Զորակոչիկների և զինծառայողների իրազեկման դասընթացները շարունակվում են
19:46, June 20, 2018 | Նորություններ, Սեփական լրատվություն | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժեր«Մարդու իրավունքների ուսուցում զորակոչիկների համար» ծրագրի շրջանակներում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվող դասընթացները շարունակվեցին 2018 թ. հունիսի 17-ին և 18-ին Սյունիքի մարզի Գորիս եւ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքներում։
Դասընթացների մասնակից զորակոչիկների, զինծառայողների և նրանց հարազատների համար հետաքրքիր էր լսել նաեւ վերջին օրենսդրական փոփոխությունների մասին։
Հատկանշական է, որ Գորիս քաղաքում ներկա էին նաեւ հանրակրթական դպրոցների զինղեկներ՝ իրենց աշակերտների հետ։
Դասընթացավարները ներկայացրին նախազորակոչային տարիքի անձանց զինվորական հաշվառման ընթացակարգերը, զորակոչի ընթացքում զորակոչիկների իրավունքներն ու պարտականությունները, պարտադիր զինվորական ծառայությունից օրենքով սահմանված կարգով տարկետման և ազատման հիմքերը, բժշկական հետազոտությունների ընթացքում նախազորակոչիկների, զորակոչիկների, զինծառայողների իրավունքները եւ պրակտիկայում տարածված խախտումները եւ այլ հարցեր:
Զինվորական ծառայությանը պիտանիության վերաբերյալ բողոքարկման մեխանիզմներից խոսելիս դասընթացավարները ներկայացրին զորակոչային հանձնաժողովների կառուցվածքը, կազմակերպության պրակտիկ գործունեությունը, առկա խնդիրների հաղթահարմանն ուղղված միջոցները։
Մասնակիցները հնարավորություն ունեն դասընթացավարներին ներկայացնելու կոնկրետ դեպքեր, խնդիրներ, տեղում ստանալ իրավական խորհրդատվություն և աջակցություն, իսկ որոշ դեպքերում ներկայացնում են իրենց առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթղթերը, որոնք ուսումնասիրում են ինչպես կազմակերպության մասնագետները, այնպես էլ կազմակերպության բժիշկ-փորձագետը։
Զորակոչի և զինծառայության ընթացքի վերաբերյալ հարցերից բացի՝ մասնակիցներին հետաքրքրում էր նաև ոլորտին առնչվող այլ իրավական կարգավորումների մասին մանրամասներ, մասնավորապես՝ անձին անգործունակ ճանաչելու ընթացակարգերը, անձանց՝ այլ երկրի քաղաքացիություն ունենալով ՀՀ-ում զինծառայության անցնելու իրավական կարգավորումները և այլն։
Հիշեցնենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը մշակել է տեղեկատվական գրքույկ ՀՀ զինապարտ քաղաքացիներին իրենց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ իրազեկելու նպատակով, որը ներկայացվեց դասընթացի մասնակիցներին:
Տեղեկատվական գրքույկը կիրառելի է մասնավորապես զինվորական հաշվառման տարիքի և զորակոչային տարիքի ՀՀ քաղաքացիների, նրանց ծնողների և հարազատների, ներկայացուցիչների, զինվորական ծառայություն անցնող քաղաքացիների, նրանց ծնողների և հարազատների, ինչպես նաև իրավաբանների և իրավունքի այս բնագավառով հետաքրքվող այլ անձանց համար:
Ժողովրդավարության աջակցության ազգային ֆոնդի (NED) ֆինանսական աջակցությամբ իրականացվող զորակոչիկների և զինծառայողների իրավունքների իրազեկվածության բարձրացմանն ուղղված դասընթացների շարքը շարունակվում է. հաջորդ դասընթացը տեղի կունենա 2018 թ. հունիսի 21-ին՝ Արմավիր քաղաքում։
Այլ լուսանկարներ հասանելի են ԱՅՍՏԵՂ