Հին համակարգը սարսափում է հնարավոր պատկերի բացահայտումից
20:03, August 14, 2018 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՄեր զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը
Պարոն Սաքունց, Ռոբերտ Քոչարյանը դատարանի որոշմամբ ազատ արձակվեց։ Ինչպե՞ս եք գնահատում այդ որոշումը և ի՞նչ մտավախություններ ունեք այդ առնչությամբ։
Ես ծանոթ չեմ միջնորդությանը, որ ներկայացվել էր առաջին ատյանի դատարանում Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Ծանոթ չեմ նաև Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների կողմից առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերված բողոքի էությանը։ Բայց ինձ համար ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանը ունի բավական ռեսուրսներ, նկատի ունեմ ինֆորմացիոն, ֆինանսական, կոմպրոմատներ, նաև դեռևս իր իշխանության օրոք ձևավորված կադրեր, որոնք շարունակեցին իրենց գործունեությունը նաև Սերժ Սարգսյանի օրոք, ինչպիսին օրինակ երկու նախագահների ժամանակ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը եղած Արմեն Գևորգյանն է։ Ուզում եմ ասել, որ Ռոբերտ Քոչարյանն իրապես լուրջ ռեսուրսներ ունի բոլոր այն մարդկանց վրա, որոնք ՀՔԾ կողմից հարուցված զինված մեթոդով սահմանադրական կարգի տապալման հիմքով հարուցված քրգործի շրջանակներում կարող են լինել և ներգրավվածներ, և կասկածյալներ, և մեղադրյալներ, և վկաներ։
Այն, որ 10 տարի շարունակ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք այդպես էլ «Մարտի 1»-ի հանցագործությանը չտրվեց իրավական գնահատական, դա ոչ միայն նրանով էր պայմանավորված, որ Սերժ Սարգսյանը մեղսակից էր այդ հանցագործությանը, և եթե փորձեր քննություն իրականացնել, ապա կարող էր նաև անխուսափելիորեն ինքը պատասխան տար, ու քանի որ չէր ուզում պատասխան տալ, դրա համար քննություն չիրականացվեց։
Չմոռանանք, որ Սերժ Սարգսյանը որպես ՀՀ նախագահ իր ունեցած ռեսուրսները, զինված ուժերը, դատական համակարգը, ԱԱԾ-ն, ոստիկանությունը, ամեն ինչը կարող էր շատ նպատակային օգտագործել և Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրել։ Այսինքն ընտրովի արդարադատության իրողությունը, որը տիրապետող էր շարունակաբար, նա կարող էր կիրառել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, բայց չկիրառեց, որովհետև ոչ թե չէր ցանկանում, այլ որովհետև Ռոբերտ Քոչարյանն ուներ ազդեցություն, չէր կարող չունենալ ազդեցություն։ Հակառակ պարագայում Սերժ Սարգսյանը շատ հեշտությամբ կարող էր որպես քավության նոխազ օգտագործել Ռոբերտ Քոչարյանին և փորձեր իր վրայից թեկուզ ձևականորեն թոթափել «Մարտի 1»-ի ծանրությունը և ամբողջ մեղքը գցել Քոչարյանի վրա։
Սերժ Սարգսյանը դա չարեց, որովհետև Ռոբերտ Քոչարյանի ազդեցությունը բավականին մեծ էր։ Եվս մեկ կարևոր հիմնավորում է, որ Ռոբերտ Քոչարյանը, գտնվելով ազատության մեջ, կարող է ազդեցություն ունենալ քննության ընթացքի վրա։ Կալանքի պայմաններում, երբ նախաքննության մարմնի կողմից կարող էր որոշում կայացվել սահմանափակել նրա տեսակցությունները, հեռախոսազանգերը, զրկել նրան իր ռեսուրսները կիրառելու հնարավորությունից, որոնցով նա կփորձեր ազդել նախաքննության ընթացքի վրա, այդ ամենը կարող էր երաշխավորել, որ նախաքննությունն ընթանա օբյեկտիվ, համակողմանի և լրիվ, այսինքն նախաքննության ընթացքը չխաթարվեր։
Կարո՞ղ ենք սա լուրջ ահազանգ համարել դատական համակարգի համար։
