Որ դեպքում Մոսկվան կարող է միջամտել Հայաստանի ներքին հարցերին
15:34, September 3, 2018 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՄեր զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը
Պարոն Սաքունց, վերջին մեկ շաբաթվա զարգացումները ինչպե՞ս եք գնահատում։ Մասնավորապես Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին։ Դրան հաջորդեց Պուտինի շնորհավորանքը Քոչարյանին։ Ռուսաստանն արդեն ուղղակիորեն աջակցությո՞ւն է հայտնում Քոչարյանին։
Չնայած հանրության շրջանում նոր կառավարության դիրքորոշումների վերաբերյալ բազմաթիվ դժգոհություններին, հատկապես Ռուսաստանի հետ հարաբերությունների առումով, երբ քննադատում են, որ Նիկոլ Փաշինյանը շատ ավելի փորձում է կառուցողական կամ բարեկամական մոտեցումներ ցուցաբերել ՌԴ իշխանությունների նկատմամբ, գոնե ես մշտապես ասել եմ, որ այն քաղաքականությունը, որն իրականացվում է Հայաստանի ներսում՝ կոռուպցիայի դեմ պայքար, անպատժելիության վերացում, մարդու իրավունքների պաշտպանություն, օրենքի առջև բոլորի հավասարության ապահովում, ընդհանրապես ժողովրդավարական և իրավական այն գործընթացները, որոնք հիմա իրականացվում են, դա չէր կարող գոհացնել կամ չէր կարող ողջունվել Կրեմլի կողմից։ Իհարկե, Հայաստանի նոր իշխանությունները ևս գիտակցում են, որ իրենց գործողությունների բովանդակությունը, բնույթը և Կրեմլի քաղաքականության բնույթը իրար հետ ոչ մի ընդհանրություն չունեն։ Հետևաբար, նրանք փորձում են, որ որևէ առիթ չտան, որ Կրեմլը որևէ կոշտ միջամտություն թույլ տա Հայաստանի ներքաղաքական զարգացումների վրա։
Այս տեսակետից, կարծես թե առաջին առիթը, որը ստացավ Կրեմլը, «Մարտի 1»-ի փաստով քրեական գործի հարուցումն էր՝ սահմանադրական կարգը զինված ուժերի ներգրավմամբ տապալելու հիմքով։ Դրա շրջանակներում մեղադրանքներ առաջադրվեցին այդ ժամանակվա նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանին, 0038 գաղտնի հրամանով զինված ստորաբաժանման ղեկավար Յուրի Խաչատուրովին և պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին և, կարծում եմ մեղադրանքներ կառաջադրվեն նաև գլխավոր շտաբի այդ ժամանակվա պետ Սեյրան Օհանյանին և շատ այլ պաշտոնատար անձանց։ Հիմա այդ քրեական գործից, որը մեծ քաղաքական նշանակություն ունի Հայաստանի համար, անհանգստացավ ՌԴ իշխանությունը և առաջին քայլը, որ նրանք արտահայտեցին, եղավ Յուրի Խաչատուրովը, քանի որ նա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն է։ Ես կարծում եմ, որ, այնուամենայնիվ, Ռուսաստանը չի համարձակվի Ռոբերտ Քոչարյանին որպես միջամտության գործիք օգտագործի Հայաստանի ներքաղաքական իրադարձությունները, զարգացումները կասեցնելու կամ խոչընդոտելու համար։ Որովհետև «Մարտի 1»-ի հանցագործության մեջ, ես վստահեցնում եմ՝ եթե նախաքննությունն ընթանա օրինականության սահմաններում, բոլոր հանգամանքները վեր հանելով, ապա մենք կունենանք բավարար հիմքեր պնդելու ՌԴ ներկայացուցիչների, հատուկ ծառայությունների անմիջական մասնակցության մասին։ Ես սա ասում եմ ոչ թե որպես ենթադրություն, այլ ասում եմ ականատեսների հաղորդած տվյալներ։ Օգտվելով առիթից, ես հորդորում եմ, որ այն մարդը կամ այն մարդիկ, որոնք «Մարտի 1»-ի իրադարձությունների ժամանակ գտնվել են ՀՀԿ շտաբում և անվտանգության ապահովման գործառույթներ են իրականացրել, և դրանք եղել են ռազմական ոստիկանության աշխատակիցներ, բարի լինեն և սեփական կամքով հանդես գան համապատասխան ցուցմունքներով։
