Ցուցարար Արմեն Միքայելյանի վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվեց. որոշումը կհրապարկվի փետրվարի 21-ին
11:29, February 2, 2018 | Նորություններ, Սեփական լրատվություն | Արդար դատաքննության իրավունք2018 թ. փետրվարի 1-ին ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանը քննեց ցուցարար Արմեն Միքայելյանի և նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի վերաքննիչ բողոքը:
Վերջիններս վերաքննիչ բողոք են ներկայացրել ՀՀ Վարչական դատարանի՝ 2017 թ. փետրվարի 17-ի որոշման դեմ, որով դատարանը բավարարեց ցուցարարի դեմ ՀՀ Ոստիկանության հայցը և որոշեց նրան վարչական պատասխանատվության ենթարկել 100.000 ՀՀ դրամի չափով:
Ա. Միքայելյանը 2016 թ. մարտի 24-ին մասնակցել է Գևորգ Սարֆարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության քննարկմանն ընդառաջ կազմակերպված հավաքին, որի ընթացքում հավաքի մասնակիցների մի մասը, պառկելով Մաշտոցի պողոտայի երթևեկելի հատվածում և շղթայի միջոցով իրենց ամրացնելով ասֆալտին, փակել էին փողոցը:
Այնուհետև հավաքի մասնակիցները ֆիզիկական ուժի գործադրմամբ բերման էին ենթարկվել և տեղափոխվել ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին, որտեղ նրանց նկատմամբ իրականացվել էր վարչական վարույթ՝ հավաքի մասնակցի կողմից իր պարտականությունները չկատարելու ու հավաքի խաղաղ և բնականոն ընթացքի ապահովման վերաբերյալ ոստիկանության` օրենքով սահմանված պահանջները չկատարելու հիմքով:
Երեկ կայացած դատական նիստի ընթացքում նախագահող դատավոր Ա. Առաքելյանը ներկայացրեց վերաքննիչ բողոքի հիմքերը: Դրանով ցուցարարն ու նրա ներկայացուցիչը դիրքորոշում են հայտնել այն մասին, որ ՀՀ Վարչական դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմի խախտումներ. առանց բավարար հիմքերի ցուցարարին վարչական պատասխանատվության է ենթարկել ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1 հոդվածի 11-րդ և 15-րդ կետով նախատեսված զանցանքների կատարման համար:
ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչ Ս․ Մելիքյանը առարկեց բողոքի դեմ և այն համարեց անհիմն:
Դատարանը որոշումը կհրապարակի 2018 թ. փետրվարի 21-ին՝ ժամը 17:00-ին: