ՝ օրենքի ուժով»,- Մեդիակենտրոնում հրավիրված ասուլիսում շեշտում է Արթուր Սաքունցը։
2017 թվականի ընթացքում Զինված ուժերում մահացել է 60 զինծառայող, որից միայն 22-ը՝ հակառակորդի գնդակից, սրանք ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տվյալներն են։
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Ժաննա Ալեքսանյանը Զինված ուժերում մարդու իրավունքների վիճակի մասին խոսում է փաստերով։ Նա հիշեցնում է վերջին թարմ դեպքը, երբ Արցախի Ասկերանի զորամասում նորակոչիկը նետվել է լուսամուտից և ծանր վնասվածքներ ստացել։ Իշխանական լրատվամիջոցներն անմիջապես հրապարակեցին, թե տղան չի ցանկացել բանակում ծառայել․
«Վստահ եմ, որ տեղեկատվական այս հոսքի ուղղորդումն պաշտպանության նախարարությունից էր։ Մեր այցելությունն ընտանիքին բոլորովին հակառակ պատկերը ցույց տվեց։ Պարզվեց, որ Էռնեստ Հովհաննիսյանը մեծ ուրախությամբ է գնացել ծառայության, ընտանիքում քեֆ-ուրախություն է եղել։ Ընտանիքը չի հավատում, որ տղան ցանկացել է նետվել պատուհանից»,- այս օրինակն ապացուցում է, որ Պաշտպանության նախարարությունը հակված չէ նմանատիպ դեպքերը բացահայտել։
Ժաննա Ալեքսանյանը պնդում է, որ ՊՆ-ն այս դեպքով ինքը պիտի հասարակական քննարկում նախաձեռներ, բայց արեց ճիշտ հակառակը՝ իր ազդեցությամբ գործող լրատվականներով տարածելով, թե Էռնեստ Հովհաննիսյանը հոգեկան խնդիրներ է ունեցել․ չի ուզեցել գնալ ծառայության:
«Ծնողները հերքում են այդ ստահոդ լուրերը, հավաստիացնելով, որ ծառայության բոլոր 8 օրերին խոսել են իրենց երեխայի հետ, և որևէ տարօրինակ բան չեն նկատել։ Բացի այդ, Էռնեստին դեպքի նախորդ օրը նրան այցելել է իր բարեկամներից մեկը և ծնողներին փոխանցել, որ տղան իրեն լավ է զգում։ Թե ինչը կարող էր լուսամուտից նետվելու պատճառ լինել, ծնողները չեն պատկերացնում»,- իրավապաշտպան կառույցի ղեկավարը պնդում է՝ այսպիսի հերյուրանքների տարածումը բանակում անպատժելիության մթնոլորտի տարածման նպատակ ունի։
Պայմանագրային զինծառայող Էդգար Հակոբյանը պարբերաբար նվաստացվել և հայոհոյաների է արժանացել հրամանատարության կողմից։ Մինչդեռ նա ընդամենը փորձում էր խզել ծառայության վերաբերյալ պայմանագիրը։ Հակոբյանին Ռազմական ոստիկանության աշխատակիցներն են ծեծի ենթարկել՝ ստիպելով շարահրապարակը ծնկած անցնել, այդ ընթացքում նրան հարվածել է ՌՈ աշխատակիցը։ Հասկանալով, որ իր կյանքը բանակում վտանգված է, Էդգար Հակոբյանը դիմել է փախուստի և դիմել:
Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ-ին։ Ժաննա Ալեքսանյանը հիշեցնում է, որ զինծառայողի վիճակի մասին հրապարակումից հետո միայն նրա նկատմամբ կիրառված բռնությունները դադարեցին։ Մինչ այդ՝ 2017-ի հունիսից սկսած Էդգարի խնդրանքները զորամասի հրամանատարն արհամարել էր․ «Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել այս դեպքի առթիվ և հույս ունենք, որ Էդգար Հակոբյանին բռնության ենթարկած անձինք պատասխանատվության կենթարկվեն։ Պետք է շեշտել, որ բանակում կան ծեծի ու բռնության դեպքեր, որոնց մասին մենք չենք տեղեկանում։ Անպատժելի ու քրեական մթնոլորտը պահպանվում է բանակում»։
