«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՁԱԳԱՆՔԻ ԻՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԱՆՁՄԱՆԸ ՄԻՆՉԵՒ 2015-Ի ՀՈՒՆԻՍԸ»
10:17, February 12, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԱյս տարի ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկման շրջանակում Հայաստանին ուղղված 179 հանձնարարականներին հայկական կառավարական պատվիրակությունը պետք է արձագանքի մինչև 2015-ի հունիս ամիսը:
Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հասարակական և իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները պարզաբանեցին, որ Հայաստանը Ժնևում անցկացվելիք ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստին տեղեկություն կտա այդ հանձնարարականները իրագործել պարտավորվելու, կամ դրանք՝ ի գիտություն ընդունելու վերաբերյալ:
«Մարդու իրավունքների կազմակերպությունները անկաշկանդ կերպով կարող են լոբբինգային ազդեցություն գործադրել կառավարության վրա, որպեսզի իրենց կողմից անհրաժեշտ համարվող հանձնարարականները ոչ թե ի գիտություն ընդունվեն, այլ կառավարությունը պարտավորվի դրանք իրագործել»,-Մեդիա կենտրոնի քննարկմանը կարծիք հայտնեց Քաղաքացիական և քաղաքական իրավունքների կենտրոնի արտաքին հարաբերությունների ղեկավար Վինսենտ Պլոտոն:
Նշենք, որ Մարդու իրավունքների իրավիճակը 4,5 տարին մեկ պարբերականությամբ ուսումնասիրվում է ՄԱԿ-ի անդամ հանդիսացող 193 երկրներում: Այս տարի հունվարի 22-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի համընդհանուր պարբերական դիտարկման աշխատանքային խմբի 21-րդ նստաշրջանում քննարկվեց Հայաստանի երկրորդ պարբերական զեկույցը: Դրան զուգահեռ Հայաստանի շուրջ 26 ՀԿ-ներ ներկայացրել էին իրենց այլընտրանքային զեկույցները մարդու իրավունքների ոլորտում առկա խախտումների, խնդիրների և բարեփոխումների վերաբերյալ:
ՄԱԿ-ի անդամ երկրները, ուսումնասիրելով Հայաստանի կառավարության և քաղաքացիական հասարակության զեկույցները, տվել էին իրենց հանձնարարականները մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրների լուծման ուղղությամբ: Հայաստանը կտրականապես մերժել է միայն Ադրբեջանի ներկայացրած տասը հանձնարարականները:
«Մեդիա կենտրոնի» քննարկմանը ներկա Հյուման Ռայթս Հաուս հիմնադրամի ջատագովության միջազգային պատասխանատու Աննա Ինոչենտին ասաց, որՀայաստանը նախ և առաջ պետք է ապահովի, որ խտրականության հայաստանյան սահմանման մեջ ընդգրկվեն Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրով նախատեսված խտրականությնա բոլոր ձևերը՝ ռասսա, մաշկի գույն, կրոն, սեռ, սեռական կողմնորոշում և այլն:
«Բացի այդ Հայաստանը պետք է ընդունի ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրություն: Հայաստանը պետք է պաշտոնապես ձևակերպի, որ չի հանդուրժում նույնասեռականության հիմքով որևէ խտրականություն, hատուկ օրենք ընդունի գենդերային հավասարության մասին, պետք է զինված ուժերում բացառի արտականոնադրական հարաբերությունները, ճնշումները, ոտնձգությունները, ինչպես նաև ապահովի զինված ուժերում ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունքում մահվան դեպքերի բողոքների բաց և ազատ քննություն»,-նշեց Ինոչենտին:
Ըստ նրա՝ քաղաքացիական հասարակության առաջնային դերակատարումն էլ պետք է լինի մշտադիտարկումը Հայաստանի կողմից այս պարտավորությունների կատարման ընթացքը:
Քննարկման մասնակից Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ասաց, որ ՄԱԿ-ի ՀՊԴ-ի Հայաստանի ազգային զեկույցի քննարկման ժամանակ մարդու իրավունքների ոլորտին առնչվող բոլոր կարևոր խնդիրները ներկայացվել են:
«Ցավոք, ՀՀ իշխանությունները բավարար կամք չեն դրսևորում այդ խնդիրների լուծման ուղղությամբ: Հայաստանին ուղղված այս հանձնարարականները պարտավարություն են առաջին հերթին ոչ թե միջազգային կառույցների առջև, այլ հենց ՀՀ քաղաքացու առջև»,-նշեց Սաքունցը:
Քննարկմանը ներկաՀայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն էլ ընդգծեց, որՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկումը Հայաստանի և հայ իրավապաշտպանների համար մարդու իրավունքների ոլորտում հաջողությունների հասնելու հարցում լավ հնարավորություն է:
«Սակայն մտահոգիչ է, որ խաղաղ հավաքների և երթերի անցկացման մասին դրույթը ՀՀ-ի նոր հանձնարարականներում չկան: Դա մտահոգիչ է, քանի որ Հայաստանում, չնայած կա համապատասխան օրենք, բայց խաղաղ հավաքների մասով ոչ թե օրենքն է գործում, այլ քաղաքական կամքը, բացասական իմաստով»,-ասաց Իշխանյանը՝ հավելով, որ խոշտանգումների կանխարգելումն ու անկախ դատական համակարգ ունենալը նույնպես շարունակում եմ մնալ չլուծված խնդիրների ցանկում:
Նշենք, որ Հայաստանը աշխարհի այն 168 պետություններից է, որը վավերացրել է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը:
2012-ին Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրերով Հայաստանի համար հաստատվել էր 25 հանձնարարական, որից երեքը համարվել էին առաջնահերթ:
2014-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեն ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ Հայաստանը չի կատարել այդ երեք հանձնառությունները՝ 2008- ի մարտի դեպքերին իրավապահ միամինների կողմից չափազանց մեծ ուժի կիրառման պատժելիությունը, խոշտանգումների մասին բողոքները քննող և մեղավորներին պատասխանատվության ենթարկող անկախ մեխանիզմի ստեղծումը և դատական համակարգի անկախությունը:
«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» հիմնադրամը, որ աջակցել է Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին պատրաստելու ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ զեկույցը, շարունակում իրականացնել իր մշտադիտարկումը նաև ներկայիս գործընթացների վերաբերյալ:
«Հունվարի 22-ին ՄԱԿ ՀՊԴ-ում Հայաստանի ազգային զեկույցի քննարկման ժամանակ պետությունների կողմից տրված հանձնարարականները համահունչ էին հայաստանյան քաղաքացիական հասարակության կողմից հնչեցված մտահոգություններին: Այդ հանձնարարականները ընդունելուց բացի, պետք է լուրջ աշխատանք կատարել դրանց իրականացման ուղղությամբ: Քաղաքացիական հասարակությունը պետք է ջատագովը լինի այդ հանձնարականների կատարման: Կան եղանակներ և միջոցներ դրանք կատարելու, և չկա ժամանակ դրանք այլևս չկատարելու: Քաղաքացիական հասարկության հմտությունների և կարողությունների զարգացումն է, որ մեր կազմակեևպությունը փորձում է անել»,-ասաց «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան», հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը:
Նա հավելեց, որ այժմ անցկացվում է լայնածավալ ուսուցողական ծրագիր ՀԿ-ների համար, որպեսզի մինչև վերջնաժամկետը ներկայացվի լայնածավալ և ավելի մեծ ներուժով մոնիտորինգ:
Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կուտակված խնդիրները և հասարակության մոտ առաջացած վստահության պակասը, թե պետությունը կիրագործի այս հանձնառությունները, այնքան է խորացել, որ սա, ըստ իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների, կարող է լինել հաջորդ կարևոր մարտահրավերը իշխանության համար, քանի դեռ Հայաստանը կյանքի չկոչի այդ պարտավորությունները:
Այս մասին նաև՝ Մեզ մոտ բոլոր իրավապահ մարմինները ենթարկվում են Սերժ Սարգսյանին․ Ավետիք Իշխանյան
Հայաստանը չի կատարել միջազգային համաձայնագրի պարտավորությունները․ Վինսենտ Պլոտոն