Հիմա դատարանը, որն ըստ էության բավարարեց փաստաբանների միջնորդությունը, և առաջին ատյանի որոշումը չեղյալ հայտարարեց, իհարկե, սա լուրջ ահազանգ է: Ճիշտ է, դատական իշխանությունն այլևս չի ենթարկվում քաղաքական հրահանգների, հակառակ պարագայում, վստահեցնում եմ, որ գործող իշխանության քաղաքական հրահանգը չէր լինելու Քոչարյանի կալանքը փոխելու վերաբերյալ։ Այսինքն՝ իրապես քաղաքական իշխանության կողմից դատական որևէ թելադրանք, որևէ ճնշում, որևէ հեռախոսազանգ չկա, բայց քանի որ դատական իշխանությունը ամբողջությամբ ձևավորված է Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանության շրջանակներում, իրենց մեթոդներով, իրենց ենթակա անձանց նշանակմամբ, այն դեռևս չի փոխվել։
Ես նշում էի, որ թավշյա հեղափոխությունից հետո, ըստ էության, միայն գործադիր իշխանությունը՝ հանձինս կառավարության, ունի քաղաքական կամք, բայց շատ գործողություններ, հնարավորություններ չեն իրականացվելու կամ դժվարությամբ են իրականացնելու, որովհետև սահմանափակված են դատական իշխանության չբարեփոխմամբ, նաև ԱԺ-ի կազմով։ Ինչպես տեսանք, ԱԺ այսօրվա կազմից 46 պատգմավորներ ստորագրեցին Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու օգտին։ Այսինքն՝ մենք տեսանք, որ հեղափոխության արդյունքում ձևավորված միայն Փաշինյանի կառավարությունը բավարար չէ անհրաժեշտ փոփոխությունները կատարելու համար, նկատի ունեմ ապամոնտաժելու կոռուպցիոն համակարգը, ավտորիտար կառավարման մյուս ինստիտուտները՝ դատական համակարգն ու Ազգային ժողովը։ Այսինքն՝ մենք ունենք բավական լուրջ խնդիր։
Դա չի նշանակում, որ ամեն ինչ ավարտվեց, բնականաբար, բողոք կներկայացվի Վճռաբեկ դատարան, քննությունը կշարունակվի, փաստերն առավել ամբողջական կհավաքվեն։ Ես գիտեմ, որ քաղաքական հետապնդման բազմաթիվ զոհերի, տուժողների կողմից այս օրերին շատ ինտենսիվ ընթանում է նրանց կողմից բացատրություններ տալու գործընթացը։ Դա բավական ծավալուն աշխատանք է, այնպես չէ, որ 1-2 ամսում, անգամ մեկ տարում կավարտվի։ Մենք ականատես ենք լինելու էլի դժվարությունների, խոչընդոտների։ Այդ ընթացքում զուգահեռաբար նաև դատական իշխանությունը պետք է ընթացքում փոխվի։ Դատավորները պետք է սովորեն առանց քաղաքական հրահանգի աշխատելու։ Ցավոք, կա մտավախություն, որը բավական չափով հիմնավոր է, որ դատական իշխանությունն, ազատվելով քաղաքական իշխանության թելադրանքից, բայց դոսիեների, կոմպրոմատների, դեռևս նախորդ իշխանության օրոք ձևավորված կապանքների ու պայմանավորվածությունների արդյունքում շարունակում են մնալ կախված իրենց նշանակողների կողմից։
Ես կրկնեմ, որ ծանոթ չեմ միջնորդություններին, ծանոթ չեմ բողոքին, բայց չեմ կասկածում ՀՔԾ-ի մասնագետների պրոֆեսիոնալիզմին ու կարողություններին։ Ուղղակի մի հարցի ևս կուզենայի անդրադառնալ. Ես չեմ հասկանում այս դիմադրության իմաստը, ինչ հույս ունեն Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն։ Նախորդ իշխանության ուժերն իրենց հույսն ինչի՞ վրա են դրել։ Եթե անգամ մի պահ մտածենք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ձախողվեց, իրենք դրանից շահելո՞ւ են, կամ հնարավոր է լինելու իրենց վերադարձն իշխանությա՞ն։ Կամ մտքներով անցնում է, որ իրենք կարող են նորից իշխանություն լինե՞լ։ Սա լուրջ հարց է, որովհետև կարծես թե, ռևանշ վերցնելու այդ անթաքույց ձգտումն արտահայտվում է քաղաքական օրակարգում տարբեր խնդիրներ բարձրացնելու միջոցով, միայն թե իրենց վերաբերող հարցերը հեռացնեն օրակարգից, մոռացության տան իրենց կոռուպցիոն, հրեշավոր էությունը, այդ հրեշավոր հանցագործությունները պետության նկատմամբ, էներգետիկ, տնտեսական հանցագործությունները, մարդու իրավունքների խախտումները, հակասահմանադրական բոլոր գործարքները, ինքնիշխանության նկատմամբ ոտնձգությունները։ Այսինքն բացահայտվել է իրենց ամբողջ խոսքի սնանկությունը, որ տարիներ շարունակ ասում էին՝ բա պատերազմող երկիր ենք, իսկ հիմա այդ թեզը պատեհ-անպատեհ օգտագործողները, շահարկողները բացահայտեցին, որ թքած ունեն պատերազմող երկրի կարգավիճակի վրա, որովհետև պատերազմող երկրում ամեն ինչ թալանել են՝ զենքից ու զինվորի սննդից սկսած, ազգային հարստություններով վերջացրած։