Իրավապաշտպանը հիշեցնում է, որ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո մեկ բառ անգամ չի խոսել բանակում մարդու իրավունքների վիճակի մասին․ «Հրապարակվում և հայտնի են դառնում բանակում սպանությունների, ինքնասպանությունների մասին տվյալներ, բայց դեպքերը կանխելու, իրավիճակը շտկելու ուղղությամբ ի՞նչ է անում բանակի ղեկավարությունը»,- Ժաննա Ալեքսանյանն արժանահավատ չի համարում ՀՀ զինվորական դատախազի պնդումը, թե բանակում հանցագործությունները տարեցտարի նվազում են:
Երբ զինվորական դատախազը հայտնում է բանակում հանցագործությունների նվազման մասին, արդյո՞ք հաշվի առնվում են օրինակ՝ ականի պայթյունների դեպքերը»։ Լրագրողներ հանուն մարդու իրավունքների իրավապաշտպան կազմակերպությունն ուսումնասիրում է Զինված ուժերում ականի ու նռնակի պայթյուննների դեպքերը։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը հատկանշում է, որ մահացած զինծառայող Հրանտ Մանգսարյանի ընտանիքին անձամբ նախարար Վիգեն Սարգսյանն է ընդունել ու խոստացել, որ դեպքի մեղավորները կպատժվեն․
«Դեպքից գրեթե 3 ամիս է անցել ու մինչ օրս որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, չնայած որ նախարարը նշել էր, թե պատասխանատուների շրջանակը լայն է՝ 15 բարձրաստիճան զինվորական»,- արձանագրեց իրավապաշտպան կազմակերպության ղեկավարը, ում խոսքով՝ բանակում մարդու իրավունքների վիճակի չբարելավման պատճառ է նաև Հայաստանում տարվող կեղծ հայրենասիրության քարոզը։ Երբ պաշտոնյաները հայրենասիրությունը պատկերացնում են ոչ թե զինծառայողների նյութական ու հոգեբանական դրության լավացումով, կյանքի իրավունքի ապահովումամբ, այլ՝ զինվորական համազգեստ հագած դիրքեր գնալով ու այնտեղից հայտարարելով է, թե իրենք զինվորների կողքին են։
«Բայց մենք տեսնում ենք, որ կան բազմաթիվ տուժած զինվորներ ու ընտանիքներ, որոնք կարոտ են պաշտոնական մի այցի։ Հրանտ Մանգսարյանի մայրն ասում է՝ իմ տղան հերոս էր, Ապրիլյան պատերազմի մասնակից, բայց մեկը իմ դուռը չծեծեց։ Զրո ուշադրություն ու վերաբերմունք է զոհերի ու վիրավորների ընտանիքների նկատմամբ»,- նշում է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի ղեկավարը։
Արթուր Սաքունցը վտանգավոր է համարում բանակի խնդիրների կոծկումն ու իրավապաշտպաներին լռեցնելու իշխանության մարտավարությունը։ Պետք է չմտածել, թե զինված ուժերն անձեռնմխելի են և խնդիրները չի կարելի բարձրաձայնել․
«Ասում են՝ լռեք, թշնամին կիմանա։ Ես հարց եմ տալիս՝ ապրիլյան պատերազմի ընթացքում ի հայտ եկած խնդիրները թշնամին չիմացա՞վ։ Բանակի խնդիրների չլուծվածության հետևանքը մարդկային զոհերն են։ Սա է լռության մատնելու գինը»,- ասում է ՀՔԱՎ ղեկավարը։
Իրավապաշտպաններն արձանագրում են՝ եթե բանակի ղեկավարությունը կամք դրսևորի և բանակում հանցագործությունները պատժելի դառնան, ինչպես նաև զինծառայողների իրավունքները հարգվեն, կարճ ժամանակ անց կունենանք ապահով ու սակավ խնդիրներով Զինված ուժեր։