Այնպես որ ես կարծում եմ, որ Ռուսաստանը, չնայած իր մեծ ցանկությանը, ներկա պայմաններում որևէ միջամտություն կատարելու հիմքեր չունի, բայց հիմքեր կարող են դրվել միայն մի դեպքում, եթե տեսնի, որ ներկա իշխանությունը առաջին հերթին թույլ է տալիս այնպիսի ձախողումներ կամ սխալներ, որն առաջ է բերում հանրության դժգոհությունը։ Այսինքն երբ ներկա կառավարությունը կորցնի իր վստահությունը Հայաստանի ժողովրդի մոտ, ապա ինքն էլ ավելի կփորձի խորացնել այդ անվստահությունը տարբեր գործիքներով՝ քարոզչական գործիքներով, ագենտուրայի միջոցով տարբեր թեմաների բարձրացմամբ և այլն։ Դեռ որ Կրեմլը գիտակցում է, որ այնպիսի անվերապահ աջակցություն ունի նոր կառավարությունը, որ Քոչարյան չէ, ով էլ լինի, ուղղակի հրապարակավ դեմ առ դեմ դուրս է գալու Հայաստանի հասարակության դեմ։ Ռուսաստանը չէր ուզենա կորցնել առանց այն էլ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ սասանված իր պատկերը։ Բայց այն, որ նա կփորձի հենման կետեր ստեղծել Հայաստանում և հիմա այդ հենման կետերի փնտրտուքի մեջ է, ես դրանում չեմ կասկածում։
Ովքե՞ր կարող են նրա հենման կետերը լինել. իհարկե, նախկին կոռումպացված իշխանության ներկայացուցիչները, որոնք գույք պարտքի դիմաց, կամ միասնական հայ-ռուսական զորամիավորման, կամ Հայաստանում ռուսական ռազմակայանի գտնվելու ժամկետի երկարացման վերաբերյալ որոշումներ են կայացրել։ Այսինքն, իրենց բովանդակությամբ կոռուպցիոն, քրեական շրջանակներից կարող են լինել իր հենման կետերը։ Այդպիսի շրջանակներից դուրս այլ հենման կետ ունենալու պոտենցիալ հնարավորություն Ռուսաստանը չունի։
Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին։ Որքանո՞վ նա կարող է հաջողել՝ հաշվի առնելով, որ Հայաստանում քիչ չեն այդ քրեաօլիգարխիկ, քրեական տարրերը, որոնք ընտրություններին շատ մեծ դերակատարություն են ունեցել, ամեն մեկն իր թաղում, համայնքում։
Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, թե ինքը կարող է լինել քաղաքական կոնսոլիդացնող կենտրոն, ցույց է տալիս, որ իրենք ընդունել են իրենց կարգավիճակը, որ իրենք արդեն ընդդիմություն են, քանի որ նա չի ասում իշխանության կենտրոն։ Զուտ իրավական տեսակետից դա հիմնավոր է, որովհետև այդ իրավունքն ունի, քանի դեռ նրա նկատմամբ դատարանի ուժի մեջ մտած որոշում չկա։ Բայց բովանդակային տեսակետից դա որևէ հիմք չունի, որովհետև ակնհայտ է, որ նոր իշխանության հակակոռուպցիոն գործողությունները որևէ հնարավորություն չեն տալու կոռումպացված, կրիմինալ արժեքային համակարգով և ռեսուրսներով