Իհարկե, մենք գիտեինք, որ կոռուպցիա կա, բայց այս ծավալի, այս աստիճան ոչնչացնել պետությունը, պետական ռեսուրսները և այդքանից հետո փորձել, համարձակություն ունենալ վերադառնալու ուղղությամբ ինչ-որ քայլեր անել, կարծում եմ՝ էլ ավելի անպատասխանատու է։ Իրենք անպատասխանատու իշխանություն են եղել, հիմա եռակի ու քառակի անպատասխանատու եմ համարում վերադառնալու միտումները։ Չնայած, նաև պատասխանատվությունից խուսափելու ձգտումը կա, որովհետև իրենք հասկանում են, որ եթե քննությունը շարունակվի և փաստական բոլոր հանգամանքները կուտակվեն, ի մի բերվեն, նրանք այդ ամենի տակից դուրս չեն գալու։ Նրանք բարոյական տեսակետից որևէ հնարավորություն չեն ունենա երևալու կամ խոսելու։ Կարծում եմ նրանք սարսափում են հնարավոր այն պատկերի բացահայտումից, որը երեւում է արդեն այս երեք ամսվա ընթացքում ընդամենը մի քանի հանցագործությունների բացահայտումից։
«Մարտի 1»-ի գործով ձեր կարծիքով կա՞ արտաքին հասցեատեր։
Արտաքին միջամտություն քրեական գործի առումով չեմ տեսնում այն առումով, որ նրանք միջամտեն նախաքննությանը։ Ես ասել եմ, ու հիմա էլ կրկնում եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում ամենաճիշտ ճանապարհն է ժողովրդավարական, իրավական, ինքնիշխան ու սոցիալական պետության ձևավորման ուղղությամբ, և դա չի կարող, հաշվի առնելով հայաստանյան իրավիճակը, սահմանափակված լինել միայն Հայաստանի պետական սահմաններով, որովհետև կոռուպցիան միայն ազգային շրջանակներում չի եղել որպես համակարգ։ Դա ունեցել է նաև վերազգային լուրջ դրսևորումներ, մեխանիզմներ։ Այդ կոռուպցիոն համակարգի ապամոնտաժման գործընթացն անխուսափելիորեն բացահայտելու էր նաև ռուսական սուբյեկտների և պետության անվիճելի մասնակցությունը Հայաստանում կոռուպցիոն մեխանիզմներին։ Այս ընթացքում մենք հրապարակեցինք մեր ունեցած տեղեկությունը հայկական երկաթուղում ֆինանսական ռեսուրսների վատնման վերաբերյալ։ Դա մի ամբողջ փաթեթ է։ Ես պատկերացնում եմ, թե էլ ինչ ծավալի հանցագործություններ կատարված կլինեն հայկական երկաթուղում, որը հանձնված է ռուսական կառավարմանը։
Մենք ընդամենը մի քանի փաստեր ստացանք ՌԴ սահմանապահ զորքերում վառելիքի վատնման, յուրացումների հետ կապված։ Ընդ որում, սահմանապահ զորքերի կենսապահովման 50 տոկոսը հատկացվում է Հայաստանի պետբյուջեից, այսինքն նաև մեր բյուջեի միջոցներն են վատնվում։ Էներգետիկ համակարգում տեսնում ենք պարբերաբար հոսանքազրկումները, այսպես կոչված, վերանորոգումները, որոնց հետևանքով ահռելի եկամուտներ է ստացել «Հայաստանի էլցանցերը», որը ևս հանձնված է ռուսական կողմին։ Այս տարիների ընթացքում էներգետիկ համակարգը չի թարմացվել, կարկատանի ձևով մի կերպ պահվում է։ Բավական է մի փոքր ցուրտ եղանակ կամ անձրև, և համակարգը չի աշխատում, շարքից դուրս է գալիս։ Սա կոռուպցիայի հետևանքներ են։ Նույնը գազի սակագների հետ է կապված։
