Ջրծաղիկից մահացած զինվորի բարեկամները դժգոհ են նախաքննությունից, պահանջում են նոր գործ հարուցել
08:47, August 25, 2012 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժերԵրեկ Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել ջրծաղիկից մահացած ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով առաջին դատական նիստը:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ փաստաբան Մուշեղ Շուշանյանը դատախազ Համբարձում Մելիք-Սարգսյանին բացարկ է հայտնել այն հիմքով, որ դատախազը տուժող կողմի միջնորդությունը նախատեսված ժամկետում լուծում չի տվել, իսկ գործը առանց դրա մտել է դատարան, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենքով և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմնաված նորմի խախտում է:
Շուշանյանը հայտարարել է, որ ինքը հուլիսի 23-ին դիմել է դատախազ Մելիք-Սարգսյանին, սակայն որևէ պատասխան չի ստացել: Միայն օրեր անց Հայկ Խաչատրյանի հայրը՝ Մովսես Խաչատրյանը, ծանուցվել է, թե գործը վարույթ է մտել: Այս մասին տեղեկանալով` տուժողի ներկայացուցիչը դիմել է դատարան`գործը կասեցնելու խնդրանքով, քանի որ ընթացք տալ չի կարելի, քանի դեռ բողոքի պատասխանը չկա:
Ըստ տուժող կողմի ներկայացուցիչի` գործով զբաղվող դատախազը մեղադրականում չի ընդգրկել բոլոր մեղավորդներին, ինչը վկայում է, որ նա անկողմնակալ չէ և նպատակ է հետապնդում մեղմ դատավճռի հասնել ամբաստանյալների համար:
Դատախազը առարկել է իրեն բացարկ հայտնելուն: Նա արդարացել է, որ մերժել է տուժողի ներկայացուցչի բողոքը օգոստոսի 3-ին, սակայն Հայ փոստի աշխատակիցները չեն հանձնել Շուշանյանին այդ մասին նամակը` հասցեում և տան սեփականատերի անվան սխալ գրված լինելու պատճառով: Գործով անցնող երկու ամբաստանյալների պաշտպանը հայտարարել է, որ Շուշանյանը հավանաբար հատուկ չի վերցրել նամակը, և նրա` դատախազին բացարկ հայտնելու հիմքերը ենթադրություններ են: Ի պատասխան` Շուշանյանը կոչ է արել դատարանին հորդորել, որպեսզի նման անպատասխանատու հայտարարություններ չհնչեն դատարանում:
Նշենք, որ« ըստ նախաքննության արդյունքի, մեղադրանք է առաջադրվել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքի պետ, փոխգնդապետ Մինաս Մկրտչյանին և ՀՀ ԶՈւ գլխավոր վիրաբույժ Միքայել Միքայելյանին` «ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունք, որը պատճառել է էական վնաս» հիմքով (ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածի 1-ին մաս): Մովսես Խաչատրյանը դատարանում հայտարարել է, որ հրաժարվում է մասնակցել դատավարության այդ հոդվածով առաջադրված մեղադրանքի պատճառով:
«Եթե նման խայտառակ հոդված է, հրաժարվում եմ մասնակցել: Ուզում եք` ձերբակալեք ինձ, մեկ է` իմ կյանքը այլևս կյանք չի, իմ տունը տուն չի: Մարդիկ, ովքեր ևս պետք է պատժվեն որդուս մահվան համար, ամբաստանյալի աթոռին էլ չեն: Իմ տղային դիրքերում չեն սպանել, դա արել եմ իմ աչքի առաջ` հոսպիտալում»,- դատարանին ասել է Մովսես Խաչատրյանը:
Իրավահաջորդի ներկայացուցիչը պահանջում է նոր գործ հարուցել 376-ի երկրորդ մասով (Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ` պատժվում են ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով) և 130-ի երկրորդ մասով (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը):
Հայկ Խաչատրյանի հայրը նաև ասել է, որ նախաքննությունը նորմալ չի ընթացել: Չեն հարցաքննվել բոլոր վկաները: Ինքը միջնորդել է, օրինակ, որ հարցաքննվի նաև Հայկի քեռին` Արմեն Դավթյանը, ով հոսպիտալում մնացել է Հայկի հետ և մահվան պահին կողքին է եղել, սակայն այդ միջնորդությունը միշտ մերժվել է:
Epress.am-ին Արմեն Դավթյանն ասել է, որ Հայկը ջրծաղիկով վարակվել է հենց հոսպիտալում, որտեղ նրան տեղափոխել էին դեմքի նյարդը բուժելու համար:
«Հայկին կարաուլ էին կանգնեցրել, ուշադրություն` ոչ ռազմական շենք հսկելու համար: Ցրտից ու մյուս կողմից խարույկի տաքությունից նյարդը բորբոքվել էր: Սպան էլ մյուս օրը վազեցրել էլ: Հայկին տեղափոխել են սանչաստ: Չկարողանալով բուժել՝ տարել են հոսպիտալ: Այդտեղ է վարակվել, ու մի շաբաթ հետո մահացել: Ում հարցնես՝ գիտի, որ ջրծաղիկի դեպքում դեղ չեն տալիս, հոսպիտալում անտիբիոտիկներ են տվել: Հիգիենայի մասին էլ չեմ խոսում», – ասել է Դավթյանը:
Ըստ նրա` տեսնելով, որ Հայկի վիճակը վատանում է` խնդրել է հանդիպել հոսպիտալի պետի հետ, սակայն չեն թողել: Այնուհետև խնդրել է թողնել տեղափոխել Հայկին Մոսկվա, դա էլ են մերժել: Քեռին ու հայրը փորձել են ցնցումների մեջ գտնվող զինվորին տեղափոխել վերականդանացման բաժին, քանի որ ոչ մի բուժքույր բաժնում չի եղել: Երրորդ ցնցման ժամանակ էլ տղան մահացել է, պատմել է Դավթյանը:
Աղբյուրը՝ http://www.epress.am/