քաղաքական շղարշով որևէ մեկը դերակատարում ունենա Հայաստանի ներքաղաքական կյանքում։ Այն բոլոր քաղաքական ուժերը, որոնք իրենց գոյությամբ վերացրել ու ոչնչացրել են քաղաքական համակարգը, որևէ անելիք չեն կարող ունենալ նոր քաղաքական համակարգում։ Դա հակասում է ցանկացած ողջամիտ տրամաբանությանը։ Դու չես կարող որպես քաղաքական համակարգը ոչնչացնող ուժ հանդես գալ նոր ձևավորվող քաղաքական համակարգում։ Գուցե նպատակը նոր ձևավորվելիք քաղաքական համակարգի ոչնչացո՞ւմն է։ Ես սա ահամարում եմ որպես դիմադրություն հանուն գոյության, հանուն կոռուպցիայի, հանուն հին համակարգի գոյության։ Բայց Հայաստանում այլևս կրիմինալը քաղաքական նշանակություն չի ունենալու, որի հետ խոսակցությունը լինելու է միայն օրենսդրական նորմերի կատարման շուրջ։ Քաղաքական երկխոսություն կրիմինալի հետ այլևս չի լինելու։ Պետական ահաբեկչություն իրականացրածների հետ, որոնք որպես պատանդ վերցրին ամբողջ ժողովրդին, երկխոսություն չի կարող լինել։ Նրանց հետ լինելու է միայն արդարադատության լեզվով խոսելը։
Ռոբերտ Քոչարյանը, բացի արդարադատությունից, որևէ այլ հույս թող չունենա, ինչպես նաեւ նրան որպես բյուրեղացման կենտրոն համարողները, կամ նրա շուրջ հավաքվողները։ Սա միանշանակ է։ Կարո՞ղ են խոչընդոտներ ստեղծել, այո, կարող են, բայց դրանք կլինեն զուտ կրիմինալ խոչընդոտներ, ոչ թե քաղաքական։ Կարո՞ղ է արդյոք որևէ դրսի ուժ կրիմինալ գործոնները որպես քաղաքական նպատակ օգտագործել։ Դա մահ կլինի նաև այդ դրսի ուժերի համար, այսինքն նաև Կրեմլի համար։ Այնուամենայնիվ, Կրեմլը քաղաքական հագուստով էակներ է փնտրում, թեկուզ բովանդակությամբ կրիմինալ լինելով, որպեսզի նրան քաղաքական գործիք օգտագործի։ Մեր երկրում այլևս կրիմինալ էակները քաղաքականազերծված են, մերկացված են քաղաքական հագուստից։ Նրանք ավելի շատ զոլավոր հագուստի հավակնություն կարող են ունենալ։ Նորից կրկնեմ՝ Ռոբերտ Քոչարյանը չի վտանգավոր, և վտանգավոր էլ չի կարող լինել անգամ իր ունեցած հարստությամբ, այլ միայն կարող են լուրջ մտահոգություն լինել իշխանության քաղաքականության թույլ տված հնարավոր սխալները և բացթողումները, որոնք կարող են լրջորեն շահարկվել։
Այսօր ՀՀ օրենսդրությունը արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար հնարավորություններ գրեթե չի տալիս։ Անընդհատ ձգձգումը և անորոշությունը արտահերթ ընտրությունների ժամկետների հետ կապված արդյոք ավելի չի՞ բարդացնում հեղափոխության երկրորդ փուլը։
Հայաստանի թավշյա հեղափոխությունն ունեցել է բացառիկ օրինական բնույթ։ Ամեն ինչ արվել է օրինականության և իրավական բոլոր նորմերը պահպանելու հիման վրա։ Այդպես էլ տրամաբանությունը պետք է լինի։ Սա այն դասական հեղափոխությունները չեն, որոնք արյունով ու սրով իրականացվել են և առանց դատ ու դատաստանի որոշումներ են կայացվել։ Ի վերջո, պետք է հիշել, որ Հայաստանը Եվրոպայի Խորհրդի անդամ է, քաղաքակիրթ աշխարհի տարբեր կառույցների անդամ է, այնպես որ, մեր հետագա քայլերը բացառապես պետք է տեղավորվեն