«Բոլորս էլ մանկությունից ենք» միջոցառում-փառատոն նվիրված ՀՔԱ Վանաձորի գրասենյակի 15-ամյակին
14:51, September 16, 2013 | Նորություններ | Քաղաքացիական նախաձեռնությունների աջակցություն2013 թ. սեպտեմբերի 14-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Վանաձորի Սայաթ-Նովայի անվան քաղաքային այգում կազմակերպել էր «Բոլորս էլ մանկությունից ենք» խորագրով միջոցառում-փառատոն, որը նվիրված էր կազմակերպության 15-ամյակին:
Միջոցառման նպատակն էր վանաձորցիների համար կազմակերպել ուրախ ժամանց, նրանց մի քանի ժամով կտրել առօրյա խնդիրներից, երեխաներին նվիրել հաճելի պահեր, խթանել միմյանց և մարդու իրավունքների հանդեպ հարգանքը, մարդասիրական վերաբերմունքը:
Միջոցառմանը գործեց նաև բացօթյա թանգարանը, որի ժամանակ ցուցադրվեցին Վանաձորի գեղարվեստի դպրոցի սաների աշխատանքները, ՀՀ Լոռու մարզի Վանաձորի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N1 հատուկ (օժանդակ) դպրոցի սաների աշխատանքները, ինչպես նաև «Բռնագաղթ – փախստականները Հայաստանում» խորագրով ցուցահանդեսում ներկայացված լուսանկարները:
Փառատոնի ընթացքում կազմակերպվեցին տարատեսակ ժամանցային ծրագրեր, որոնք Վանաձորի Սայաթ-Նովայի անվան քաղաքային այգին մարդկանցով լեցուն պահեցին ժամը 14:00-ից մինչ 21:00-ն:
Միջոցառումը մեկնարկեց կավճանկարի մրցույթով: Այնուհետև օրը շարունակվեց թատերական ներկայացումով, որին ներգրավված էին Վանաձորի Երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատության և Օրրան ՀԿ-ի սաները: Այսպիսով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նպատակ ուներ ստեղծել երեխաների համար թատերական արվեստին առավել մոտ լինելու, ինչպես նաև նոր ծանոթություններ ստեղծելու հնարավորություն:
Թատերական ներկայացմանը երեխաները մասնագիտացված ռեժիսորի օգնությամբ պատրաստվել էին ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում և ներկայացրեցին բեմականացում «Ծուռ հայելիների թագավորությունը» հեքիաթի մոտիվներով:
Վանաձորցիները հնարավորություն ունեին վայելելու «Լիլեն» պարային համույթի կատարումները, որոնց դադարների ընթացքում արդեն իսկ փոքրիկ դերասանները իրենց ոգևորիչ կատարմամբ այգին վերածեցին պարահրապարակի:
Պարային համարներից հետո երեխաներին, և ինչու ոչ նաև մեծերին ուրախացրեցին իրենց սիրելի մուլտհերոսներ Մաշան և Արջը:
Ինչպես պարզվեց, ամենամեծ պահանջարկն ուներ «նկարներ դեմքի վրա» տաղավարը, որտեղ երեխաները ստանում էին փիսիկի, աղվեսի, թիթեռի և այլ հեքիաթային կերպարանքներ:
Վանաձորի երեխաներն ու դեռահասները միջոցառման ժամանակ նաև կարող էին իրենց ուժերը փորձել սպորտային և ինտելեկտուալ խաղերում: Բոլոր մրցույթների ժամանակ իրենց լավագույնս դրսևորած մասնակիցները պարգևատրվեցին մրցանակներով և շնորհակալագրերով:
Փառատոնի մասնակիցները նաև հնարավորություն ստացան առավել մոտիկից ծանոթանալ գրասենյակի աշխատանքի և հրապարակումների հետ:
Օրը ավարտվեց ռոք համերգով մասնակցությամբ The Crash, Lousnelius, Incoma, Vordan Karmir խմբերի:
Այս մասին այլ նյութեր՝ http://www.asparez.am/news-hy/bolors_el_mankutyunicenq-h/
Սեպտեմբերի 14-ը լուսանկարներով՝ https://www.facebook.com/media/set/?set=a.597113997002198.1073741828.192699910776944&type=1&l=8bf434ec19