Արթուր Սաքունց․ Քոչարյանին աջակցողները ավելի շատ կորուստներ կունենան վերաբերմունքի, կարծիքի, իմիջի առումներով, քան՝ ձեռքբերումներ
10:20, September 4, 2018 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններScannews-ի զրուցակիցը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի վանաձորյան գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն է։
Օրերս ՄԻԵԴ քարտուղարությունը ծանուցեց, որ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը/որոշումը հրապարակվելու է այս ամսվա 20-ին։ Դրան զուգահեռ՝ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտնեց, որ Քոչարյանը մի քանի օրով մեկնում է Հայաստանից։ Դուք այս երկու իրողությունների մեջ կապ տեսնո՞ւմ եք։
Ճիշտն ասած՝ չէ, չեմ տեսնում։
Վճռի հրապարակման հետ կապված՝ հասկանալի է, որ դժվար է կանխատեսել, թե ինչ վճիռ կլինի, բայց, այնուամենայնիվ, ինչպիսի՞ վճիռ եք ակնկալում։
Ես դժվար թե կարողանամ ենթադրել, թե Եվրոպական դատարանը ինչ վճիռ կկայացնի, բայց իմ համոզմունքն ունեմ, որ Մարտի 1-ի գործով բոլոր քաղաքական հետապնդման զոհերի վերաբերյալ, որոնց գործով գանգատ է ներկայացվել Եվրոպական դատարան, առնվազն մի քանի հոդվածներով իրավունքի խախտում անպայման կարձանագրվի․ թե՛ խոսքի, կարծիքի արտահայտման ազատության, թե՛ 5-րդ հոդվածով՝ անձեռնմխելիության իրավունքի խախտման, թե՛ 6-րդ հոդվածով՝ արդարադատության իրավունքի, և թե՛ հավաքների ազատության․․․ այսինքն՝ կան մի ամբողջ շարք իրավունքներ, կան կոնվենցիայով մի շարք իրավունքներ, որոնք խախտվել են Մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված բոլոր քաղբանտարկյալների և քաղաքացիների մասով, որոնց նկատմամբ կիրառվել են ոչ միայն ոստիկանական բռնություններ, ապօրինի ձերբակալություններ, ապօրինի քրեական հետապնդումներ, ազատազրկումներ, այլ նաև, ըստ էության, խոչընդոտվել է նրանց քաղաքական և քաղաքացիական իրավունքների իրականացումը։
Իսկ Ռ․ Քոչարյանի հնարավոր վերադարձը, ըստ Ձեզ, քարոզչությո՞ւն է, թե՞ իրական սպառալիք կա դրանում։
Քոչարյանը որևէ սպառնալիք չի կարող ներկայացնել քաղաքական տեսակետից, իսկ կրիմինալ ինչ-որ գործիքներով, կրիմինալ ռեսուրսների ներգրավմամբ խժդժություններ կամ ապակայունացնող գործողություններ կատարելու առումով դատապարտված է ձախողման։
Արդյոք կա՞ ձեզ մոտ տպավորություն, որ մի շարք լրատվամիջոցներ, կարծեք թե ուղղորդված համապատասխան քարոզչությամբ են զբաղվում Քոչարյանի ուղղությամբ։
Կան, ակնհայտ կան։ Ես հիմա չեմ հիշում կոնկրետ անուններ, բայց դրանցում Ռ․ Քոչարյանի վերաբերյալ բոլոր կասկածները, օրինակ՝ հարստության վերաբերյալ, նրա կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ, կամ նրա կողմից կատարված «բարեգործությունների»՝ որպես լավ քաղաքական գործիչ ներկայացնելու ուղղությամբ ակնհայտ ուղղորդված տեղեկատվություն տարածում են։
Ունի՞ արդյոք համակիրներ Ռ․ Քոչարյանը, ինչպես ինքն է հայտարարում ու կարծում։
Իր նմանների կողմից համակիրներ կունենա։ Չգիտեմ՝ քաղաքական դաշտից, թե կրիմինալ դաշտից, թե որ դաշտից, բայց իր արժեքային համակարգը կրողների կողմից կունենա։ Սակայն ոչ հրապարակային, որովհետև այնուամենայնիվ, Քոչարյանը չունի հանրային ընկալման այն համբավը, որ նրան աջակցողն իրեն ընդունված զգա հանրության կողմից։ Քոչարյանին աջակցողները ավելի շատ կորուստներ կունենան վերաբերմունքի, կարծիքի, իմիջի առումներով, քան ձեռքբերումներ։