Դատախազության աջակցությամբ լուծվել է ամբաստանյալին նոր հանրային պաշտպան տրամադրելու խնդիրը
15:39, February 28, 2018 | Նորություններ, Սեփական լրատվություն | Արդար դատաքննության իրավունք2017 թ. հոկտեմբերի 24-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ էր դիմել «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր Գ. Խ.-ն: Նա հայտնել էր, որ իրեն առաջադրված մեղադրանքի հետ ոչ մի կապ չունի, իսկ իրեն տրամադրված հանրային պաշտպանից երեք անգամ հրաժարվել է դատարանում, քանի որ իր համոզմամբ՝ վերջինս համագործակցում է մեղադրող դատախազի հետ: Իր դիմումում Գ. Խ.-ն հայտնում էր, որ պաշտպանին փոխարինելու իր խնդրանքը դատարանը մերժել է, և ակնկալում էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությունը այդ հարցում:
2017 թ. նոյեմբերի 8-ին կալանավորի դիմումը ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացրել էր ՀՀ գլխավոր դատախազ Ա. Դավթյանի քննարկմանը:
Ամիսներ շարունակ Դատախազությունից որևէ արձագանք չստանալով՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2018 թ. փետրվարի 5-ին երկրորդ անգամ դիմեց ՀՀ գլխավոր դատախազին՝ շուրջ երեք ամիս առաջ ներկայացված գրության պատասխանն ստանալու հարցով:
2018 թ. փետրվարի 16-ին ՀՀ Գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության պետ Վ. Մուրադյանը իր պատասխան գրությամբ հայտնում է, որ 2017 թ. նոյեմբերի 22-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի գրությանը զուգահեռ ՀՀ Գլխավոր դատախազության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազություն է ստացվել արդեն ամբաստանյալի կարգավիճակ ունեցող Գ. Խ.-ի դիմումը, որով վերջինս խնդրել է իրեն հանրային պաշտպան տրամադրել:
Չնայած, որ դատախազությունը ամբաստանյալների դիմումները քննարկելու լիազորություն չունի, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունը գերադասել է դիմումը դիմումատուին վերադարձնելու փոխարեն այն վերահասցեագրել գործը քննող դատարանին և այդ մասին «Նուբարաշեն» ՔԿՀ վարչակազմի միջոցով տեղեկացրել կալանավոր Գ. Խ.-ին:
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է խնդրանքն ու հանրային պաշտպան տրամադրելու հարցով դիմել ՀՀ Փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակ: