ՀՔԱ Վանաձորի գրասենյակը Վանաձորի «Արցախ» պուրակի շինաշխատանքները դադարեցնելու պահանջով դատարան է դիմել
15:02, January 29, 2018 | Նորություններ, Սեփական լրատվությունՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Վանաձորի «Արցախ» պուրակում շինարարական աշխատանքները դադարեցնելու պահանջով 2018 թ. հունվարի 24-ին դիմել է դատարան:
Պուրակում շինարարական աշխատանքներն սկսվել են անցած տարվա հոկտեմբերից: Դրանից հետո լրատվամիջոցներն ահազանգեցին, որ ՀՀ Կառավարության որոշմամբ հուշարձան համարվող «Արցախ» պուրակում շինարարական աշխատանքները կատարվում են՝ առանց լիազոր մարմինների հետ համաձայնեցնելու:
2006 թ. տարածքը Վանաձորի քաղաքապետարանին անհատույց փոխանցելուց հետո այն օտարվել է «Գ և Մ» ՍՊԸ-ին՝ բացօթյա սրճարանի և հանգստի գոտու վերակառուցման ու սպասարկման նպատակով: Իսկ ավելի ուշ՝ 2014 թ. Վանաձոր քաղաքի՝ ավագանու հաստատած գլխավոր հատակագծի լրամշակված նախագծում «Արցախ» պուրակն արդեն դուրս էր մնացել հատուկ պահպանվող հողամասերի ցանկից:
Վանաձորի քաղաքապետարանը «Գ և Մ» ՍՊԸ-ին շինարարության թույլտվություն է տվել 2017թ. հոկտեմբերի 12-ին:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պուրակում առանց Մշակույթի նախարարության հետ համաձայնեցնելու իրականացվող շինարարական աշխատանքները դադարեցնելու և պուրակը ներառող տարածքի նշանակության, դրա օտարման և այնտեղ իրականացվող շինաշխատանքների թույլտվության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու հարցով 2017 թ. նոյեմբերի 15-ին դիմել է Վանաձորի քաղաքապետ Մ. Ասլանյանին: Մ. Ասլանյանը շինարարությունը կասեցնելու հիմքեր չի տեսել:
Միաժամանակ հարցումներ են ներկայացվել ՀՀ Մշակույթի նախարարություն, Լոռու մարզպետարան և ՀՀ ԿԱ Քաղաքաշինության պետական կոմիտե՝ պարզելու համար, թե արդյոք հողհատկացման առաջարկն ու կառուցվելիք շենքերի էսքիզային նախագծերը համաձայնացվել են լիազոր մարմինների հետ, թե՝ ոչ: Առաջին երկու դեպքում պատասխանը մեկն է եղել՝ դրանք համաձայնեցնելու առաջարկ Վանաձորի քաղաքապետարանը չի ներկայացրել: Իսկ Քաղաքաշինության պետական կոմիտեից հայտնել են, որ «Արցախ» պուրակը համարվում է հուշարձան և ներառված է գլխավոր հատակագծի «Պետության և մշակույթի հուշարձաններ» գծագրում:
ՀՀ Հողային օրենսգրքի դրույթների համաձայն՝ արգելվում է ինչպես պատմական և մշակութային հողամասերը սեփականության իրավունքով փոխանցել այլ անձանց, այնպես էլ դրանց նպատակային ու գործառնական նշանակությանը հակասող ցանկացած գործունեություն: Իսկ կառուցապատման աշխատանքներ իրականացնելիս նախագծերը պետք է համաձայնեցվեն լիազոր մարմինների հետ: Տվյալ դեպքում վերը նշված ոչ մի նորմ չի պահպանվել, հետևաբար՝ «Արցախ» պուրակում շինարարությունն իրականցվում է օրենքի կոպիտ խախտմամբ:
Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը երկրորդ անգամ է նույն հարցով դիմել Վանաձորի քաղաքապետին: Կրկին մերժում ստանալուց հետո շինարարական աշխատանքներն անհապաղ դադարեցնելու պահանջով 2018 թ. հունվարի 24-ին Վանաձորի քաղաքապետ Մ. Ասլանյանի դեմ հայց է ներկայացրել ՀՀ Վարչական դատարան:
Լուսանկարը՝ hetq.am