Ավարտվեց զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների, զինծառայողների եւ նրանց հարազատների համար իրականացվող դասընթացների առաջին փուլը
11:52, July 12, 2018 | Նորություններ, Սեփական լրատվություն | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժեր2018 թ.-ի հունիսի 9-ին Երևանում մեկնարկեց զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների, զինծառայողների եւ նրանց հարազատների համար ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դասընթացների շարքը, որին հաջորդեցին դասընթացներ Գորիսում՝ հունիսի 17-ին, Եղեգնաձորում՝ հունիսի 18-ին, Արմավիրում՝ հունիսի 21-ին, Սևանում՝ հուլիսի 4-ին։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանը դասընթացի մասնակիցներին ներկայացրեց «ՀՀ-ում զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների և զինծառայողների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ» գրքույկը, որում մատչելի ձևով ներկայացված է զինվորական հաշվառումը, զորակոչը եւ զինծառայությունը կարգավորող օրենսդրությունը։
Դասընթացի մասնակիցները ծանոթացան նախազորակոչային տարիքի անձանց զինվորական հաշվառման վերցվելու կարգին, զորակոչի ընթացքում զորակոչիկների իրավունքներին և պարտականություններին, կիրառվող բուժզննությունների կարգին, պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման/ազատման հիմքերին, ժամկետներին եւ մի շարք այլ կարգավորումներին, արձակուրդենրի տեսակների, դրանց տրամադրման կարգերի, ժամկետների, խրախուսանքների և կարգապահական տույժերի մասին տեղեկատվությանը, վերջին օրենսդրական փոփոխություններին։
Մասնակիցներին ներկայացվեց նաեւ պրակտիկայում տարածված խնդիրները եւ դրանց լուծման հնարավորությունները:
Զինվորական ծառայությանը պիտանիության վերաբերյալ կայացված որոշումների բողոքարկման մեխանիզմներին, ժամկետներին առնչվող տեղեկատվությունը ներկայացրեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Սյուզաննա Սողոմոնյանը, ոը նաեւ մասնակիցներից ոմանց տրամադրեց իրավաբանական խորհրդատվություն։
Մասնակիցները հնարավորություն ունեցան ստանալու իրենց հուզող հարցերի պատասխանները, ինչպես նաև անձամբ ներկայացնելու իրենց առողջական վիճակի հետազոտությունների վերաբերյալ առկա փաստաթղթերը՝ Կազմակերպության մասնագետներին, այդ թվում նաև՝ բժիշկ-փորձագետի խորհրդատվություն ստանալու նպատակով։ Առանձին դեպքերով Կազմակերպությունը ստանձնել է դասընթացներից հետո դիմած 7 անձանց՝ 4 զորակոչիկի, 1 զինծառայողի և 2 վաղաժամ զորացրված զինծառայողի իրավունքների պաշտպանությունը։ Դիմած բոլոր 7 անձանց տեղերում տրամադրվել է իրավաբանական խորհրդատվություն։
Դասընթացի մասնակիցներին հիմնականում հետաքրքրում էր առողջական խնդիրների դեպքում զինվորական ծառայության պիտանիության, կայացված որոշումների օրինականության, դրանց բողոքարկման ձեւերի մասին, իրենց առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթղթերի տրամադրման կարգի, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու նպատակով տարկետում ստանալու հնարավորության մասին տեղեկատվությունը:
Բացի դրանից՝ մասնակիցները հետաքրքրվում էին վաղաժամ զորացրվելու դեպքում բժշկասոցիալական փորձաքննության ներկայանալու կարգի և վերջինիս կայացրած որոշման բողոքարկման մեխանիզմներով։
Զինծառայողների հարազատները հիմնականում անդրադառնում էին զինծառայողներին տրամադրվող արձակուրդների ժամկետներին եւ այդ ժամկետների պահպանմանը, քանի որ հիմնականում նշում էին, որ արձակուրդի համար տրամադրվող 10-օրյա ժամկետում ներառվում է ճանապարհի վրա ծախսվող ժամանակը, եւ, փաստորեն, նրանք արձակուրդում են անցկացնում 8 օր:
Առանձնահատուկ նշվող խնդիրների ցանկում է զորակոչի ընթացքում բուժզննության համար հանձանժողովներին ներկայանալու, զինծառայողների արձակուրդ մեկնելու համար տրամադրվող ճանապարհածախսի ոչ բավարար ապահովումը, զինծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին տրամադրվող պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման սահմանափակումները, մասնավորապես՝ թանկարժեք վիրահատությունները, որոնք չեն ֆինանսավորվում կառավարության կողմից:
Հարկ է նշել, որ չնայած օրենքով եւ այլ իրավական նորմերով կարգավորվում է առողջական վիճակի հետազոտման ակտերի եւ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշման օրինակների տրամադրելու պարտավորությունը՝ զինվորական կոմիսարիատներն ու բուժհաստատությունները դասընթացների մասնակիցներին հրաժարվել են տրամադրել փաստաթղթերի օրինակները թե զինկոմիսարիատներում, թե բժշկական հաստատություններում: Միեւնույն ժամանակ բժշկական հաստատություններում հայտնել են, որ իրենք տեղյակ չեն ՀՀ Կառավարության 405 որոշման մասին, համաձայն որի՝ բուժհաստատությունը պարտավոր է քաղաքացուն կամ նրա օրինական ներկայացուցչին կամ նրա կողմից լիազորված անձին տրամադրել տեղեկություններ առողջական վիճակի, հետազոտությունների արդյունքների, հիվանդության ախտորոշման և բուժման մեթոդների, դրանց հետ կապված ռիսկի, բժշկական միջամտության հնարավոր տարբերակների, հետևանքների և բուժման արդյունքների մասին:
Չլուծված է մնում զորակոչիկներին 4 եւ ավելի ժամ բժշկական հետազոտություն անցնելու համար տարբեր բուժհաստատություններում սպասեցնելու խնդիրը, որի մասին նշել են բազմաթիվ զորակոչիկներ եւ նրանց հարազատներ:
Զորակոչիկների և զինծառայողների իրավունքների եւ պարտականությունների մասին իրազեկման բարձրացմանն ուղղված դասընթացների շարքը շարունակվելու է 2018 թ.-ի աշնանը՝ Լոռու, Շիրակի, Տավուշի, Արագածոտնի, Կոտայքի և Արարատի մարզերում։
Հիշեցնենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դասընթացներն իրականացնում է «Ժողովրդավարության ազգային հիմնադրամի» կողմից ֆինանսավորվող «Մարդու իրավունքների ուսուցում զորակոչիկների համար» ծրագրի շրջանակներում։