««Ռոմանտիկ» ոստիկանապետ Վովա Գասպարյանի ղեկավարած համակարգին չեմ վստահում». Լրագրող
12:21, August 20, 2013 | Նորություններ | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք, Իրավունքների չարաշահման արգելում | ՈստիկանությունՎարչական դատարանի Գյումրու նստավայրում այսօր շարունակվեց ԳԱԼԱ-ի լրատվական ծառայության մեքենայի վարորդ Արմեն Պետրոսյանի հայցի քննությունն ընդդեմ Ճանապարհային ոստիկանության: Դատական գործընթացը նախագահող դատավոր Էդիկ Նահապետյանի որոշմամբ՝ նիստը մի քանի անգամ հետաձգվեց, քանի որ պատասխանող կողմը ներկայացնող ՃՈ և ոչ մի ներկայացուցիչ չէր ներկայացել՝ չնայած դեռևս մեկուկես ամիս առաջ բոլորին պատշաճ կերպով ծանուցում ուղարկվել էր: Հիշեցնենք՝ նախորդ դատական նիստին հարցաքննվել էին ոստիկանության Գյումրու բաժնի ներկայացուցիչները, ովքեր իբր դեպքի օրը արձանագրել էին ԳԱԼԱ-ի վարորդի կատարած ճանապարհային երթևեկության խախտումը:
Ինչպես արդեն հայտնի է, մարտի 25-ի կեսօրին Գյումրու ՃՈ աշխատակիցները հանկարծակիներկայացել էին ԳԱԼԱ հեռուստաընկերության աշխատակից Արմեն Պետրոսյանիբնակարան և առանց ծանուցագրի կամ պատճառաբանության ասել, որ ներկայանալու է «Գայի»: Իսկ երբ վարորդը փորձել է հետաքրքրվել՝ ինչու՞, պահանջել է ծանուցագիր, բացատրություն, «օգնող» խմբեր են հրավիրել՝ պատճառաբանելով, որ նա չի ենթարկվում, դիմադրություն է ցույց տալիս ու մի քանի մեքենա են պահանջել՝ օգնության կարգով և փորձել «օղակ» օպերացիա իրականացնել: Նույն օրը Գյումրու Գարեգին Նժդեհի փողոցում ճանապարհային ոստիկանները քաշքշել էին ԳԱԼԱ-ի վարորդին և ստիպել նրան ներկայանալ Ճանապարհային ոստիկանություն, իսկ մեքենան բերման ենթարկել տուգանային հրապարակ:
Այս գործով նշանակված դատական նիստը դեռ չսկսված ավարտվեց, քանի որ դատարանը որոշեց առանց պատասխանող կողմի չշարունակել նիստը: Այնինչ, որպես վկա դատակոչված ինչպես ԳԱԼԱ հեռուստաընկերության, այնպես էլ Ճանապարհային ոստիկանության և ոստիկանության Գյումրու բաժնի բոլոր ներկայացուցիչները ներկայացել էին նիստին: «Մենք երկրորդ անգամ արդեն ներկայանում ենք որպես վկա դատական նիստին, բայց հարցաքննություն, որպես այդպիսին, տեղի չի ունենում: Այս անգամ կարող եմ ասել, որ այն անհարկի է, քանզի պատշաճ կերպով բոլորը ծանուցվել են ու պարտավոր էին ներկայանալ, ինչպես մենք: Թե ինչպես կարելի է հասկանալ սա, դժվար է ասել, քանի որ եթե, ինչպես իրենք են պնդում, Արմեն Պետրոսյանը խախտում է թույլ տվել, ապա պետք է շահագրգռված լինեին ներկայանալու և այդ ամենը դատարանում ապացուցեին»,- ասաց որպես վկա դատարան դատակոչված Galatv.am կայքէջի լրագրող Քրիստինա Մկրտչյանը:
Իսկ ԳԱԼԱ հեռուստաընկերության լրագրող, դեպքի ականատես Հերմինե Մկրտչյանի խոսքերով՝ այսօր ուղղակի ոստիկանությունը հավատ ու վստահություն չունի հասարակության շրջանում: Նա անդրադարձավ նախորդ դատական նիստի հարցաքննություններին և այդ առումով նշեց. «Ոստիկաններն ասել են, որ իրենք ընդամենը հրավիրել են մեր վարորդին իրենց պետի մոտ, այդպիսով պետք է նշեմ, որ մեր «հարգելի» ոստիկանները, կարելի է ասել, բավականին հեռու և կտրված են իրականությունից, քանի որ վիդեոտեսանկարահանման մեջ հստակ ուրվագծվում է, թե ինչպես են ոստիկանները քաշքշում և ստիպողաբար փորձում մեր վարորդին նստեցնել ոստիկանության մեքենան և պարտադրաբար տեղափոխել: Եթե Գյումրու ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանը վարչական ակտ կազմել է, ինչպես իրենք են նշում, ոստիկանության աշխատակիցների բանավոր խոսքերի հիման վրա, ապա ես չեմ հավատում և չեմ վստահում մեր «ռոմանտիկ» ոստիկանապետ Վովա Գասպարյանի ղեկավարած այն համակարգին, որի ներկայացուցիչները փորձում են ոսկերչական սրահ թալանել»:
Դատարանում ներկա ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները, ովքեր որպես վկա էին կանչվել դատարան, նշեցին, որ չունեն որևէ տեղեկություն այն մասին, թե պատասխանող կողմի ներկայացուցիչները ինչու և ինչ պատճառներով չեն ներկայացել դատական նիստին:
Տեղում պարզվեց նաև, որ մարտի 25-ի «օպերացիայի» գլխավոր կազմակերպիչ, ՃՈ դասակի նախկին հրամանատար Մարտին Սարգսյանը, ով քաշքշել էր ԳԱԼԱ-ի վարորդին, արդեն երկրորդ ամիսն է ազատված է աշխատանքից: Նրան ուղարկել են կադրերի ռեզերվ:
Այս մասին այլ նյութեր՝ http://www.aravot.am/2013/08/20/278084/
http://www.aravot.am/2013/08/20/277996/