«Գելափի» հետազոտությունը. «Սարսափի մթնոլո՞րտ», թե՞ «սադրանք»
00:00, June 16, 2008 | Նորություններ | Ընտրական իրավունք, Տեղեկատվության եւ խոսքի ազատությունԸստ հայտնի «Գելափ» հետազոտական կենտրոնի օրերս հրապարակած հարցման տվյալների` Հայաստանում բնակչության 70%-ը վախենում է բացահայտ արտահայտել սեփական քաղաքական հայացքները:
Հարցմանը մասնակցել է 15 և բարձր տարիքի մոտավորապես հազար քաղաքացի:
Շոշափվել են այնպիսի հարցեր, ինչպիսիքն են քաղաքական հայացքները բացահայտ արտահայտելը, ազատ խոսքը և այլն (՞3% ճշգրտությամբ):
Կազմակերպության փորձագետներն արձանագրում են, որ ի թիվս այլ հարցերի` Հայաստանում լուրջ խնդիր է համարվում քաղաքական գործիչների հանդեպ մարդկանց անվստահության հարցը:
«Ձեր կարծիքով` քանիսն է մեր երկրում վախենում իր քաղաքական հայացքները ազատորեն արտահայտել» հարցին եթե 2006 թվականին Հայաստանում հարցվածների մոտ 50%-ը պատասխանել է «մեծ մասը» կամ «շատերը», ապա 2007-ին «վախեցողների» թիվը ավելացել է առնվազն 20 տոկոսով` հասնելով 70-ի:
Հարցում, որն անցկացվել է նախկին խորհրդային հանրապետություններում, Հայաստանի կողքին, նման բարձր «վախի» ցուցանիշ գրանցվել է միայն Տաջիկստանում: Հայաստանին հետևում է Մոլդովան՝ ավելի քան 60 տոկոս ցուցանիշով:
Ադրբեջանում քաղաքական հայացքների մասին խուսափում է խոսել 60, Վրաստանում 55, իսկ Ռուսաստանում 40 տոկոսը:
«Նախկին խորհրդային 14 հանրապետություններից 10-ում իրենց քաղաքական հայացքների մասին բացահայտ խոսել վախեցող մարդկանց թիվը 2006-2007 թթ. էականորեն աճել է: Դրանցից 7 երկրներում նման կարծիք արտահայտող մարդիկ այժմ մեծամասնություն են կազմում»,- նշված է «Գելափի» հրապարակած զեկույցում:
«Վախի մթնոլորտը», որի շուրջ խոսակցություններն ու քննարկումները թեժացան հատկապես մարտիմեկյան արյունալի իրադարձություններից հետո, երբ ավելի քան հազար հոգի բերման ենթարկվեցին ոստիկանության բաժիններ, ընդդիմությունը հայտարարեց մի քանի տասնյակ քաղբանտարկյալների գոյության մասին, ըստ քաղաքական վերլուծաբանների, նոր չէ մեր իրականության մեջ:
«Բնականաբար վախի մթնոլորտը խորացել է, հատկապես այս տարի` նախագահական ընտրությունների նախընտրական և հետընտրական շրջանում,- ասում է քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանը: – Մարդիկ տեսնում են` կարող են երթի մասնակցելու համար անհիմն ձերբակալվել ու հալածվել, ընդդիմադիր հայտնի գործիչների մի մասը ձերբակալված է, ոմանք ընդհատակում են: Մի՞թե այս ամենը բավարար չէ վախի մթնոլորտի համար: Չնայած սրան` մարդկանց զայրույթն այնքան մեծ է, որ նրանք հաղթահարում են այդ զգացումը, ի տարբերություն, օրինակ, անցյալ տարվա»:
Իշխանական ՀՀԿ պատգամավոր Էդուարդ Շարմազանովն ասում է, թե չի վստահում նմանօրինակ հետազոտությունների արդյունքներին: Նա նշում է, որ մարտիմեկյան իրադարձություններից հետո Հայաստանում միգուցե գոյություն ունի «արդարության և վստահության դեֆիցիտ», սակայն պնդում է, թե վախի մթնոլորտի մասին խոսք լինել չի կարող:
«Եթե մեկն այսօր շրջի հանրապետությունով մեկ, արդյո՞ք նրա մոտ կառաջանա կարծիք, թե մարդիկ վախենում են իրենց քաղաքական տեսակետն արտահայտել: Իհարկե ոչ,- ասում է նա: – Միտինգները, երթերը, քաղաքական զբոսանքները վկայում են, որ մարդիկ ազատ են: Բավական է գնալ Հյուսիսայի պողոտա և տեսնել, թե ինչպես են մարդիկ իրենց տեսակետն արտահայտում»:
Մարտի կեսին ԱԺ կողմից հապճեպ օրենսդրական փոփոխություններ կատարվեցին, որոնք իշխանություններին հնարավորություն տվեցին իրենց կամքի համաձայն սահմանափակելու հանրահավաքների և երթերի անցկացումը: Այդ ժամանակից Հյուսիսային պողոտան ընդդիմության համար դարձավ «Ժողովրդական զբոսանքների» վայր:
Չնայած սրան, նույնիսկ զբոսանքների ժամանակ արձանագրվեցին բազմաթիվ դեպքեր, երբ մարդկանց բերման էին ենթարկում ոստիկանության բաժիններ:
Հայաստանի Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տնօրեն Արթուր Սաքունցն ասում է, որ «Գելափի» հարցման արդյունքները զարմանալի չեն:
«Այն, որ մարդիկ Հայաստանում կարող են հետապնդվել քաղաքական հայացքների համար, իհարկե, նորություն չէ, սակայն այս ամենի հետ մեկտեղ ուզում եմ նշել, որ շարունակական ճնշումների արդյունքում վերջին ժամանակներում մարդիկ առավել համարձակ են դարձել և հաղթահարում են վախը»,- ասում է Արթուր Սաքունցը:
Սոցիոլոգ, «Սոցիոմետր» կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը պնդում է, որ Գելափի ցուցանիշները հեռու են իրականությունից:
«Հետընտրական գործընթացները չէին կարող ազդեցություն չունենալ վախի մթնոլորտի ձևավորման վրա,- «ԱրմենիաՆուին» ասում է Ադիբեկյանը: -Սակայն, «Գելափի» հարցերը հիմնականում կոռեկտ չեն և հաշվարկված չեն մեր երկրի համար: Մենք կարծում ենք` նրանց տվյալները չի կարելի վստահել: Դա ոչ թե հարցում է, այլ սադրանքի նման մի բան»:
Աղբյուրը՝ www.armenianow.com
Մարիաննա Գրիգորյան
«ԱրմենիաՆաուի» թղթակից