Այնտեղ, որտեղ կա ռուսական ներկայություն, այդտեղ կա նաև կոռուպցիա։ Այս առումով համոզված եմ, որ ռուսական կողմին ավելի շատ մտահոգում է, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի գործողություններն անխուսափելիորեն հանգեցնելու են նաև ռուսական կողմից կոռուպցիոն համակարգի ձևավորման ուղղակի մասնակցության բացահայտմանը։ Ես համոզված եմ, որովհետև իրենք ունեն միայն կոռուպցիոն մեխանիզմներով քաղաքական գործոններ։ Այսինքն, Կրեմլի քաղաքական գործիչներն իրենց բնույթով միայն կոռուպցիոն են։ Բացի կոռուպցիոն բնույթի գործիքներից, այլ բնույթի գործիքներ Կրեմլը չունի։ Տնտեսական, տեխնոլոգիական, գիտական, ինստիտուցիոնալ գործիքներ ՌԴ-ն չունի, ինչ ոլորտի մասին էլ խոսենք։ Տեսեք, Ռուսաստանը հանգստացավ, երբ Ուկրաինան թաղվեց կոռուպցիայի մեջ։ Ուկրաինան չկարողացավ հաղթահարել կոռուպցիան, չունեցավ հաջողություն այդ պայքարում։ Հիմա, երբ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը տալիս է իր անվիճելի արդյունքներն այսպիսի կարճ ժամանակահատվածում, իրենք համոզվեցին, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը իրապես հետևողական քաղաքական կամք է դրսևորում կոռուպցիայի դեմ պայքարում, որը անխուսափելիորեն տանելու է մինչև Կրեմլի մատույցները։
Տեսակետ կա, որ օգոստոսի 17-ի հանրահավաքին պետք է Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա և գնա արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ դրանով կանխելով հակահեղափոխության գլուխ բարձրացնելը։ Ինչպե՞ս եք գնահատում այդ տեսակետը և որքանով է հավանական նման սցենարը։
Ես, անկեղծ ասած, տեղյակ չեմ և չգիտեմ, թե ինչի հիման վրա են նման ենթադրություններ կատարում։ Մյուս կողմից, եթե հիշենք, ապրիլից առաջ ոչ ոք չգիտեր, որ Նիկոլ Փաշինյանը դուրս է գալու հրապարակ։ Նա հայտարարեց, որ ընտանիքի հետ խորհրդակցել է և դուրս է գալիս հրապարակ։ Հետո, թե ինչ է անելու Ազատության հրապարակ դուրս գալուց հետո, դա էլ չգիտեինք, և տեսանք, որ նա քայլերթը սկսեց Գյումրիից։ Այսինքն անակնկալներ միշտ էլ կարող են լինել, ու միանշանակ է, որ ինչ-որ պահի դա լինելու է։ Հիմա, թե դա օգոստոսի 17-ին կարվի, սեպտեմբերի 17-ին, թե դեկտեմբերի 17-ին, ես չեմ կարող ենթադրել։ Բայց այն, որ Ազգային ժողովը ցրելու և նոր ընտրություններ անցկացնելու միակ տարբերակը Նիկոլ Փաշինյանի կողմից վարչապետի պաշտոնից հրաժարականն է, և դրանից հետո նաև նոր վարչապետ չընտրելու տարբերակը, դա միանշանակ է։ Այլ տարբերակ չկա։
Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրակարգը եղել է հենց սկզբից՝ մայիսի 8-ից հետո, բայց թե երբ կոնկրետ որոշում կկայացվի, թե երբ է այդ քայլն արվելու, ես դժվարանում եմ գուշակել։ Այն, որ ԱԺ 46 պատգամավորներ, ըստ էության, ստորագրեցին Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու օգտին, դա է լուրջ խնդիրը, ոչ թե դատարանի որոշումը։ Այսինքն, մենք ունենք մի խորհրդարան, որն իր մոտ կեսի չափով սատարում է Հայաստանի սահմանադրական կարգը բռնի տապալածին։ Այսինքն իրենք արձանագրեցին, որ իրենք հանդիսանում են ժողովրդի իշխանության դեմ հանդես եկող ներկայացուցիչներ։ Դա մենք գիտեինք, իհարկե, բայց անգամ հեղափոխությունից հետո նրանք շարունակեցին իրենց վարքագիծը և ապացուցեցին, որ իրենք ժողովրդի իշխանության դեմ են, սահմանադրության կարգի դեմ են։ Ու բոլորովին կարևոր չէ, թե ինչ դրդապատճառներով են այդպես վարվում։ Սա ուղղակիորեն ենթադրում է, որ այս ԱԺ-ում անհնար է որևէ բարեփոխում իրականացնել, օրենքներ ընդունել, կարևոր վճռորոշ քայլեր կատարել։ Իսկ առանց լեգիտիմ խորհրդարանի մենք չենք կարող շատ առաջ գնալ։ Սեպտեմբերից ԱԺ-ն պետք է աշխատի, ու ես չեմ պատկերացնում, թե այս կազմով ինչպես ենք մենք օրենքներ ընդունելու։