«Ա1+»-ը սկսեց դատական գործընթացը
00:00, December 20, 2010 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք«Ա1+» հեռուստաընկերությունն արդեն երկու հայց է ներկայացրել Վարչական դատարան` վիճարկելու ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանի գործողությունները:
Բայց այսքանով հեռուստաընկերության ղեկավարությունը չի սահմանափակվում: Անձամբ Մեսրոպ Մովսեսյանն է դատական հայց ներկայացնելու ընդդեմ Ամալյանի, որը վիրավորել եւ ըստ էության կեղծարար է անվանել իրեն` անհիմն եւ առանց դատարանի որոշման:
Փարիզում գործող այն կազմակերպությունը` ֆրանսիական «SOS-CAMPING-SERVICE» ընկերությունը, որի բաժնետիրոջը եւ մասնավորապես Աննա Տանիելյանին, Ամալյանը համարել է մեռած հոգիներ, արդեն նամակով պատիվ են պահանջել Ամալյանից, իսկ ՀՌԱՀ-ից` հիմնավոր պատասխան, թե ինչու չեն վստահել իրենց հավաստագրին, համաձայն որի պարտավորվում են կատարել 280 հազար եվրոյի ներդրում:
Այսօր «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանը հայտարարեց, որ առկա ֆինանսական փաստաթղթերով, անգամ առանց երկու ընկերությունների խոստացած 120 հազար դոլար ներդրման, «Մելտեքս» ՍՊԸ-ն ապահովում էր մրցութային փաթեթի իրականացումը, մասնավորապես մրցութային փաթեթի տեխնիկական իրականացման համար անհրաժեշտ մոտ 680 հազար դոլարի փոխարեն «Ա1+» հեռուստաընկերությունը հիմնավորված ներկայացրել է 700 հազար դոլար ներդնելու վերաբերյալ փաստաթղթեր, որոնք կասկածի տակ դնելու որեւէ պատճառ չկա:
«Այսինքն, 120 հազար դոլարը որեւէ էական նշանակություն չուներ փաթեթում նշված ծրագրերի իրականացումն ապահովելու համար»,-նկատեց «Ֆորում» իրավունքի կենտրոնի ղեկավար Տիգրան Տեր-Եսայանը:
Իսկ «Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանը հայտարարեց, որ այն իբր կեղծ փաստաթղթով ներկայացած կազմակերպություններն իրենց աջակցությունը «Ա1+»-ին ցուցաբերելու պատրաստակամություն են հայտնել մրցույթից մի քանի օր առաջ եւ դեռ պետք է ճշտել, թե իրականում ինչ նպատակ են հետապնդել այդ ընկերությունները:
Տիգրան Տեր-Եսայանն էլ հավելեց. «Մենք փնտրում ենք` ում դատի տանք, դատվելու են կամ այդ ընկերությունների ղեկավարները, կամ ՀՌԱՀ-ը»:
Ի դեպ, մեջբերելով «Լիցենզավորման մասին օրենքը» Տիգրան Տեր-Եսայանը հայտարարեց, որ հայտնաբերելով փաթեթում կեղծ փաստաթղթեր` հանձնաժողովն ուղղակի պարտավոր էր կամ վերադարձնել փաթեթը, կամ պարզաբանումներ պահանջեր հայտատուից, կամ «Ա1+»-ին հաներ մրցույթից ընդհանրապես:
«Իրենց շոու էր պետք , արեցին այդ շուն, որի համար դեռ պատասխան են տալու: Եթե նախկինում մենք պայքարում էինք եթեր ունենալու համար, ապա այսօր Ամալյանը պատասխան է տալու իմ ու իմ բազմամյա գործընկերների բարի համբավն ու պատիվը արատավորելու, վիրավորելու համար»,-ասաց «Ա1+»-ի նախագահը:
Մեսրոպ Մովսեսյանը պարզաբանեց, որ «SOS-CAMPING-SERVICE»-ի հետ «Ա1+»-ը համագործակցում է 2003-ից, եւ գրեթե բոլոր մրցութային փաթեթներում եղել է նրանց հետ համագործակցության հավաստագիր:
Ի դեպ, Տիգրան Տեր-Եսայանը տեղեկացրեց նաեւ, որ իրենք պահանջել են «Արմնյուզի» մրցութային առաջարկի պատճենը, սակայն հանձնաժողովը հրաժարվել է այն ներկայացնել մինչեւ հունվարի 20-ը: Գրիգոր Ամալյանը պատճառաբանել էր, որ հանձնաժողովն աշխատում է փաստաթղթերի վրա: «Եթե արդեն ընկերությունը հաղթող է ճանաչվել, էլ ի՞նչ աշխատանք»,-զարմանում է Տեր-Եսայանը: Իսկ Մեսրոպ Մովսեսյանը նկատեց. «Մեզ թվում է դեռ առջեւում բավականին հետաքրքրիր զարգացումներ են սպասվում»: