Իրավապաշտպանների պնդմամբ` բուժզննության կարգը խստացվում է ավելի շատ երիտասարդների զորակոչելու նպատակով
19:51, April 13, 2018 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՊաշտպանության նախարարությունը շրջանառության մեջ է դրել նոր նախագիծ, որով սահմանվում են զինված ուժերում ծառայությունից ազատման կամ տարկետման համար պահանջվող հիվանդությունների ցանկը։
Նախարարության պաշտոնյաները չեն շտապում մեկնաբանել իրենց այս նախաձեռնությունը։
«Ազատությանն» այսօր այդպես էլ չհաջողվեց որևէ մեկնաբանություն ստանալ նրանցից։
Նախագծի մշակմանը մասնակցել են նաև Առողջապահության նախարարության աշխատակիցները։ e-draft.am կայքում տեղադրված նախագծի հեղինակները ակնկալում են, որ այն կապահովի զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկի սահմանումը, ինչպես նաև հստակ և թափանցիկ կիրականացվի զինծառայողների ծառայության կազմակերպումն այնպիսի պայմաններում, որոնք հակացուցված չեն զինծառայողի առողջական վիճակին:
Մինչդեռ իրավապաշտպան Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակում, որը տարիներ շարունակ զբաղվում են զինծառայողների իրավունքների պաշտպանությամբ, պնդում են՝ որոշակի նկարագրական փոփոխություններից բացի, նախագծում գրեթե դրական փոփոխություններ չկան: Ավելին, նախարարությունը գործող կարգի թերությունները շտկելու փոխարեն, նորերն է ավելացրել, ասում է կազմակերպության աշխատակից Արմինե Սադիկյանը, ով զբաղվում է զինվորների առողջական խնդիրներով։ Նա պնդում է՝ որոշ հիվանդությունների առումով խստացումներ են արված, որոնց նպատակը՝ մեկն է՝ բանակ զորակոչել ավելի շատ երիտասարդների։
«Այս ամեն ինչը նպատակ ունի համալրելու զինված ուժերը, որովհետև արտագաղթի պայմաններում այլևս չեն մնացել բավականաչափ արական սեռի քաղաքացիներ, որոնք կարողանան ծառայել զինված ուժերում», – «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց Սադիկյանը:
Իրավապաշտպան կազմակերպությունը բժիշկի օգնությամբ ուսումնասիրել է շրջանառության մեջ դրված նախագիծը՝ այն համեմատելով գործող փաստաթղթի հետ։ Ըստ այդմ, Սադիկյանը նշում է՝ շատ հիվանդությունների դեպքում որոշման չափորոշիչները հստակեցված չեն, ինչն էլ կոռուպցիոն նոր ռիսկերի տեղիք կտա։
Արմինե Սադիկյանը նշում է, որ որոշակի հիվանդությունների դեպքում պիտանիության համար անհրաժեշտ շեմը բարձրացվել է ի վնաս զորակոչիկի։ Օրինակները շատ են։ Եթե դեռևս գործող կարգով գիշերամիզության դեպքում զինծառայողները պիտանի չեն ծառայության համար, ապա նոր փաստաթղթով նման խնդիր ունեցող երիտասարդները կծառայեն սահմանափակմամբ։ Նույնը վերաբերում է ողնաշարի սկոլիոզ հիվանդությանը՝ նոր փաստաթղթով շեղվածության անկյան չափը մեծացվել է։
Սադիկյանը մեկ այլ փոփոխություն էլ է նշում․ դեռևս գործող կարգով ազատման երկու դեպք կա՝ հիվանդության պարագայում մի դեպքում հաշվառվում են պահեստազորում և հետագայում հնարավոր է վերազննումից հետո ճանաչվեն պիտանի, մյուս դեպքում՝ հաշվառումից դուրս են բերվում և այլևս չեն ճանաչվում պիտանի, անգամ պատերազմի ժամանակ։
«Այսինքն, այստեղ անհասկանալի կարող է լինել այն հիվանդությունների դեպքում, որոնք կարող են երկարատև հիվանդություններ լինել, և նույնիսկ այս դեպքում մարդը շատ ծանր հիվանդության դեպքում երբ որ ազատվում է, հնարավոր է, որ պատերազմական ժամանակ ճանաչվի պիտանի զինվորական ծառայության համար», – մեկնաբանեց Սադիկյանը:
Բժիշկ Հայկ Մանասյանը, մինչդեռ, չի կիսում իրավապաշտպան կազմակերպության տեսակետը։ Ծանոթանալով կազմակերպության վերլուծությանը՝ Մանասյանն ասում է՝ արված փոփոխություններով հստակեցումներ են մտցվում մինչև այժմ անորոշ ձևակերպումներում․ – «Տարբերությունները, կարծում եմ, ի օգուտ օրինականության էր արված, որովհետև, օրինակ՝ դեղնուկային համախտանիշ կա բարորակ, որի դեպքում մարդը չի դառնում անաշխատունակ և դա հիվանդություն չէ, բայց հին օրենքով մարդիկ դրա համար նստում էին տանը: Օրգանիզմի առանձնահատկությունը գնահատվում էր որպես ստանդարտից շեղում, գնահատվում էր որպես ախտաբանական և մարդը նստում էր տանը»:
Իրավապաշտպան կազմակերպությունը իր առաջարկներն է պատրաստում՝ ներկայացնելու Պաշտպանության նախարարություն։