օրինականության և օրենքների սահմաններում։ Դուր է գալիս, թե դուր չի գալիս, դրանից դուրս ցանկացած կացնային որոշումները կամ քայլերը կլինեն առաջին հերթին թավշյա հեղափոխության ձախողում։ Այն, որ Սահմանադրությունն իրապես չի տալիս արդյունավետ որոշումներ՝ շարունակությունն ապահովելու համար, փաստ է։ Ովքեր գտնում են, որ այս պահին Սահմանադրությանը պետք է ամբողջությամբ, անվերապահ ենթարկվել, նշանակում է՝ իրենք ընդունում են, որ այս Սահմանադրությունը ինքն արդեն լուծումներ չտվող է, որովհետև այն ԱԺ արտահերթ ընտրությունների խնդիր չի լուծում։ Սահմանադրությունը ձևավորված է եղել մեկ անձի և մեկ կուսակցության իշխանությունը ապահովելու համար։ Դրա համար, իհարկե, պետք է սահմանադրական փոփոխություններ կատարել։ Բայց սա ոչ թե այն նույն նպատակով սահմանադրական փոփոխություններն են, որոնք նախորդ անգամները եղել են՝ 2005-ին և 2015-ին։ Այս դեպքում սահմանադրական առաջարկվող փոփոխությունների նպատակը ժողովրդավարական և իրավական փոփոխությունների ապահովումն է, որի գլխավոր քայլը պետք է լինեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները։
Հիմնավորումները կամ քաղաքական և բոլոր տեսակի ռեսուրսները առավել քան կհզորանան Երևանի ավագանու ընտրություններից հետո։ Դա կլինի առաջին ընտրությունը հեղափոխությունից հետո, երբ դա կլինի փոքր մակետը քաղաքական խճանկարի։ Չեմ կասկածում, որ այդ ընտրությունները լինելու են բացառիկ ազատ ու արդար, և մենք դիտորդություն ենք իրականացնելու, որի արդյունքների ամրապնդումից հետո նոր իշխանության ռեսուրսներն ու փաստարկները սահմանադրական փոփոխություններ կատարելու, որոնք կապահովեն ԱԺ արտահերթ ընտրություններ, ավելի հզորանալու են։ Ի վերջո, մենք այս 30 տարիների ընթացքում անընդհատ գտնվել ենք հետխորհրդային պետության վիճակում։ Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանն առաջին անգամ քայլ է կատարում հետխորհրդային պետության վիճակից ժողովրդավարական պետության վիճակի։
Սահմանադրական փոփոխություններն իրենց բովանդակությամբ բոլորովին նոր տրամաբանություն ու նշանակություն ունեն։ Սա հերթական փոփոխությունները չեն, սա, ըստ էության, նոր ժողովրդավարական, ինքնիշխան, իրավական ու սոցիալական Հայաստանի Սահմանադրությունը պետք է լինի։ Նախորդ բոլոր Սահմանադրությունները եղել են հետխորհրդային պետության Սահմանադրություններ։ Բոլոր այն մարդիկ, որոնք կփորձեն խոսել սահմանադրական փոփոխությունների դեմ, նրանք փորձում են Հայաստանը պահել հետխորհրդային պետության կարգավիճակում։ Հետխորհրդային պետությունից դուրս գալու խնդիրը պետք է հասկացվի։ Սա իշխանության սովորական փոփոխություն չէ։ Հեղափոխության բուն իմաստը դա է։ Բալթյան երկրները դուրս պրծան հետխորհրդային պետության կարգավիճակից, մենք 30 տարի հետո նոր ենք դուրս գալիս։ Եվ այս սահմանադրական փոփոխությունները բոլորովին նոր տրամաբանությունն ունեն, սրանք հերթական փոփոխությունները չեն, սա ինքնիշխան, սոցիալական Հայաստանի Սահմանադրությունն է լինելու։